Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական գործունեությունը սեփական պետության ներսում. Հեղափոխակա՞ն, թե՞ խորհրդարանական

Նոյեմբեր 11,1995 12:11

Հարցազրույց Մեխակ Գաբրիելյանի հետ

– Պրն Գաբրիելյան, ձեր անցած քաղաքական ուղին բավական բազմաշերտ է՝ ԱՄԿ, ԱԻՄ, ՀԱԿ-ՀԱԱԿ, ՀՅԴ, ՔԴՄ, ինչո՞վ էին կանխորոշվում այս անցումները

– Այո՛, ես մի քանի քաղաքական կազմակերպություն եմ փոխել, թեեւ «փոխել» բառն այստեղ գեղեցիկ չի հնչում, կարելի է ասել՝ «մասնակցել ստեղծմանը»։ Եթե չհաշվենք Ազգային միացյալ կուսակցությունը, որի ստեղծմանը գործուն մասնակցություն չեմ ունեցել, ապա ԱԻՄ-ից սկսած՝ մյուս կազմակերպությունների հիմնադիր անդամներից եմ եղել։ Արդեն 1987–88թթ. մեր պատմության մեջ սկսվեցին շարժումներ, որոնք Հայաստանում վերաճեցին ազգային-ազատագրական պայքարի։ ԱԻՄ-ն այն ժամանակ կազմակերպական կառուցվածք չուներ, ուստի միտք հղացավ ստեղծել կուսակցություն, որպեսզի լուծվեին կազմակերպական խնդիրները, եւ ծնվեց ՀԱԱԿ-ը՝ Հայաստանի ազգային անկախության կուսակցությունը։ Բայց 88-ին բանակցություններ էին սկսվել ՀՅ Դաշնակցության հետ, ընտրություններից հետո դրանք հստակ նպատակադրում ստացան՝ Հայաստանում վերականգնել Դաշնակցությունը։ Քանի որ հայի մշտական իղձերն արտահայտվում էին ՀՅ Դաշնակցության կարգախոսներով՝ «Ազատ, անկախ, միացյալ», անիմաստ էր դասական պայքարի հարուստ փորձի տեր կուսակցությունից դուրս որեւէ այլ կառույց ունենալ։ Դա էլ հիմք հանդիսացավ,, որ ՀԱԱԿ-ը ամբողջովին միաձուլվի Դաշնակցությանը՝ դառնալով Հայաստանում նրա վերականգնումի հիմքը, ես պատիվ եմ համարում լինել Հայաստանի անկախության համար պայքարող կուսակցությունների անդամը։

– ՀԱԿ-ի անդամներից շատերն են այսօր նման կարգավիճակում, եւ միավորման ձեր նոր ձգտումը, որի մասին համառորեն խոսում են, որքանով է իրական։

– ՀԱԿ-ի անդամների զգալի մասն, իրոք, հեռացավ Դաշնակցությունից կամ հեռացվեց։ Սակայն նրանց 99%-ը, իմ անձնական համոզմամբ, կարգին տղաներ էին՝ ե՛ւ բարոյականության, ե՛ւ արդարության, ե՛ւ գաղափարախոսության տեսանկյունից։ Այն ժամանակ՝ մինչ միավորումը, շատերն էին ասում, թե ՀԱԿ-ը հարկավոր է պահել, սակայն սկզբունքորեն ինձ համար անընդունելի էր խաղ խաղալը՝ երկկուսակցություն։ Արդեն 1-2 տարի է, որ հին եւ նոր իմ ընկերներն անընդհատ առաջարկում են ՀԱԿ-ը վերականգնել։

– Դուք անկուսակցակա՞ն եք, ՔԴՄ-ի շարքերից եւս դո՞ւրս եք եկել։

– Այո՛, անկուսակցական եմ դեռեւս նոյեմբեր ամսից։ Թեեւ անձամբ ես կողմնակից եմ պետության կերտմանը գործուն մասնակցելու: Չեմ թաքցնում՝ եթե հանկարծ առաջարկություն լինի, չեմ հրաժարվի, ավելի լավ է մասնակից դառնալ ստեղծմանը, քան կանգնել կողքի եւ փնովել ստեղծողների սխալներն ու միայն քննադատել։ Ավելի լավ է գործել, ինչ-որ տեղ սխալվել, քան ոչինչ չանել եւ հայհոյել։ Դաշնակցության օրինակը, որն իրականում չէր ձգտում իշխանության։

– Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել ՀՅԴ-ի կրկնական կասեցումները եւ արգելքների հետեւողական շարանը։

– Բացատրեմ, 1992թ. կուսակցության ղեկավար մարմնի անդամները բարձր աշխատավարձ էին ստանում՝ քաղաքական պատասխանատվության նվազագույն աստիճանով։ Այսպիսով, նրանք խուսափում էին պետական համագործակցության առաջարկներից, որովհետեւ բոլորովին հարմար չէր ցածր աշխատավարձով եւ մեծագույն պատասխանատվությամբ գործադիր որեւէ պաշտոն ստանձնել: Տվյալ գործոնից բացի՝ իրենց վճռորոշ դերը կատարեցին տարբեր երկրների հատուկ ծառայությունները, գործակալական ցանցը։

Երբ իմ եւ նրանց միջեւ հակասություններ առաջացան, ինձ մեղադրեցին պառակտողականության մեջ՝ իբր ես ուզում եմ ներսում ինչ-որ հակադրվող կառույց ստեղծել։ Դրա համար առ այս պահը ես բացարձակապես ոչինչ չեմ ասել, լռելյայն հեռացել եմ, որ իմ խղճի առջեւ մաքուր լինեմ: Ես այդ կազմակերպությունը չեմ քայքայել։

– Դուք կարծո՞ւմ եք, որ ՀՅ Դաշնակցությունը ներսից ճաքեր տվեց եւ ոչ թե արտաքին հարվածներից։

– Այո՛, ես կասեի ներսից։ Լինելով այդ կուսակցության անդամը, դեռ ավելին, ստեղծողներից մեկը, թեեւ ղեկավար մարմիններում պաշտոն չեմ ունեցել, խորհրդարանական խմբակցությունը ղեկավար մարմին չէր, շատ լավ գիտեմ, որ կուսակցությունը ներսից քայքայվեց։ Ղեկավար մարմնի եւ մյուս օղակների միջեւ այնպիսի անբարո հարաբերություններ հաստատվեցին՝ ոչ ընկերական, ոչ բարեկամական մթնոլորտ, որ այդ կազմակերպությունը, ինքնըստինքյան, պիտի քայքայվեր։ Դրսից, միգուցե ինչ-որ չնչին ազդեցություն կարող էր լինել, հիմնականը, սակայն, այդ հարաբերություններն էին՝ ղեկավար մարմնի կամքի հլու-հնազանդ կատարումով: Էլ չեմ ասում հատուկ ծառայությունների ներթափանցումը, գործակալներին։ Ես դրան չեմ ուզում անդրադառնալ, բնական է, ցանկացած կազմակերպություն պետք է ներթափանցեն, փորձեն ջլատել, բայց եթե կազմակերպությունը բաց է, ամեն ինչ լուծվում է հրապարակայնորեն, այդ դեպքում դժվար է այն քայքայել։ Իսկ ինձ նման մտածող մարդիկ համարվեցին անբարեհույս եւ մաղվեցին կուսակցությունից։

– Ինչպիսի՞ ն պետք է լինի, ձեր կարծիքով, իշխանության ձգտող եւ պետական շինարարությանը մասնակցող կուսակցության կառույցը:

– Դաշնակցության մեջ 2 ուղղություն կար, մի մասը համարում էր, որ ՀՅԴ-ն պետք է մնա հեղափոխական, իսկ երկրորդը, որի հիմնական ջատագովներից էի ես, պնդում էր, թե Դաշնակցությունը պետք է դառնա խորհրդարանական կուսակցություն։ «Հեղափոխական» բառից կարելի է չհրաժարվել որպես պատմական բառից, բայց ծրագրային գործելակերպը պետք է փոփոխվի։

Կուսակցության ներսում քաղաքականությամբ զբաղվողները պիտի լինեն 10-100 հոգի, բայց ոչ թե այդ 10-ի կամ 100-ի կողքին 3-4000 մարդ պետք է անընդհատ զբաղվեն քաղաքականությամբ։ Սեփական պետության ներսում մարդկանց լծել միայն կուսակցական գործունեության անհեթեթություն է՝ վնասակար ե՛ւ մարդու, ե՛ւ կուսակցության, ե՛ւ պետության համար։ Կոմունիստների օրոք կարելի էր անընդհատ ժողովներ անել, բայց այսօր մարդիկ ժամանակ չունեն կուսակցական ժողովների եւ քաղաքական բանավեճերի։ Պետության հեռանկարների առումով՝ կուսակցությունները պետք է ընտրություններից առաջ աշխուժացնեն համակիր ժողովրդին՝ նախընտրական քարոզարշավի կազմակերպում եւ այլն, իսկ հետո մարդիկ պետք է զբաղվեն իրենց հիմնական աշխատանքով։

– Այսինքն՝ դուք՝ ձեր նախկին կուսակցական   ընկերներով, պատրաստվո՞ւմ եք ցանկալի հակակշիռ  կազմակերպություն ստեղծել։

– Այդ հարցն ինձ անընդհատ տալիս են ե՛ւ նոր, ե՛ւ հին, ե՛ւ նախկին կուսակցական ընկերները, բայց ինձ շարունակ մտահոգում է մի հարց. եթե հանկարծ վերականգնենք ՀԱԿ-ը, արդյոք այն հայաստանյան հերթական 50-րդ կազմակերպությունը չի դառնա։ Ես անվերջ տատանվում եմ եւ քանի չունեմ երաշխիքներ, որ դա մի խումբ մարդկանց փոքր «թայֆա» չի լինի, ես կհրաժարվեմ այդ մտքից եւ առ այսօր հրաժարվում եմ, իսկ մնացածը ապագան ցույց կտա։ Հայաստանում ես կցանկանայի 4-5 քաղաքական կազմակերպություն տեսնել, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությանը լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժ չկա, թերեւս, բացառյալ ԱԺՄ-ն։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930