«Առավոտը» նախկինում հաճույքով ներկա է եղել ՍԻՄ-ի «Ընկեր Փանջունի» սրճարանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին՝ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի բացման արարողություններին։ Երեկ էլ մեծ հաճույքով մասնակցեցինք ՀՀՇ-ի «Խանջյան 27» ակումբ-սրճարանի բացման շնորհանդեսին։ Առավել մեծ հաճույքով կընդունենք ՀՅԴ-ի հրավերը, եթե իրենց այժմ զբաղեցրած շենքում, որ նախկինում «Հայձուկ» միավորմանն էր, ծովային ուտեստների ռեստորան բացեն։ Եվ ընդհանրապես, կընդունենք ցանկացած կուսակցության՝ խորովածանոց կամ սննդի ինչ-որ օբյեկտ բացելու հրավերը, քանզի առավել ազնիվ արարք նրանցից չենք ակնկալում։
Հումորի զգացում չունեցողներին, որոնք չեն ցանկանում հաշվի առնել շաբաթ օրվա եւ քաղաքական բախումներից մեր հոգնած լինելու իրողությունը՝ առաջարկում ենք տեսողությունն այս հրապարակման վրա չփչացնել։
Ինչպես էր այս ամենը սկսվում
Վանո Սիրադեղյանի հետ սեպտեմբերի սկզբին մի հարցազրույցն էր առիթը, որ պատահաբար ականատես դարձանք առաջին քննարկումներից մեկին. խմորվում էր այս սրճարանի գաղափարը, եւ ի վերջո այն հայտնվեց «Հայքի» տիրույթում։ Սրճարանի անվանման տարբերակներ էին մշակվում եւ Ալեքսանդր Արզումանյանի առաջարկն էր՝ «ՀՀՇ-ի բույրը»։ Ի դեպ, նա նաեւ պնդեց. «Ես այս սրճարանում ձրի եմ սնվելու։ Ես Երեւանի քաղկոմի քարտուղարն եմ՝ այս քաղաքն իմն է»։
Կարդացեք նաև
Տիգրան Հակոբյանը ծրագրում էր կտրոններ բաժանել այն անձանց, որոնք անվճար սնվելու իրավունք կունենային։ «Սա կոմունիստ է»,- նորից կտրոնային համակարգի անցնելու հեռանկարից սարսափեց Արարատ Զուրաբյանը։ Հետո, երբ Տիգրանն իր նախընտրական ծրագրի մի դրույթ ներկայացրեց, թե ուտելիքի հաշիվը կարող են հետո էլ փակել, բայց ուշացման ամեն օրը կես տոկոս է, Արարատն առավել սարսափեց. «Սա վաշխառու է։ Այդ ո՞նց է, որ միլիոնատեր չես դարձել»։ «Ազնիվ եմ աշխատել»,- Շվեյկի ազնիվ հայացքով Արարատի աչքերի մեջ նայելով՝ խոստովանեց Տիգրանը։
Սակայն պրն Զուրաբյանի «սարսափանքն» ու «չարչարմունքը» գագաթնակետին հասան, երբ պրն Հակոբյանը հայտարարեց, որ սրճարանում չպիտի աղմկեն. «Բա չէ՜, պիտի թողնեմ «Պապլավոկ» դառնա՝ իրար ծեծեք»…
Մտահղացման զուսպ հմայքը
Այդ քննարկման ընթացքում Վանո Սիրադեղյանը հստակեցրել էր այն չափանիշները, որոնց պիտի համապատասխաներ սրճարանի խոհարարը. «Պիտի չաղ լինի ու բարեհոգի դեմքով» եւ որպես օրինակ՝ մի խիստ հանրահայտ վերլուծաբանի անուն էր տվել։

Վաղօրոք էր որոշվել, որ սրճարանում կերակրատեսակները պիտի առանձնահատուկ անվանումներ ունենան։ Ասենք, Ալեքսանդր Արզումանյանը փքաբլիթի համար հարմար էր նկատել «Բաբիկ» անվանումը։ Երեկ մեզ ներկայացված ճաշացանկում արդեն իսկ կար «Սմբատիչ» խորտիկը։
Իսկ ընդհանրապես, «Խանջյան 27-ն» առաջարկում է մսի ասորտի «Վարչապետ», քամած մածուն «Ձեռներեց», խառը թթու «Լրջանալու պահը», ձվածեղ «Հայացք Երեւանից» (գլազունյա), ձվածեղ «Ապազգային» (ապխտած մսով), ձվածեղ «Ազգային» (բաստուրմայով), պիցա «Մահ կամ ազատություն» (սնկով, որ պիցայի անվանումից դատելով՝ կարող է եւ թունավոր լինել), փիթի «Փակ նիստ» (կավե ամաններում, փակիչով), թթվապուր «Կարեն Սերոբիչ»։
Տաք կերակուրներից արժանահիշատակ են նաեւ «Կոմկուսի երազանքը» (խաշած նրբերշիկ), «Գալ տարի Պաքուին մէջ» (խաշած ձուկ), «Արհեստավարժը» (տապակած ճուտիկ) եւ վերջապես «Սեպտեմբերի 25-ը» (խոզի լանգետ)։ Եվ սա ճաշացանկի մի մասն է միայն։
Ընկեր ջան, գինի լից
Սեղաններին դրված էր տիպային կենացների տիպական ցուցակը, որն, ըստ պարունակվող պնդման, ընդունված էր կառավարության փակ նիստում եւ հաստատված ՀՀ նախկին վարչապետի կողմից։ Այս ցուցակը հնարավորություն էր ընձեռում առանց ավելորդ երկարաբանությունների՝ ուղղակի նշել կենացի թիվը եւ խմել։ Ընդ որում, ներառված էին ազգային, ազատագրական եւ այլ բովանդակության 23 կենացներ՝ որոշները պարտադիր արարողակարգով։ Ասենք, 4-րդ՝ «Ախպերության կենացի» համար «պաչպռոշտի» էր սահմանված, իսկ 16-րդի՝ «Ծնողների կենացը» «վոտնկած» պիտի խմվեր։

Ընթացքում նոր կենացներ էին ծնվում։ Արարատ Զուրաբյանն, ասենք, օրվան պատշաճող մի կենաց երկնեց. «Կյանքում օբյեկտումդ դանակահարություն չլինի»։
19-րդ՝ «Ազգիս կենացի» նմանությամբ լրամշակման առաջարկներ հնչեցին. «Հայոց աշխարհիս», «Հայաստանի Հանրապետությանս» եւ վերջապես «Երկիրիս» կենացը։
Ինձ առավել հոգեհարազատ էր 17-րդ կենացը, որի բովանդակությունն առավել համապարփակ էր. «Է՜հ»։
Պաշտոնաքաղաքական մաս
Միայն վերջում նշենք, որ «Խանջյան 27» սրճարան մտան «Հանրապետություն» խմբակցության քարտուղար Քոչար Դավթյանի իտալական կարմիր փողկապը կտրելով (տես՝ առաջին էջի լուսանկարը)։ Կարմիր ժապավեն ուղղակի չունեին, ու Շահեն Պետրոսյանն անձնազոհաբար իր կարմիր վերնաշապիկն էր առաջարկում։


Հուսահատ սկսեցի ներկաների մեջ մեկ ուրիշին փնտրել, որ կդատապարտեր կուսակցական գործունեության այսօրինակ «դրսեւորումները»։ Վերջին հույսս Տեր Հուսիկն էր, բայց նա էլ այս սրճարանի բացումը «շատ ողջունելի եւ առաջադեմ երեւույթ» անվանեց, պատմեց, որ Եվրոպայում շատ կուսակցությունների շենքերում նման պանդոկներ կան եւ խոստովանեց, որ ՀՀՇ վարչության նախագահ եղած ժամանակ ինքն էլ է նման ծրագիր ունեցել, բայց ընտրությունները խանգարել են։ Եվ ոչ ոքի մտքով չէր էլ անցնում զգուշանալ այս ձեռնարկի հնարավոր վերջաբանից։
Տիգրան Հակոբյանն ինձ խոստովանեց. «Մանկուց երազել եմ «զալի վարիչ» դառնալ։ Հաճույք եմ ստանում օրական երկու ժամ այս ակումբ-սրճարանով զբաղվելուց։ Պետական գործը չորացրեց ինձ։ Պե՜տք էր, հա՞։ Տեղից տեղ էին քշում, ոչ ոք չէր գնահատում… Սա լավ է, սա իմն է արդեն»։ Հրապարակավ էլ հայտարարել էր, որ սրճարանի թերթապատկան լինելը պայմանավորված է «Հայքի» համար մի քիչ գումարներ աշխատելու ջանքով. «Եվ ես խոստանում եմ, որ շուտով այս սրճարանը կգրավի ՀՀՇ-ի ամբողջ առաջին հարկը»։
Բայց ես հո հիշում եմ, որ դեռ առաջին քննարկման ժամանակ էր Տիգրան Հակոբյանը երազկոտ-ոգեւորված ասում, թե նկուղում էլ ապագայում սաունա կբացի. «Եվ ընդհանրապես, ՀՀՇ-ն փակելու եմ՝ այս շենքում հյուրանոց բացեմ»։ … Չլինի՞ իշխանությունների պատվերն է կատարում, հը՞։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի


















































