Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար «սպիտակ» աշխատավարձի դեմ

Հունիս 11,2016 10:00
ashxatavarz

Երբ մի քանի տարի առաջ կառավարությունն առաջ քաշեց պարտադիր կուտակային թոշակի գաղափարը, դրա դեմ դուրս եկան առաջին հերթին IT ոլորտում աշխատող երիտասարդները: Ինչո՞ւ հենց նրանք: Որովհետեւ այդ ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է արտասահմանյան կապիտալով, բիզնեսի բարձր մշակույթով, որտեղ բացառված է «սեւ նալը», եւ որտեղ ամբողջ աշխատավարձը «սպիտակ» է: Եվ եթե ծրագրավորողը ստանում է, ենթադրենք, 1 միլիոն դրամ «սպիտակ», օրինականորեն հարկվող աշխատավարձ, նա, բնականաբար, կհուզվի, երբ բացի հարկերից՝ իրենից բռնագանձեն եւս 25 հազար դրամ:

Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալը հանցագործություն չի, շքեղություն չի, եւ եթե մարդը մուծում է օրենքով պահանջվող եկամտային հարկը, նա կարող է գլուխը բարձր քայլել ու առանց ամաչելու նայել իր համաքաղաքացիների աչքերին: Որքան շատ լինեն այդպիսի մարդիկ, այնքան լավ պետության համար: Բայց կառավարությունը որոշել է ազնվության համար պատժել այդ աշխատակիցներին եւ նրանց գործատուներին եւ լավագույն դեպքում մղել նրանց ստվերային դաշտ, իսկ վատագույն դեպքում՝ ասպարեզում թողնել միայն փնթի, ոչ քաղաքակիրթ եւ զուտ ստվերային բիզնեսները: Այդպիսին է առաջարկվող Հարկային նոր օրենսգրքի տրամաբանությունը: Ազնիվ, բարեխիղճ հարկատուներին պատժելը եւ եկամուտները ծածկողներին, այսինքն՝ թոշակառուներից, ուսուցիչներից, բժիշկներից, բանակից գողացողներին խրախուսելը, չգիտես ինչու, կոչվում է «սոցիալական արդարություն» եւ «աջակցություն միջին խավին»:

Իրականում դա ուղիղ ճանապարհ է միջին խավը չքավոր խավ դարձնելու ճանապարհին: Եթե մարդը ստանում է ամիսը մեկ, թեկուզ երկու կամ երեք միլիոն դրամ աշխատավարձ եւ մուծում է հարկերը, նա, միեւնույն է՝ կմնա միջին խավ: Այո, նա չի ամաչի աշխատանքից տուն գալ, ընտանիքը կուշտ եւ հագնված կլինի, բայց որեւէ «ավելորդություն» նա իրեն, միեւնույն է, չի կարողանա թույլ տալ: Իսկ «բարձր խավը» Հայաստանում այն մի քանի տասնյակ ընտանիքներն են, որոնք ստանում են ամիսը հարյուր հազարավոր դոլար եկամուտ, բայց մուծում են նույնքան հարկեր, որքան մուծում են միջին եւ չքավոր խավի ներկայացուցիչները: Եթե կառավարությունն իսկապես ուզում է բարելավել մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց նյութական վիճակը, ապա նա պիտի ոչ թե փորձի գումարներ խլել բարեխիղճ հարկատուներից, այլ կազմակերպի վերոհիշյալ մի քանի տասնյակ ընտանիքներից նորմալ, օրինական հարկահանություն, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Թե՞ ոմանց ձեռնտու է, որ բոլոր գործարարները ներգրավված լինեն «սեւ» կամ «գորշ» սխեմաների մեջ: Այդպես ավելի՞ վերահսկելի են:

…1917 թվականին բոլշեւիկյան հեղաշրջման ժամանակ դեկաբրիստի ազնվական թոռը հարցնում է իր որդուն՝ ի՞նչ են ուզում փողոցներում խժդժություններ կազմակերպող բոլշեւիկները: «Նրանք ուզում են, որ մեր երկրում հարուստներ չլինեն»,- պատասխանում է տղան: «Տարօրինակ է,- տարակուսում է ազնվականը,- իսկ պապս ուզում էր, որ չլինեն աղքատներ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Բայց Դուք էլ նենց ոչինչ բողոքող եք, պարոն Աբրահամյան: Շատ ճիշտ եք գրել, բայց, ցավոք, ինչպես միշտ, լսող չկա:

  2. Հ.Շ. says:

    Հայաստանում իրոք հակասութիւն մը կայ՝ դրամատիրութեան (կապիտալիզմ) ամենավայրենիի ըմբռնողութիւնը կիրառելու, միաժամանակ ընկերվարական չափանիշներով հարկային դրութեամբ: (Երկու պարագաներին ալ՝ գործադրումի կամայականութեան խնդիրը տարբեր նիւթ է: )

    Անտրամաբանական հարկերը նաեւ խոչընդոտում եմ ներածման եւ արտահանման հնարաւորութիւններին, առանց որոնց կը ճահճանայ երկրի մը տնտեսութիւնը: Այս մարզին մէջ, նամանաւանդ արտահանման պարագային, ոլիգարխները իսկ ջանք չեն թափում – իրենց արտակարգ առանձնաշնորհումների միջոցաւ – շահագործելու դրութիւնը: Հետեւանք՝ աշխարհը ողողուած է Հայաստանից շատ աւելի խեղճ եւ անկարգ երկիրների անորակ ապրանքներով, եւ զրկված՝ Հայաստանի իւրայատուկ եւ աւելի որակաւոր արտադրանքներից:

  3. Atshak says:

    Հարգելիս, ես ինքս տարիներ շարունակ գտնվելով Երևանում, օֆֆշոր կերպով աշխատել եմ արևմտյան ֆիրմայում որպես ծրագրավորող ու ինձ վճարել են միմիայն քյաշ – “սև նալ”, ու ինչքան էլ ցանկացել եմ ու պայքարել դրա համար, ոչ մի չեն համաձայնել վճարել գոնե մինիմալ հարկեր ու գրանցել ֆիրման:

    • Հ.Շ. says:

      խմբագիրը պաշտպանի բնաւ կարիքը չունի,
      սակայն ես ալ երեւի “déformation professionnelle” ունիմ,
      ուրեմն թոյլ տուր որ քո ուշադրութեան յանձնեմ խմբագրականի պատկան նախադասութեան մէջ՝ «մեծ մասն» բառերը…

      Թէ ոչ, ես ալ քո նման հակազդելու էի:

      Քո փորձառութիւնե վերաբերում է ուրեմն – համեմատաբար – «փոքր մասին»…

      Եւ հենց այստեղ է հիմնական խնդիրը՝ Հայաստանում ոչ մի ծուռ կամ սխալ բան չկայ, ոչ մի, որ նաեւ առկա չլինի Արեւմուտքում: Սակայն ոչ – համեմատական – նոյն չափերով:

      Նաեւ, արդար լինելու համար, երբեմն արեւմտեան ընկրութիւն մը հարկադրված է «յարմարելու» տեղւոյն բարքերին… Որպէսզի կարենայ գոյատեվել:

      • Հ.Շ. says:

        ասի ըսած,
        այո, ըստ էութեան՝ խնդիրը այն է թէ Հայաստանը կարելին չէ տեւաբար բաղդատել Արեւմուտքի հետ

        նոյն աշխարհները չեն,
        եւ չեն լինելու

        ասիկ եթէ չընդունինք,
        մնալու ենք տեւաբար դժգոհ եւ տխուր

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930