Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ եւ օպտիմալ

Ապրիլ 21,1998 00:00
Karavarutyun

Ուրիշ դրական գնահատական չսպասեք Կառավարության նոր կազմում, նախորդի հետ համեմատած, մեծ փոփոխություններ չկան: Այստեղից կարելի է անել գլխավոր եզրակացությունը. նախորդ կառավարության մեջ ոչ ոք /կամ գրեթե ոչ ոք/ Ղարաբաղը չէր ծախում եւ ժողովրդին չէր թալանում: Քանի որ այդ երկու մեղադրանքներն էր նախընտրական արշավում առաջ քաշում այժմ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանի թիմը, խոսելով նախորդ հակաժողովրդական վարչախմբի մասին, ապա մնում է երկու ենթադրություն անել. կամ «նախորդ վարչախումբը» եւ «նախորդ կառավարությունը» խիստ տարբեր հասկացություններ են, կամ էլ խնդրո առարկա «վարչախմբում» կային մի քանի հոգի, ովքեր խանգարում էին մեր ազգային խնդիրների իրականացմանը, եւ նրանց հեռացումից հետո մենք այլեւս խնդիրներ չենք ունենա:

Ասենք, արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ցանկանում էր Ղարաբաղը տալ թուրքերին, սակայն Վարդան Օսկանյանը, որը ժամանակին Արզումանյանի առաջին տեղակալն էր, իսկ երեկ նշանակվեց ԱԳ նախարար, դիմագրավում էր այդ ծրագրին: Կամ՝ Հրանուշ Հակոբյանը չէր կարողանում լուծել փախստականների, թոշակառուների եւ հաշմանդամների խնդիրները, իսկ նրա երբեմնի տեղակալ Գագիկ Եգանյանը դա կկարողանա անել: Աստված տա, այդպես էլ լինի: Ընդհանուր առմամբ, իհարկե, ճիշտ է ժառանգականության սկզբունքը, իսկ կառավարության նոր կազմն այսօվա վիճակի համար օպտիմալ է: Էականն այն է, որ իրենց տեղերում են մնացել ուժային նախարարները: Նրանք իսկապես իրենց տեղում են: Հարկ չկա, հավանաբար, հիշեցնելու, որ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ /չմոռանանք նաեւ Վազգեն Մանուկյանին/ մեր բանակը կարողացավ լուծել ազգի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրը՝ համենայնդեպս այդ խնդրի ռազմական մասը:

Մնում է, որ ՆԳ եւ ԱԱ նախարարը իրավապահ այլ մարմինների հետ միասին կարողանա բացահայտել վարկերի, հումանիտար օգնության, պետական ունեցվածքի խոշորագույն հափշտակությունների՝ անցյալում կատարված դեպքերը եւ կանխարգելի դրանց կրկնությունը: Իսկ պաշտպանության նախարարը, հավանաբար, այսուհետ հնարավորություն կունենա ձեռնպահ մնալ քաղաքական հայտարարություններից եւ կենտրոնանալ բանակի խնդիրների վրա՝ ձերբազատվելով ՊՆ-ի կոռումպացված պաշտոնյաներից եւ հրամանատարներից, չպատճառաբանված դաժանությամբ աչքի ընկնող սպաներից: Որպես դրական փաստ կարելի է արձանագրել շնորհալի երիտասարդներ Դավիթ Հարությունյանի եւ Լեւոն Մկրտչյանի նշանակումները: Վերջինիս դեպքում մենք գործ ունենք ոչ միայն նախագահի, այլեւ դաշնակցության ճիշտ ընտրության հետ:

Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ին հնարավորություն է տրվել իր շարքերից առաջարկելու կրթության եւ գիտության նախարարի թեկնածությունը: Այն, որ ներկայացվել է պրն Մկրտչյանը, տվյալ դեպքում խոսում է առաջարկողների որոշակի լայնախոհության մասին: Դաշնակցական լինելով, նա զուրկ է հիվանդագին մոլեռանդությունից եւ ագրեսիվ անհանդուրժողականությունից, որոնք հատուկ են շատ ու շատ կուսակցականների: ՀՅԴ-ն հավանաբար դեռեւս չի կողմնորոշվել իրեն տրված մեկ այլ՝ մշակույթի նախարարի պաշտոնի վերաբերյալ: Այդ է պատճառը, որ այդ նախարարությունը հրապարակված ցուցակում չկա: Մնում է պարզել, կա՞ արդյոք մշակույթը: Թերեւս, «Մեր բակի» համար մշակույթի նախարարություն պետք էլ չի: Հաջողություն ցանկանալով նոր նշանակված եւ վերանշանակված բոլոր նախարարներին՝ նշենք, որ իրենց գործունեության մասին նրանք մեր թերթում դժվար թե լավ բաներ կարդան; Այնքան ժամանակ, որքան վատ կլինի իրենց ոլորտներում տիրող վիճակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930