Մենաշնորհային շահույթները Հայաստանի ցորենի և ալյուրի շուկաներում. Policy Forum Armenia

Մենաշնորհային շահույթները Հայաստանի ցորենի և ալյուրի շուկաներում. Policy Forum Armenia

pfarmenia.wordpress.com. Համառոտագիր․ Համեստ հաշվարկները ցույց են տալիս, որ ընկերությունները, որոնք զբաղվում են ցորենի ներկրմամբ, վաճառում են ալյուրը կրկնապատիկ ավելի գնով, քան արժե ցորեն գնելը, ներմուծելը՝ ներառյալ տրանսպորտային ծախսերը, ալյուր ստանալը և այն մանրածախ խանութներում վաճառելը: Միայն 2014-ին երկու մենաշնորհային դիրք գրավող ընկերություններ ցորենի ներկրումից գրպանել են մոտ 110 մլն դոլար: Այդ մենաշնորհային բացառիկ շահույթը, որ նաև գանձվում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող անձանցից և կազմում նրանց բյուջեի 10 տոկոսից ավելին, ամենայն հավանականությամբ, տարիների ընթացքում նշանակալիորեն նպաստել է Հայաստանում աղքատության աճին:

Ներածություն

Հացը և հացամթերքը կազմում են հայ ընտանիքի պարենային զամբյուղի ծախսերի ավելի քան մեկ երրորդը (ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայություն, 2012 թ.): Քանի որ Հայաստանում սպառվող ցորենի ավելի քան երկու-երրորդը ներմուծվում է, հացի գները մեծապես կախված են ցորենի ներմուծման շուկայի կառուցվածքից:

Հայաստանում ցորենի շուկան աչքի է ընկնում բարձր կենտրոնացվածությամբ (ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողով (ՏՄՊՊՀ, 2011)): Երկու ընկերություններ՝ Ալեքս Գրիգը և Մանանա Գրեյնը, վերահսկում են շուկայի գրեթե 88 տոկոսը։ Այդ ընկերությունները ոչ միայն վերահսկում են ցորենի ներմուծումը, այլև ներմուծվող ցորենից ալյուրի արտադրությունը՝ այդպիսով նաև վերահսկելով ալյուրի շուկան: Նրանք էական դեր են խաղում հայկական շուկայում ցորենի և ցորենի ալյուրի գնանշման գործում:

Հետաքրքիր է նշել, որ բացի ցորենի և ալյուրի շուկաներից, Ալեքս Գրիգը վերահսկող դեր է կատարում (33-100 տոկոս մասնաբաժնով) նաև հետևյալ ապրանքատեսակների շուկաներում`շաքար, սպիրտ, կարագ, արևածաղկի ձեթ, բրինձ, մանկական հյութեր, մանկական խյուսեր, կրծքի կաթին փոխարինող մանկական սնունդ։

Samvel_Aleqsanyan_2

Ցորենի և ալյուրի տեղական և միջազգային գների համեմատական վերլուծություն

Վերլուծություններում օգտագործվող ցորենի միջազգային գները հիմնված են ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Համաշխարհային Կազմակերպության՝ FAO GIEWS –ի տրամադրած տվյալների վրա, իսկ հայկական շուկայում ցորենի ալյուրի տեղական գները ներկայացված են ըստ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկատվության: Հայաստանի շուկայի պարագայում օգտագործվում է ցորենի ալյուրի գինը, ոչ թե ցորենի գինը, քանի որ ներկրվող ցորենի մեծ մասը չի հասնում մեծածախ շուկա, այլ մանրեցվում է նույն ներկրող ընկերությունների կողմից և մտնում շուկա որպես ցորենի ալյուր։ Այնպես որ հայկական շուկայի ցորենի գների հիման վրա վերլուծությունն անտեղի է այստեղ: Համեմատական վերլուծությունն իրականացնելու համար որպես միջազգային գնային ցուցիչներ օգտագործվում են ԱՄՆ-ի՝ [Մեքսիկական] ծոցի և Սև ծովի արտահանման ցորենի գները[1]: Գծապատկեր 1-ում համեմատվում են հայկական և միջազգային ցորենի ալյուրի և հացի գների տատանումները 2005-2015թթ-ի ընթացքում:

gcapatker-1Ընդհանուր առմամբ տեղական գների տատանումները համապատասխանում են միջազգային գների տատանումներին։ Սակայն երկու կարևոր նկատառում կարելի է կատարել այս առումով․

• Հայկական շուկաներում գներն արձագանքում են միջազգային գներին զգալի հետաձգումներով. Ինչպես ցույց է տրված Գծապատկեր 1-ում, միջազգային ցորենի գները զգալի աճ են ապրել 2012 թ-ի հուլիսին (Միացյալ Նահանգների և Արևելյան Եվրոպայի անբարենպաստ եղանակի հետևանքով): Միջազգային գների այս կտրուկ աճն անմիջապես արտացոլվել է հայկական շուկայում, որտեղ ցորենի ալյուրի գինը սկսել է բարձրանալ 2012 թ-ի օգոստոսից։ Սկսած 2012 թ-ի դեկտեմբերից միջազգային գները դանդաղել են աճել և աստիճանաբար սկսել են իջնել: Սակայն Հայաստանում գները չեն հետևել այդ միտմանը, այլ շարունակել են աճել մինչև 2014 թ-ի հոկտեմբերը, երբ միջազգային գներն արդեն հասցրել էին ընկնել վերջին երկու տարիների իրենց ամենացածր մակարդակին: Եվ երբ միջազգային գներն իրենց ամենացածր մակարդակի վրա էին 2014թ-ի հոկտեմբերին, Հայաստանում արձանագրվել է ալյուրի ամենաբարձր գինը։ 2012թ-ի դեկտեմբերից մինչև 2014թ-ի հոկտեմբերը միջազգային շուկայում ցորենի գները նվազել են 20 տոկոսով, մինչդեռ հայկական ցորենի ալյուրի գներն աճել են 10 տոկոսով: 2014 թ-ի նոյեմբերից Հայաստանում ալյուրի գները վերջապես սկսել են նվազել՝ հետևելով միջազգային գների ավելի կտրուկ անկմանը: 2014 թ-ի հոկտեմբերից մինչև 2015 թ-ի օգոստոսը միջազգային շուկայում ցորենի գները ընկել են 25 տոկոսով, իսկ Հայաստանում գները նվազել են միայն 15 տոկոսով:

• Հայաստանյան շուկայի ներմուծողների մենաշնորհային ազդեցությունն աճել է վերջին տարիների ընթացքում. Հայաստանում ցորենի ալյուրի գների վրադիրը (наценка) միջազգային գների համեմատ զգալիորեն աճել է 2012 թ-ի ամռանից և բարձրակետին է հասել 2008-09թթ-ին դիտարկված ճգնաժամի ընթացքում։ Գծապատկեր 2-ը ներկայացնում է միջազգային գների համեմատ Հայաստանում ցորենի ալյուրի գների վրադիրը (markup)՝ տոկոսային հարաբերությամբ։

gcapatker-2

Ալյուրի և հացի գները Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում

Այս վերլուծության տվյալները ներկայացված են ԱՊՀ երկրների ազգային վիճակագրական գործակալությունների տրամադրած տեղեկությունների հիման վրա (առկա է FAO-ի տեղեկատվական բազայում): Քանի որ տարբեր երկրների պարագայում հասանելի չեն նույն կատեգորիաների տվյալներ, ամեն մի կարգի ցորենի ալյուրի և հացի կատեգորիայում համեմատվում են տարբեր երկրներ:

Գծապատկեր 3-ը համեմատում է ցորենի ալյուրի գները Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Չնայած սպառողական գնողունակության զգալի տարբերությանը, մանրածախ գները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանում և Ուկրաինայում (Հայաստանի գները գերազանցում են Ուկրաինական գները մոտ 3 անգամ):

gcapatker-3

Գծապատկեր 4-ը համեմատում է հացի գները Հայաստանում, Ադրբեջանում և Տաջիկստանում․ բոլորը ցորեն և ցորենի ալյուր ներկրող երկրներ են: Գծապատկեր 4-ից հստակ կարելի է տեսնել, որ հացի գները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան Ադրբեջանում և Տաջիկստանում (Ադրբեջանի համեմատությամբ՝ գրեթե երկու անգամ): Այս արդյունքները համահունչ են Համաշխարհային բանկի վերջերս լույս տեսած զեկույցում տեղ գտած վերլուծությունների հետ, որոնք ցույց են տալիս, որ հացի գինը Հայաստանում 36 տոկոսով բարձր է ԱՊՀ երկրների միջին գներից (տես՝ Համաշխարհային բանկ, 2013):

gcapatker 4

Վրադիրի տոկոսը և շահույթները Հայաստանյան ալյուրի շուկայում

Այս բաժնի նպատակն է գնահատել մենաշնորհային ներմուծող ընկերությունների կողմից գանձվող վրադիրները / շահույթները: Հաշվարկները կատարված են հետևյալ ենթադրությունների և տեղեկատվության հիման վրա․
• Ինչպես նախկինում, Սևծովյան արտահանման գներն են դիտարկվում որպես ցորենի ներմուծման գին,
• Մեկ 40-ֆուտանոց կոնտեյների տեղափոխումը երկաթգծով Փոթիից Երևան արժե 402,5 դոլար [2] և կարող է տանել 21.6 տոննա ցորեն[3], ուստի մեկ տոննա ցորենի տեղափոխման տրանսպորտային արժեքը կազմում է 15 դոլար:
• Ներկրվող ցորենից մաքսատուրք չի գանձվում (ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդված), սակայն առկա է ԱԱՀ վճարման պահանջ (20 տոկոս)։ Հարկային բազա է համարվում ապրանքի մաքսային արժեքը, գումարած ներկրման տուրքերը և մաքսատուրքերը, որ գանձվում են ներմուծման ժամանակ (ցորենի ներկրման դեպքում նման տուրքեր չեն գանձվում):

• Ցորենի ալյուրի ստացման հաշվարկները ելնում են Օպերատիվ Աղացպանների Միջազգային Ասոցիացիայի (International Association of Operative Millers) նշած հաշվարկների հիման վրա, ըստ որի 1 տոննա ցորեն աղալուց ստացվում է մոտավորապես 0.55 տոննա բարձր կարգի ալյուր և 0.41 տոննա առաջին կարգի ալյուր, մնացածը՝ թեփ։
• Ցորենն աղալու և ալյուրի ստացման ծախսերի հաշվարկը հիմնված են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) Ագրոբիզնեսի ձեռնարկի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, ըստ որի ալյուրի ընդհանուր արժեքի մոտավորապես 81 տոկոսը կազմում է ցորենի արժեքը, 6.5 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի արժեքը, 4 տոկոսը՝ աշխատուժը, և մնացած 8.5 տոկոսը փակում են մնացած ծախսերը: Այսպիսով, ցորենի աղացման ընդհանուր ծախսերը կազմում են ցորենի արժեքի մոտավորապես մեկ-քառորդը։
• Ենթադրվում է, որ մանրածախ վաճառքի ծախսերը կազմում են ալյուրի մանրածախ արժեքի 5 տոկոսը։

Աղյուսակ 1-ը ներկայացնում է 2014թ-ի ընթացքում Հայաստանում ցորենի ներմուծումից և ալյուրի շուկայում ստացված շահույթների գնահատումը․

Աղյուսակ 1. Ցորենի և ցորենի ալյուրի շուկայում մենաշնորհային վրադիրի հաշվարկը
Aghyusak-1

Վերը նշված հաշվարկները ցույց են տալիս, որ ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերությունները ալյուրի վաճառքից գանձում են 93 տոկոսով ավելի բարձր գին, քան արժե ցորեն գնելը, ներմուծելը՝ ներառյալ տրանսպորտային ծախսերն ու հարկերը և ալյուր ստանալը։ Այսինքն՝ ալյուրը հայաստանյան շուկայում վաճառվում է ծախսերից գրեթե կրկնակի թանկ գնով։

Կախված ծրագրի ցիկլից (այսինքն, այն ժամանակահատվածից, որ ընկած է արտերկրում ցորենը գնելու և Հայաստանում մանրածախ վաճառքի համար վճարվելու միջև), այս վրադիրը կարող է տարեկան մի քանի հարյուր տոկոս օգուտի վերածվել՝ ներմուծողներին երաշխավորելով չտեսնված գերշահույթներ։ Մեր գնահատմամբ, միայն 2014-ի ընթացքում մենաշնորհային դիրք գրավող երկու ընկերությունները ցորենի ներկրումից գրպանել են շուրջ 110 մլն դոլար (կամ գրեթե 50 մլրդ դրամ)[4], որի մեջ ներառված չեն ծախսերը։

Սա նշանակում է լրացուցիչ ծախսեր Հայաստանի սպառողների վրա՝ 2000 – 2500 ՀՀ դրամ մեկ անձի համար մեկ ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով երկրում առկա բնակչության թիվը, ինչը զգալիորեն նպաստել է Հայաստանում աղքատության խորացմանը, որտեղ ծայրահեղ աղքատության նշաձողը գնահատվում է ամսական 23 384 դրամ մեկ չափահասի համար[5]։

Փաստացի վրադիրը ամենայն հավանականությամբ շատ ավելի բարձր է, քան վերոհիշյալ հաշվարկների արձանագրած վերադիրը, հետևյալ պատճառներով.

• Քիչ հավանական է, որ մենաշնորհատերերը հարկերն ամբողջությամբ են վճարում,

• Նրանք շահագրգռված չեն հետևելու որակի չափանիշներին (և դրանց կիրարկմանը) Հայաստանում են և, ըստ ամենայնի, ձեռք են բերում էժան հացահատիկ[6],

• Հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը և հաճախականությունը՝ ամենայն հավանականությամբ նրանք վճարում են շատ ավելի քիչ, քան հաշվարկներում ներկայացված փոխադրումների միջին արժեքը։

Վերջապես, փաստացի մենաշնորհային շահույթը կարող է շատ ավելի բարձր լինել, քան վերը նշված հաշվարկներում, քանի որ, ի լրումն վերը նշված պատճառների, ներկրողներն ամենայն հավանականությամբ չեն հրապարակում ներմուծվող հացահատիկի ամբողջ ծավալը (այսինքն՝ շատ ավելին են ներկրում, քան ներկայացնում են)՝ հարկերի վճարումից խուսափելու նպատակով:

 

Օգտագործված գրականություն

Food and Agriculture Organization of the United Nations, 2009. “Agribusiness Handbook: Wheat Flour.” Available from FAO reports.

Food and Agriculture Organization of the United Nations, 2012. “Monthly Food Price Indices 01/01/2005 to 01/11/2015.” Available from FAO database.

Food and Agriculture Organization, Global Information and Early Warning System, 2013. “Prices on Wheat and Wheat Flour for Armenia, Black Sea and the US Gulf.” Available from GIEWS Data database.

National Statistical Service of Armenia, 2012. “National Food Balance of the Republic of Armenia.” Available from NSS database.

State Commission for the Protection of Economic Competition of Republic of Armenia, 2011. “Annual Program of Activities.” Available from SCPEC website.

World Bank, 2012. “Republic of Armenia: Accumulation, Competition, and Connectivity,” available here.

 

[1] Քանի որ Հայաստան ցորեն ներմուծվում է հիմնականում Ռուսաստանից եւ Սևծովյան տարածաշրջանի այլ երկրներից, Սևծովյան արտահանման գներն ավելի էական են Հայաստանի համար: Սակայն ԱՄՆ (Մեքսիկական) ծոցի եւ Սեւ ծովի գները ընդհանուր առմամբ համեմետական են:

 
[2] Հարավկովկասյան երկաթուղին 40 ֆուտանոց բեռնված կոնտեյներ տեղափոխելիս համար գանձում է 0.78 դոլար 1 կիլոմետրի համար: Փոթի-Երևան հեռավորությունը կազմում է 516 կմ, այդպիսով 40 ֆուտանոց կոնտեյների փոխադրումն արժե 402,5 դոլար։
[3] Ցորենի միջին խտությունը կազմում է 0.750 տոննա / մ3, մեկ 40 ֆուտանոց կոնտեյները կազմում է 67.2 մ3, այդպիսով, կարող է պարունակել 50.4 տոննա ցորեն: Սակայն, քանի որ ցամաքային փոխադրման առավելագույն քաշը չպիտի գերազանցի 26,5 տոննան, դա նշանակում է, որ հենց այդքան ցորեն էլ տեղափոխվում է մեկ կոնտեյներով։
[4] 332 հազար տոննա 372 դոլար մեկ տոննայից, բազմապատկած երկու ընկերությունների մասնաբաժինը շուկայում՝ 88 տոկոս:
[5] Հրապարակել է Համաշխարհային Բանկը՝ հիմնվելով ԱԱԾ-ի 2004թ-ի գնահատումների վրա (տես այստեղ)։
[6] «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի վաճառած ալյուրի որակի վերաբերյալ ԶԼՄ-ների անդրադարձը կարելի է կարդալ այստեղ (հաճախորդների գնած ալյուրում հայտնաբերվել են միջատներ և ճիճուներ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք