Լրահոս
Օրվա լրահոսը

Գերադասում ենք «Կարապի լիճը»

Հոկտեմբեր 05,1995 11:11

Վերլուծելով իշխանություններ-մամուլ-հասարակություն հարաբերությունները, կարելի է առանձնացնել դրանց 4 տարբերակը. տոտալիտար, արեւմտյան, ավտորիտար եւ, այսպես կոչված, «Կարապի լճի» (եթե հիշում եք, Չայկովսկու այդ բալետը օրեր շարունակ ցույց էր տրվում Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ԳԿՉՊ-ի խռովության ժամանակ):

Տոտալիտար տարբերակ

Սրան մենք շատ լավ ծանոթ ենք եղել ԽՍՀՄ-ի տարիներին։ Այն ժամանակվա համակարգում լրատվության միջոցները ունեին իրենց յուրահատուկ տեղն ու դերը։ Մամուլն ու հեռուստատեսությունը պետությանը կից գործող քարոզչական մեքենաներ էին։ Թերթում տպագրված հոդվածը կամ հեռուստաէկրանից հնչած հաղորդումը պետության, իշխանությունների խոսքն էին։ «Չորրորդ իշխանության» մասին խոսք չէր կարող լինել, քանի որ չկային առաջին երեքը։ Այդ բոլոր օղակները ղեկավարվում էին կոմունիստական կուսակցության կողմից։ Նպատակը՝ համոզել խորհրդային մեծ ժողովրդին եւ ողջ առաջադեմ մարդկությանը, որ մենք ապրում ենք երջանիկ կյանքով եւ կառուցում ենք լուսավոր Ապագա։ Այս համակարգում, մամուլն ու հեռուստատեսությունը կատարում էին մարտնչող քարոզչի դեր,

հասարակությանը  ցույց  տալով «այն միակ ճիշտ  ճանապարհը,  որով  մենք բոլորս, առանց բացառության, պետք է գնանք»։  Մի  խոսքով,  ինչպես «եթե փաստերը  լավատեսական  չեն՝ ավելի վատ փաստերի համար» հանրահայտ բանաձեւում։

Արեւմտյան տարբերակ

«Իշխանություններ-մամուլ» հարաբերությունների համակարգը ճիշտ հակառակ մոդելն է, որն ընդունված է գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում։ Այստեղ ԶԼՄ-ի դերը ոչ թե քարոզելն է, այլ հասարակությանն ազատորեն լրատվություն տրամադրելը։ Մամուլն ու հեռուստատեսությունը պետության ձեռքին գործիք չեն, այլ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների գործունեության վերահսկիչ՝ այսինքն՝ յուրօրինակ «չորրորդ իշխանություն»։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մասնավոր թերթերին, այլ նաեւ պետական հեռուստատեսությանը։

Հասկանալի է, որ Արեւմտյան տարբերակը լավագույնն է, սակայն այն կարող է գործել միմիայն զարգացած հասարակարգի պայմաններում, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է մի յուրահատուկ «անցումային փուլ», միաշերտ տոտալիտար կառուցվածք ունեցող հասարակությունից դեպի բազմաշերտ քաղաքացիական հասարակություն։

Ավտորիտար-լուսավորչական տարբերակ

Այստեղ «իշխանություններ– լրագրողներ» հարաբերությունների արեւմտյան տեսակի մասին խոսելը դեռ վաղ է։ Պետք է դրան ձգտել՝ ամեն կերպ նպաստելով քաղաքացիական հասարակարգի հաստատմանը։ Եթե լրագրողները, իրոք, ուզում են «չորրորդ իշխանություն» եւ իշխանությունների համար լիարժեք գործոն դառնալ, նրանք պետք է նպաստեն առաջին երեք իշխանությունների կայացմանը, դրանց տարանջատմանը: Իսկ ինչպես հայտնի է, դեմոկրատական համակարգը լիարժեք կգործի միայն այն ժամանակ, երբ տնտեսության բնագավառը եւս դեմոկրատական դառնա:

Ռուս լրագրողները այս տարրական ճշմարտությունը վաղուց են հասկացել։ Ահա թե ինչու այնտեղ անկախ լրագրողները, քննադատելով իշխանություններին, միաժամանակ պաշտպանում են նրանց «հին» ուժերից, որոնք ե՛ւ գաղափարաբանությամբ, ե՛ւ գործունեությամբ դեմ են անցկացվող բարեփոխումներին։ Պատճառը հասկանալի է։ Ռուս լրագրողները գիտեն, որ իրենք կարող են լիարժեք կյանքով ապրել այն պարագայում, երբ անվերադարձորեն հաստատվի ազատական հասարակարգ, ըստ որում, ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ոլորտներում: Կայացած դեմոկրատական հասարակարգում իշխանությունները միշտ էլ «վատն են», եւ նրանց պետք է իրար դեմ «հավասարակշռել» (իշխանությունների տարանջատման սկզբունքով), որպեսզի հասարակ մարդը նրանց «ճանկերից» փրկվի: Անցումային «լուսավորչական» փուլում, սակայն, իշխանությունների տարանջատման սկզբունքը լիարժեք չի կարող գործել, որովհետեւ քաղաքական դեմոկրատիան միմիայն կարող է նախորդել տնտեսական դեմոկրատիային։ Սակայն այստեղ վարչահրամայական համակարգի «ջարդումը» չափազանց դժվար գործ է։ Նախ, ամբողջապես ոչնչացնելով այն, կարելի է մնալ տնտեսական փլատակների տակ։ Մյուս կողմից՝ այդ համակարգը, օգտագործելով «փոքր» մարդկանց դժգոհությունը, կարողանում է դիմադրել բարեփոխումների գործընթացին։ Ահա թե ինչու անցումային փուլում ժամանակավորապես անհրաժեշտ է քաղաքական իշխանության կենտրոնացում տնտեսական ապակենտրոնացման գործընթացը առավելագույն հեշտությամբ իրականացնելու համար։ Աշխարհի բոլոր երկրները հենց այդ սկզբունքով են դեմոկրատական համակարգ կառուցել:

Առանց քաղաքական իշխանության ժամանակավոր կենտրոնացման՝ անցումային փուլում լիբերալ տնտեսական բարեփոխումներ անցկացնել հնարավոր չէ։

Նշանակո՞ւմ է, արդյոք, որ «անցումային փուլում», մամուլի դերն սկսում է նմանվել կոմունիստական ժամանակաշրջանին։ Անշուշտ, ոչ։ Ավտորիտար-լուսավորչական անցումային տարբերակում մամուլը եւ հեռուստատեսությունը պետք է տրամադրեն հասարակությանը հօգուտ հասարակարգի փոփոխման, հօգուտ արմատական տնտեսական բարեփոխումների, որոնց վերջնական նպատակը պիտի լինի քաղաքացիական հասարակության ու դեմոկրատական հասարակարգի այնպիսի աստիճանի հաստատումը, որտեղ լրատվական միջոցների կողմից պրոպագանդայի կարիք այլեւս չլինի։ Այսինքն` այն, ինչն առկա է բոլոր զարգացած դեմոկրատական երկրներում։

Այսօր Ռուսաստանը այս անցումային, ավտորիտար, լուսավորչական զարգացման փուլում է։ Ռուս լրագրողները, ռուսական հեռուստատեսությունն ու թերթերը լուծում են հիշյալ խնդիրները։ Նրանք ձգտում են քաղաքացիական

հասարակություն կառուցել, որպեսզի Ռուսաստանը դառնա ժամանակակից, մրցունակ, դեմոկրատական եւ ուժեղ պետություն։ Այդ նպատակը ձեւավորել է արժեքների այն համակարգը, որի հիման վրա էլ ռուս լրագրողներն աշխատում են։ Նրանք կարող են ունենալ տարբեր կարծիքներ ու տեսակետներ, գաղափարաբանական սկզբունքներ, կողմ կամ դեմ լինել ներկա իշխանություններին, սակայն նրանց ճնշող մեծամասնությունը գիտի, որ Ժիրինովսկու կամ Զյուգանովի կողմնակիցները վտանգավոր են։ Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում։

«Կարապի լճի» տարբերակը

Հայաստանում չկա լրագրողների (եւ ընդհանրապես, մտավորականների) այն «միասնական օրգանիզմը», որը հիմնված լիներ «արժեքային» նույն համակարգի վրա, ինչպես Ռուսաստանում է։ Չկա այն միասնական նպատակը, որը կարողանար համախմբել բոլորին։ Հայ հասարակությունը, ընդհանրապես, այս խնդրում ինքնորոշված չէ։ Մեկի համար, որպես գաղափարաբանական հենակետ դիտվում է Հայ Դատը, մյուսի համար՝ Ղարաբաղը, երրորդի համար՝ Հայաստանի անկախությունը, իսկ չորրորդի համար՝ ԽՍՀՄ-ի վերականգնումը։ Դա դեռ լավ է: Երբ այդ գաղափարներն այլեւս հոգիները չեն տաքացնում, լրագրողները սկսում են նոր հենակետեր փնտրել։ Մեկի համար այդ դերն է խաղում ՀՀՇ-ն, մյուսի համար՝ Դաշնակցությունը, երրորդի համար՝ ԱԺՄ-ն եւ չորրորդի համար՝ Կոմկուսը: Եվ այս պարագայում, նրանք դառնում են ՀՀՇ-ի, Դաշնակցության, ԱԺՄ-ի, Կոմկուսի կողմից հավաքագրված լրատվական ճակատում պայքարող մարտիկներ։

Այսպիսով, Հայաստանի լրագրողների «բանակի» գործունեությունը շատ նման է «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղին, որտեղ «ամեն մեկը իր գլխի տերն է» եւ իր «գոլն է ուզում խփել», իսկ թե ում դարպասը՝ դա կարծես այդքան էլ մեծ արժեք չունի: «Որակի» մասին, լայն իմաստով, խոսք անգամ չի կարող լինել, քանի որ չկա չափման համակարգ: Հասկանալի է, որ այս պարագայում, ինքնահաստատման ամենահզոր դաշտ դառնում է այսպես կոչված «դեղին ժանրը», որտեղ մանրակրկիտ ձեւով կարելի է նկարագրել հասարակությանը «հուզող» ազգային ջոջերի գործունեության այս կամ այն անձնական ոլորտը:

Հայ լրագրողների այս տարանջատված վիճակից էլ հետեւում է այն վերաբերմունքը, որը առկա է հասարակության մեջ լրագրողների հանդեպ: Այն ձեւական համերաշխությունը, որը ցույց են տալիս բոլոր լրագրողները միայն այս կամ այն իրենց գործընկերոջ ծեծի դեպքում, արտացոլում է հայ լրագրողի իրական արժեքը։ Դա շատ լավ են զգում իշխանությունները, իրենց ողջ կեցվածքով ցույց տալով մեծամիտ քամահրանք մամուլի հանդեպ։ Միանգամայն վաստակած քամահրանք…            ,֊

Պետական հեռուստատեսության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը արժանի է առանձին դիտարկման։ Ինչպես հայտնի է, աշխարհի բոլոր երկրներում կան պետական հեռուստատեսություններ։ Մի տեղ, ասենք, արեւմտյան երկրներում, այն գործում է ազատ։ Տոտալիտար երկրներում, պետհեռուստատեսությունը գովերգում է հասարակարգը։ Կան երկրներ, օրինակ Ռուսաստանում, որտեղ պետհեռուստատեսությունը լիովին ազատ չի գործում, սակայն տոտալիտար բնույթ էլ չունի, եւ տանում է «լուսավորչական» աշխատանք։ Նաեւ կան երկրներ, որտեղ պետհեռուստատեսության գործունեությունը ոչ տոտալիտար բնույթ է կրում, ոչ ազատ է, ոչ էլ «լուսավորչական» աշխատանք է կատարում։ Մենք այն բացառիկ երկիրն ենք, որտեղ հեռուստատեսությունը գործում է «Կարապի լճի» սկզբունքով, ըստ որի 1991-ի օգոստոսին հանրահայտ ԳԿՉՊ-ն փորձում էր խորհրդային ժողովրդին պարգեւել «հանգստություն ամեն ինչից»։ Սովորաբար, «Կարապի լճի» սկզբունքը իշխանությունները պետհեռուստատեսության նկատմամբ իրագործում են այն երկրներում, որտեղ առկա է կայուն տնտեսական հասարակարգ, եւ հասարակության քաղաքական գիտակցությունը այնքան էլ բարձր չէ քաղաքական փոփոխություններ պահանջելու համար։ Այդպիսին են Թայվանը, Մալազիան, Թայլանդը եւ այլն։

Սակայն զարմանալին այն է, որ Հայաստանի տնտեսական ոլորտում իրականանում են արմատական փոփոխություններ, սակայն առանց քարոզչական ապահովման։ Այսինքն, մի կողմից իշխանությունները իրականացնում են բարեփոխումներ տնտեսական եւ քաղաքական կյանքի ոլորտներում, մյուս կողմից տեղեկատվության ոլորտում իրականացնում են «Կարապի լճի» սկզբունքը: Այս մոտեցումը, իսկապես, եզակի է աշխարհում եւ այդ հանգամանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք:

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031