Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» խումբը չի միացել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անցկացրած նստացույցին ու երթին (Տեսանյութ)

Հուլիս 27,2015 17:49

Այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամներ Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Լեւոնյանը՝ պարզաբանելու իրենց հետագա անելիքները:

Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ այսօրվանից սկսելու են քաղաքացիական քայլեր: Դրանից մեկն այն է, որ ժամը 18.00-ին Երեւանում Հանրապետության հրապարակում կմեկնարկի նստացույցը, իսկ մյուսը երթն է, որը կմեկնարկի Վանաձոր քաղաքի Արցախ պուրակից: Նա տեղեկացրեց, որ բողոքի ակցիաները սկսվելու են այսօրվանից ու տեւելու են առնվազն մինչեւ օգոստոսի 3-ը: Վաղը երթին կմիանա նաեւ Գյումրին: Ըստ բանախոսի, երթի նպատակն է իրազեկել վանաձորցիներին, գյումրեցիներին, թալինցիներին ու աշխատարակցիներին քաղաքացիական պայքարի նպատակների, միջոցների մասին: Երթի մասնակիցները հուլիսի 30-ին հասնելու են Երեւան եւ միանալու են մայրաքաղաքում ընթացող բողոքի ակցիաներին: Երթը լինելու է ավտոմեքենաներով ու ոտքով, ոտքով՝ բնակավայրերի տարածքում, ավտոմեքենաներով բնակավայրից դուրս:

«Երթը սկսվելու է Վանաձորից, հուլիսի 27-ին, ժամը 17-ից: Երթի մասնակիցները Արցախի պուրակից ոտքով անցնելու են քաղաքը, դուրս են գալու քաղաքից 1-2 կիլոմետր հեռավորության վրա ու մեքենաներով ուղեւորվելու են դեպի Գյումրի: Վանաձոր-Գյումրի ճանապարհին որեւէ հարմար վայրում կանգառ են առնելու սնվելու, գիշերելու համար: Հուլիսի 28-ից երթը շարունակվելու է դեպի Գյումրի, քաղաքի մոտակայքում շարունակվում է ոտքով՝ այն հաշվարկով, որ հնարավոր լինի անցնել քաղաքը ժամը 17-19-ը ընկած հատվածում», ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Այսպես Գյումրիից շարունակելու են երթը դեպի Թալին, այնուհետ Աշտարակ: Բանախոսը նշեց, որ ոստիկանությանը իրազեկված է երթի մասին:

«Եթե տեղյակ եք՝ նախագահի, տեքստը կարդալուց հետո, վաղը լրանում է մեկ ամիսը, եւ այդ մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի, կառավարության եւ ընդհանրապես իշխանավորների կողմից որեւիցե պարզաբանում չի տրվել՝ կոնկրետ ինչ քայլեր են արվելու կապված կարդացած տեքստի մեջ գրված թեմայի շուրջ: Այսինքն` իրենք ասել էին, որ ստեղծում են հայ-ռուսական միջպետական հանձնաժողով, որը զբաղվելու է ՀԷՑ-ի հետ կապված ուսումնասիրություններով: Իրենց դա հետաքրքրում էր, այսպես ասած, գոնե շահութահարկի հարցով, ինչպես ներկայացրել էր Սերժ Սարգսյանը: Ասեմ, որ դրա հետ կապված որեւիցե տեղեկություն չկա, որեւէ փաստ հնչեցված չէ կառավարության եւ Սերժ Սարգսյանի կողմից, թե ե՞րբ են սկսելու, ինչպե՞ս են սկսելու:

Երկրորդը՝ իրենց հնչեցած այն փաստը, որ ներգրավելու են խորհրդատվական ընկերություն, որը կանի աուդիտ, դրա մասին որեւիցե փաստ չկա, թե ե՞րբ են սկսելու, ե՞րբ են ավարտելու: Չկա ինֆորմացիա, թե ո՞ր ընկերությունն է անելու աուդիտը, չկա ինֆորմացիա այդ աուդիտի ծառայության մատուցման գումարները որտեղի՞ց են տալու: Մենք համարում ենք, որ սա լուրջ հարց է, որի պատասխանները մինչեւ օրս չեն տրվել:

Երրորդ՝ իրենք հնչեցրեցին տարբերակ, որ ամսի 1-ից, քանի որ ուժի մեջ է մտնում սակագնի բարձրացումը, իրենք սուբիսիդավորելու են այդ 7 դրամը մինչեւ աուդիտի ավարտը: Հիմա մեզ համար դեռ պարզ չէ, քանի որ ոչ մի հստակ որոշում, դեռ ոչ մի հայտարարություն չի արվել, թե կոնկրետ ո՞ր աղբյուրներից են դա ֆինանսավորելու: Սա լուրջ հարց է, որ պիտի հասկանանք: Այսինքն եթե դա բյուջեից է, դա մեր նույն մի գրպանից մյուս գրպանի խնդիրն է:

Մենք բացարձակ ոչ մի ինֆորմացիա չունենք, եւ իրենք ոչ մի ձեւ չեն հրապարակել, չեն հաստատել այս հարցերից որեւիցե մեկը: Այս խնդիրները մենք բարձրացնելու ենք երթի ընթացքում, նստացույցի ժամանակ Երեւանում: Եվ ընդհանուր մեր խնդիրը մնում է նույնը, մեր նպատակն է, որ չեղարկվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Մենք չենք ընդունում որեւիցե կասեցում, որեւիցե ելեւէջային մեկնաբանություն»,- ասաց բանախոսը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե միանալո՞ւ են իրենց «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամները: Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ 4-5 օր առաջ հանդիպել են «Ոչ թալանին» խմբի ներկայացուցիչների հետ, առաջարկել են միանալ ու ընդհանուր հարթակ ստեղծել: «Երկար զրուցելուց հետո «Ոչ թալանն» ասաց, որ հաջորդ օրը մեզ կտա պատասխան, միանո՞ւմ է, թե՝ոչ, հաջորդ օրը մեզ չտվեցին պատասխան: Դրանից հետո եւս մեկ օր անցավ, իրենք զանգի միջոցով մեզ ասացին, որ իրենք չեն մասնակցում, նպատակահարմար չեն գտնում մասնակցելու մեր ակցիաներին, բայց այս ընթացքում միգուցե մի օր որոշեն միանալ, ինչ-որ առաջարկով գան ու փորձեն համագործակցել: Մենք ողջունում ենք իրենց կարծիքը, որեւէ խնդիր չենք տեսնում, երբ որ կմիանան, արդեն կերեւա: Այս պահին իրենք հրաժարվել են մեր հետ միանալ, մենք առաջարկել ենք միասնական անել երթ, իրենք հրաժարվել են:

Ասեմ, որ բացի «Ոչ թալանը» մենք ամբողջ ընթացքում քննարկումներ են ունեցել տարբեր կուսակցությունների՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Բոլորին ներկայացրել ենք մեր մոտեցումները, հիմնականում ասեմ, որ մեծ մասի մոտ եղել է ողջունելի մոտեցում, այսինքն` մարդիկ, որոնք կուսակցական են, կաշկանդված չեն լինի մասնակցելու: Հիմնականում բոլոր ընդդիմադիր կուսակցությունները դա ֆիքսել են մեր հետ հանդիպումների ժամանակ: Այսինքն այս պահին, որ ինչ-որ մեկը կատեգորիկ հրաժարվել է մեր հետ երթ սկսելուց՝ դա «Ոչ թալանին» է»:

Դավիթ Հովհաննիսյանը վստահ է, որ բողոքի ակցիաները կկրեն մասշտաբային բնույթ, քանի որ հարցն առնչվում է հայաստանաբնակ ցանկացած մարդու ու տնտեսվարող սուբյեկտի, իսկ հոսանքի թանկացումը 4-6 տոկոսով գնաճի է հանգեցնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031