Տարվա ամենակառավարական եռամսյակն, ակնհայտ, վերջին եռամսյակն է։ Մեր կառավարությունն իր ծառայողական պարտականություններն ամենաարդյունավետ կերպով կատարում է հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ Բոլոր դեպքերում հենց ինքը՝ կառավարությունն է այդպես կարծում։
Անցած շաբաթ հայրենի կառավարությունը հերթական անգամ երջանկացրեց մասամբ Ազգային ժողովին, մասամբ էլ հասարակությանը։ Կառավարությունը վերջապես կազմեց ու հրապարակեց 1998 թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։ Ճիշտ այն պահին, երբ ավարտվում էր երրորդ եռամսյակը, այս փաստաթուղթն ավելի քան հրատապ էր։ Այն, որ կառավարությունը նոր է հիշել, որ սույն գործը պարտավոր էր անել «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դա խորհրդարանի գործն է։
Ի վերջո, խորհրդարանն է օրենքներ ընդունում եւ բոլորին «պարտավորեցնում» կատարել այդ օրենքները։ Բոլորովին այլ՝ համարյա անզուգական հաճույք է ուսումնասիրելը, թե ինչպես է կառավարությունը պարտավորվում կատարել բյուջեն եռամսյակային համամասնություններով։ Համամասնություն բառն իմաստային որեւէ կապ չունի բյուջեի եռամսյակային բաշխման ներկայացված փաստաթղթի հետ։ Տեսե՛ք. կառավարությունը բյուջեն առաջին եռամսյակում կատարելու է 15%-ի չափով, երկրորդում՝ 20, երրորդում՝ 25, իսկ մնացած 40%-ը չորրորդ եռամսյակում։ Եթե հաշվի առնենք այս փաստաթղթի կազմման ժամկետները. բարդ չէ ենթադրել, որ առաջին 8-9 ամիսները ներկայացված են ըստ իրական կատարողական ցուցանիշների։ Տարվա վերջին երեք ամիսների դիմաց գրված թվերը ստացվել են շատ ավելի պարզ մեթոդով։ Բյուջեի հաստատված թվերից հանվել է 9 ամսվա կատարողականը եւ մնացորդը «պլանավորվել» վերջին ամիսների վրա։ Հույժ եւ խիստ արհեստավարժ այս մեթոդը դժվար թե որեւէ մեկնաբանության կարիք ունի։
Բյուջեի կատարումը ըստ եռամսյակների բաշխելու դեպքում, եթե ինչ-որ տրամաբանություն լիներ՝ հանրակրթական դպրոցներին տրվող ֆինանսական միջոցների 36%-ը, բուհերին տրվող միջոցների մոտ 39%-ը՝ տարեվերջին չէին թողնի։
Կարդացեք նաև
1998 թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները (տոկոսներով)
Ծախսերի գործառական դասակարգում 1998թ․ եռամսյակներ
հազար դրամ I II III IV
1. Ընդհանուր պետական ծառայություններ 21681995 14,5 22,0 21,5 42,0
2. Պաշտպանություն 33343000 17,5 26,0 24,3 32,2
3. Հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգություն 13638383 13,7 23,0 22,7 40,6
4. Կրթություն եւ գիտություն 21412566 18,2 20,7 22,6 38,5
5. Առողջապահություն 17650960 16,2 12,0 19,0 52,8
6. Սոցիալական ապահովություն 21283380 21,2 24,0 26,8 28,0
7. Մշակույթ, սպորտ, կրոն 4239600 16,0 20,7 25,3 38,0
8. Բնակարանային կոմունալ տնտեսություն 9006300 5,5 8,2 26,0 50,3
9. Վառելիքաէներգետիկ համալիր 18174759 3,4 3,9 22,0 70,7
10. Գյուղատնտեսություն 13468774 8 17,3 30,7 44,0
11. Լեռնահանքային արդյունաբերություն 1710738 8,1 18,3 27,8 45,8
12. Սպորտ, տրանսպորտ եւ կապ 6784239 10,1 14,1 32,1 43,7
13. Այլ տնտեսական ծախսեր ցուցակը կազմված է թվաբանական սխալով
14. Հիմնական խմբին չդասվող ծախսեր ցուցակը կազմված է թվաբանական սխալով
Ընդամենը 211702503 15,6 20,4 24,7 39,3
Այս հիմնարկներին ամռանն է պետք վերանորոգման համար փող։ Խոլերան էլ ամռան շոգերին էր ոգեւորված մոլեգնում, բայց հիվանդանոցներին հասանելիք փողի 38%-ը կտրվի միայն ձմռանը՝ վերջին եռամսյակում։ Հիգիենիկ հակահամաճարակային ծախսերն էլ են զավեշտորեն բաշխված՝ առաջին եռամսյակ՝ 23%, երկրորդ՝ 0,2, երրորդ՝ 12,4, չորրորդ՝ 85,2%։ Իհարկե, կարելի է հիմնավորել, որ այդ ամիսներին էլ հարբուխն ու գրիպն են մոլեգնելու։ Սակայն նույն որակի հիմնավորումները չեն աշխատի աղբահանության ու թափոնների վերամշակման ֆինանսավորման համակարգի «համամասնականությունը» բացատրելիս։ Կառավարությունը այս գործի համար նախատեսվող գումարի մոտ 78%-ը կտա միայն (կամ նույնպես) տարվա վերջին։
Սա էլ կարելի է հիմնավորել, թե բնակչությունը կենցաղային աղբ ամենաշատը «թափում է» նոր տարվա պատրաստություն տեսնելիս։ Հրապարակված աղյուսակն ուսումնասիրելիս ակնհայտ էր դառնում, որ կառավարությունն իր հույսերը կապել է տարվա վերջին 1-2 ամսվա հետ։ Քանի որ մինչեւ այժմ չկա տարվա առաջին կիսամյակի կատարողական պաշտոնական ցուցանիշները, հանգիստ խղճով կարելի է ենթադրել, որ պետական բյուջեի կատարումը լուրջ հարցականի տակ է։ Եվ այս ենթադրությունը հավասար չափով զգուշավոր է դարձնում թե՛ բյուջետային ոլորտի աշխատակիցներին, թե՛ տնտեսավարող հարկատուներին։ Բյուջեի թերակատարման դեպքում առաջինները չեն ստանա իրենց հասանելիք գումարը։ Իսկ հարկատուները, ենթադրվում է, որ սարսափով սպասում են հարկահավաքության հերթական «կոմպանիային»։
Բյուջեի կատարման հույսը, ակնհայտ, նախատոնական մեծ առեւտուրն է, երբ առեւտրական կազմակերպությունները կփորձեն կատարել իրենց վրա «դրված» բարձր պարտավորությունները։ Իրենց բաժին «վերջնագրերից» չեն խուսափի նաեւ արտադրական կազմակերպությունները։ Տարվա ամենակառավարական՝ չորրորդ եռամսյակի վրա բյուջեի կատարողականի 40 տոկոսանոց պարտավորություն է դրված։ Գուցե թաքուն մի հո՞ւյս կա, որ կատարողականը «կփոխանցվի» տարվա չեղած, բայց ամենաերազելի՝ հինգերորդ եռամսյակ։ Հիշեցնենք, որ այս քայլի տնտեսագիտական անունը սեկվեստոր է։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ