Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ, ԱՅԴ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 01,1998 23:36

«Ինձ այս երկրում այլ բան չի մնում, քան մամուլին դիմել»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանը։

Ի դեպ, նա առաջարկում էր իր ճեպազրույցը վերնագրել. «Դատախազը հովանավորում է քրեական հանցանք կատարած ԱԺ պատգամավորներին»։ Սակայն լրագրողները, որոնք նախանձախնդիր են վերնագրեր ինքնակամ որոշելու իրենց իրավունքի նկատմամբ, տեղում նրան հակադարձեցին, թե ԱԺ պատգամավորներն էլ են հովանավորում քրեական հանցանք կատարածներին։ Ինչեւէ։

Ճեպազրույցի առիթն այն էր, որ հունիսի 9-ին Արամազդ Զաքարյանը որոշել էր գլխավոր դատախազին հիշեցնել, թե անցած տարվա սեպտեմբերին իրեն ապտակել էին կամ, ինչպես դիմումում էր ձեւակերպված՝ «աշխատանքային ժամին իմ դեմ ավազակային հարձակում էր կատարվել»։ Արամազդ Զաքարյանը նաեւ դատախազին փորձել էր հաճելիորեն զարմացնել այն տեղեկությամբ, թե «նախաքննության ողջ աշխատանքներն ավարտվել են դեռեւս անցած տարի» եւ որ ինքը պատրաստ էր ներել, եթե իրենից հրապարակավ ներողություն խնդրեին. «ինչը մինչ այժմ չի արվել, ավելին՝ իմ դեմ կատարած հանցագործության կազմակերպիչ ու ղեկավար Պարույր Հայրիկյանը գլխավորում է ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնախումբը»։ Ուստիեւ, Արամազդ Զաքարյանն առաջարկում էր այդ գործը դատական քննության ուղարկել։

Դատախազության քննչական մասի պետ Աղվան Հովսեփյանն այս ամենին ի պատասխան միայն հայտնել էր, թե այդ գործը «իրադրության փոփոխության պատճառով» կարճվել է, եւ որ այդ որոշումը վերացնելու հիմքեր չկան։ Զարմանալի հիմնավորում է այդ «իրադրության փոփոխությունը»։ Այսինքն՝ նախկին վարչակարգի օրոք մարդուն ապտակելը հասարակական վտանգավորություն ներկայացնող արարք էր, իսկ այժմ՝ ո՞չ։

Դե, Արամազդ Զաքարյանն էլ իր զարմանքն էր արտահայտել Աղվան Հովսեփյանին այդ «զարմանալի» պատասխանի առնչությամբ, «նա էլ զարմացավ իմ զարմանքի վրա»։ Այդքանից հետո Արամազդ Զաքարյանին մնում էր ճեպազրույց հրավիրել եւ բողոքել «դատախազության կողմից անուշադրության մատնված փաստերի», «օր-օրի աճող անօրինականությունների» եւ նման այլ բաների վերաբերյալ։ «Եթե ԱԺ-ի պատգամավորի գործն է կարճվում՝ շարքային քաղաքացուն ուղղակի կհոշոտեն»,- եզրակացրել էր Արամազդ Զաքարյանը։

Լրագրողները նրան սփոփեցին՝ ով ինչպես կարողացավ։ «Հայաստանի Հանրապետության» թղթակցուհին հիշեցրեց, որ ե՛ւ Պարույր Հայրիկյանը, ե՛ւ Արամազդ Զաքարյանը քրիստոնյաներ են։ Փոխադարձ ներողամտության այս անուղղակի կոչը չանցավ, քանզի պրն Զաքարյանը հակված էր իրեն իբրեւ «առաջին հերթին հայ» ներկայացնել։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նրան առաջարկեց մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբին դիմել։ «Գառը գայլին պահ չեն տա»,- խորիմաստորեն նկատեց Արամազդ Զաքարյանը։

«Գոլոս Արմենիի» թղթակիցը նրան հիշեցրեց, որ զրպարտության համար իրեն պատասխանատվության ենթարկելու գործն էլ է կարճվել։ Այնպես որ, որոշ իմաստով, «քվիտ» են։ Սակայն պրն Զաքարյանը վստահ էր, թե իրեն մեղադրանք չեն ներկայացրել, քանզի այն չեն կարողացել հիմնավորել։

Ըստ ամենայնի, Արամազդ Զաքարյանն ընդունեց «Առավոտի» առաջարկը եւ մամուլի միջոցով հասարակական կարծիք ձեւավորելու փորձից զատ՝ խորհրդականի գործունեության վերաբերյալ կդիմի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին պաշտպանել է ե՛ւ անձնապես, ե՛ւ իբրեւ «Երկրապահ» խմբի ներկայացուցիչ։ Չնայած Արամազդ Զաքարյանն արդեն իսկ հայտարարեց, թե բավական փաստեր ունի, որ «քաղաքացիները շատ լուրջ հարցերով դիմում են հանրապետության նախագահին եւ երկար ժամանակ հետո էլ պատասխան չեն ստանում»։

Մի մասնավոր հարց. Արամազդ Զաքարյանը վերջապես ընդդիմացավ, երբ այս գործը սովորականի պես «հայրական ապտակ» անվանեցին եւ հակադարձեց. «Ամեն հայ տղամարդ նախ պիտի իր երեխաներին ապտակելու իրավունքն ունենա»։ Գոտկատեղից ներքեւ եւ աններելի հարված էր։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031