Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 01,1998 00:00
Loris Chgnavoryan

Կամ Լուիզ Սիմոնն իր գումարները միայն Լորիսին է վստահում

Լորիս Ճգնավորյանի՝ նեղացած ու վրդովված հեռանալու օրից սկսած խոսակցություններ արդեն պտտվում էին, թե նա ամեն ջանք կգործադրի իր «պոստին» վերադառնալու համար կամ այնպես կանի, որ իրեն հետ կանչեն։ Մանավանդ, որ նա իր հեռանալուց հետո ՀՖՆ-ից որոշ պետքական փաստաթղթեր եւ իրեր չմոռացավ տանել, փոխարենը թողեց «իր մարդկանցից» մի քանիսին, ինչպես Ավետիս Բերբերյանին (մեկ հոգանոց՝ համերգահյուրախաղային բաժնի պետ), Ռոբերտ Միրզոյանին (ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն), գրադարանավարին եւ էլի մեկ-երկուսին։

Առաջիններիս այդ պաշտոններում նշանակելը եղել է Ճգնավորյանի հրաժեշտի վերջին խոսքը։ Այնպես որ, ՀՖՆ-ի ներսում տեղի ունեցածի մասին նրան տեղեկացնողներ էլ կային, իրավիճակը փոթորկողներ էլ։ Բարդ անցումային շրջան տրվեց ղեկավարելու ՀՖՆ-ի նոր նշանակված գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Միքայել Ավետիսյանին։ Վերջին ամիսների ընթացքում իշխանության վերնախավում խոսում էին, որ Լուիզ Սիմոն-Մանուկյանն առանձին հանդիպումներ է ունենում պետական պաշտոնյաների հետ՝ հովանավորչական գումարների եւ Ճգնավորյանին վերադարձնելու հարցերով։

Լ. Ճգնավորյանն էլ ժամանակը չէր կորցնում. ՀՀ նախագահի՝ «Պապլավոկում» գտնվելուն պես հայտնվում էր՝ տոնական փողկապով, սափրված, խիստ պաշտոնական տեսքով, մոտենում էր նախագահին, ձեռքով բարեւում, ապա տեղավորվում նախագահի աչքին մոտ սեղաններից մեկում։ Պատմում են, որ շատ էր տխրում՝ տեղում մի քանի անգամ պտտվում էր, երբ նախագահը բարեւելուց բացի ոչինչ չէր առաջարկում նրան, անգամ՝ նստել։ Մեկ շաբաթ առաջ ՀՖՆ-ում մշակույթի նախարարությունն ընդհանուր ժողով էր հրավիրել։ Քննարկվեցին նվագախմբի գործունեությունը վերահսկող եւ կանոնակարգող վարչության ու գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի ընտրության հարցերը։

Ընդ որում, ՀՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Միքայել Ավետիսյանի՝ նախարարության հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու էր օգոստոսի 31-ին։ Քննարկվում էր նաեւ տիկին Լուիզ Սիմոնի ներկայացրած նախագիծը (մշակույթի նախարարության հետ համաձայնեցրած տարբերակը)։ Ժողովը վարում էր նախարարության աշխատակից Արթուր Շահնազարյանը, որը եւ թույլ չէր տվել Մ. Ավետիսյանին ներկա գտնվել այդ ժողովին եւ ասել՝ քանի որ առաջադրված 8 թեկնածուներից ոչ ոք ներկա չի լինելու ժողովին, հետեւաբար, ՀՖՆ գեղարվեստական ղեկավարի մասնակցությունը «բարոյական չի լինի»։ Փոխարենը «բարոյական է» այն, որ գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի աշխատանքային պայմանագիրը դեռ չավարտված, նոր ընտրություն են անցկացնում՝ խաթարելով համերգը եւ ստեղծագործական մթնոլորտը, եւ առանց 8 (ավելի ճիշտ՝ 7, առանց՝ Ճգնավորյանի) թեկնածուների համաձայնությունը ստանալու։

Ա. Շահնազարյանը թերթերից մեկում ասել էր, որ նախարարության նպատակը 8 թեկնածուների մասին նվագախմբի կարծիքը հարցնելն էր եւ ավելացրել (ինքն իրեն հակասելով), որ թեկնածուների ցուցակը կազմվել էր հաշվի առնելով երաժիշտների ցանկությունը (թեեւ երաժիշտներն էլ պնդում էին, որ նման հարցում իրենց չի արվել)։ Կարծիքը, փաստորեն, ճշտված էր նախքան ժողովը, եւ նախարարության աշխատակիցն իր ձեւով թափանցիկ ընտրություն էր անցկացնում՝ 8 ձեւական թեկնածուների անուններ տալով՝ այնինչ իրականում մեկի ընտրություն էին անցկացնում։ Այս ամբողջի արդյունքն այն եղավ, որ ժողովից մի քանի օր անց ՀՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Միքայել Ավետիսյանը հրաժարական տվեց։ Հատկապես հրաժարականը եղավ առիթը Մ. Ավետիսյանի հետ հանդիպման։

– Մինչ ժողովը խոսվում էր, որ այն հուլիսի 21-ին տեղի ունենա։ Խնդրեցի, որ ժողովը հետաձգվի 5 օրով, քանի որ մենք դեռ պետք է նվագեինք համերգաշրջանի փակման համերգը եւ մինչ արձակուրդը դեռ մեկ շաբաթ կար։ Չհասկացա հապճեպության պատճառը։ Զգուշացրել էի, որ ըստ նախարարության հետ իմ պայմանագրի, նման ժողովները պետք է համաձայնեցվեն գեղարվեստական ղեկավարի հետ։ Խախտում կատարվեց, եւ նախարարությունը հուլիսի 21-ին ժողով հրավիրեց։ Չգիտեմ՝ դա կարծիք հայտնե՞լ էր, ընտրությո՞ւն, թե՞ սոցիոլոգիական հարցում էր։ Բայց ինչո՞ւ ՀՖՆ-ի կնիքով կնքված թերթիկներով եւ կնքված արկղով։ Ընդ որում, կնիքը տնօրենը գործածել էր առանց իմ թույլտվության, ասելով, որ իրեն նախարարությունից են կարգադրել (տնօրենը Ճգնավորյանի «մարդկանցից» մեկն է.- Ս. Ս.)։

Արթուր Շահնազարյանը չցանկացավ, որ մասնակցեմ ժողովին, ասաց՝ ոչ բարոյական է։ Հաջորդ օրը, սակայն, իմացա, որ բոլոր թեկնածուներն էլ անտեղյակ են եղել այդ նախաձեռնությունից եւ ծանոթ չեն անգամ նախարարության ներկայացրած նախագծին։ Մի՞թե հնարավոր չէր այդ որոշումը օրինական ձեւով իրագործել՝ առանց խափանելու ստեղծագործական մթնոլորտը եւ կամ ժողովը 5 օր հետո անցկացնել։

– Ձեր նշանակման օրից արդեն շատերը նվագախմբի գործունեությունը եւ ընդհանուր իրավիճակը խաթարելու փորձեր էին անում։

– Անշուշտ, նվագախմբի համար ամենադժվար շրջանում էի աշխատում, բայց վստահ էի, որ կկարողանամ ղեկավարել, շարունակել նվագախմբի գործունեությունը նույն ռիթմերով։ Համաձայնեցի, որովհետեւ գիտեի, որ այդ իրավիճակը ժամանակավոր է լինելու։ Այդ ամիսներին կարողացանք նվագախմբի հետ բավական հաջողությունների հասնել։ Չնայած, որ ՀՖՆ-ի հովանավորը հունվարից արդեն բյուջեից կրճատել էր դրսից երաժիշտներ հրավիրելու համար նախատեսվող գումարները (ճանապարհածախս, հյուրանոցի վարձավճար եւն), այնուամենայնիվ, կարողացա ամեն ամիս տարբեր հովանավորների օգնությամբ կամ իրենց ծախսերի հաշվին երաժիշտներ հրավիրել։

Ըստ իմ ծրագրի ՀՖՆ-ի հետ համագործակցեցին Հայաստանի մեծանուն այն երաժիշտները, ովքեր մի քանի տարի շարունակ դրա հնարավորությունը չէին ունեցել։ Համագործակցել ենք Օհան Դուրյանի, Էմին Խաչատրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սվետլանա Նավասարդյանի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ։ Ստիպված էի լինում՝ հաճախ ինքս հանդիպել տարբեր ֆիրմաների ներկայացուցիչների հետ՝ համերգային ծրագրերի համար հովանավորներ գտնելու նպատակով։ Ամեն ամսվա մեկ համերգի համար մենք ունեինք հովանավորներ եւ առաջին հերթին վճարվում էր երաժիշտների հոնորարը։ Նվագախմբի ասելով՝ հունվարից սկսած, իրենց կյանքում դա առաջին դեպքն էր, որ հովանավորչական համերգից իրենք հոնորար են ստանում։ Ստեղծել էի նաեւ գեղարվեստական խորհուրդ։

– Ճգնավորյանի հեռանալուց հետո հովանավորն ուրիշ ի՞նչ միջոցներից զրկեց ձեզ։ Հայտնի է, որ Ճգնավորյանն իր հետ տարել էր ՀՖՆ-ի արխիվը։

– Կրճատվեցին գրասենյակային որոշ ծախսեր, ինչպես նաեւ վառելանյութի համար տրվող գումարները։ Հովանավորչական գումարները ստանում էին երաժիշտները, բայց նախագահական ընտրությունների ժամանակ հովանավորն ասաց, որ անցյալի նման նա ամեն եռամսյակ չի վճարի, այլ կվճարի ամեն ամիս՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Ցավոք, ես գրասենյակում չգտա նվագախմբի՝ հյուրախաղերի, ձայնագրությունների պայմանագրերի արխիվը։ Երբ հարցում արեցի Ճգնավորյանին, ասաց՝ ինչը պետք լինի, ասա, ես ինքս կտամ։

Այդ պայմանագրերը անհրաժեշտ էին անգամ տարրական հարցեր ճշտելու համար եւ օրենքով դրանք պետք է մնային գրասենյակում։ Մոտ 30 ձայնասկավառակներ են ձայնագրվել, եւ ոչ մի պայմանագիր չկար։ Ստիպված էի ամեն ինչ նորից կազմել։ Երբ նա իմացել էր, որ բարձրաձայն հետաքրքրվել եմ արխիվի բացակայությամբ՝ զայրացել էր. դրա տակ նա վատ նկատառումներ էր տեսնում։ Միքայել Ավետիսյանը հրաժարական տվեց վիրավորված նախարարության եւ ՀՖՆ-ի հովանավորի միահամուռ ուժերով որոշումն իրականացնելու ընտրած ձեւից, ստեղծագործական մթնոլորտի եւ բարոյական բոլոր չափանիշների խախտումներից դրդված։

Ըստ վերջին տվյալների, մշակույթի նախարարությունը որոշել է Լ. Ճգնավորյանին նշանակել ՀՖՆ գլխավոր դիրիժոր։ Որքան էլ նույն նախարարությունը Ճգնավորյանի՝ «իր դուքանը» սարքելու բոլոր ճանապարհներին սահմանափակումներ դնի, միեւնույն է նրա վերականգնումն արդեն քայլ է դեպի նախկինը (որքան էլ պրն Շառոյանը Լորիսին չսիրի)։ Հայաստանում օրենքի ուժ է ստացել՝ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» կարգախոսը։ Լուիզ Սիմոն-Մանուկյանի համար Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ նշանակում է՝ Լորիս Ճգնավորյան։ Մշակույթի նախարարության այդ վերջին ժողով-ներկայացումը՝ մեկ գործող անձով եւ վերջին օրերիս օրինախախտ քայլերը նույնն են վկայում. հանուն հովանավորի, գումարների, կարելի է քայլել ամեն ինչի վրայով, ընդունել չընդունելին։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Լորիս Ճգնավորյանի նախկին գործունեության որոշ մանրամասների մասին կարդացեք մեր թերթի հետագա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31