Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՇԽԱՏԵԼՈԻ ԵՄ ՇԱՏ ԱՐԱԳ, ԿՏՐՈՒԿ, ՀՍՏԱԿ, ԴԱ ԻՄ ԱՇԽԱՏԱՈՃՆ Է»

Նոյեմբեր 18,1998 00:00
Hayk Nikogosyan

Առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի առաջին հարցազրույցը

-Պրն Նիկողոսյան, մոտ 15 օր առաջ, երբ մենք հանդիպեցինք ԳԱԱ-ում, ձեզ հարցրի, եթե ձեզ առաջարկվի առողջապահության նախարար դառնալ, դուք կհամաձայնվե՞ք։ Այն ժամանակ դուք պատասխանեցիք, որ շատ զբաղված եք՝ եւ արտասահմանում, եւ այստեղ դասախոսություններ, աշխատանք «Դիագնոստիկ» կենտրոնում, եւ դժվար թե համաձայնվեք։ Ձեր անունն արդեն վաղուց շոշափվում է այս տեղի հավանական թեկնածուների շարքում։ Եվ ահա, դուք առողջապահության նախարար եք։ Իհարկե, շնորհավորում եմ ձեզ, բայց եւ ուզում եմ հարցնել՝ ինչպես եղավ, որ համաձայնվեցիք։

-… Ես հպարտ եմ, որ իմ անունը շոշափվում էր որպես հնարավոր նախարարի թեկնածու, եւ ես այո, էլի գտնում եմ, որ կար 2 գործոն. մեկը «Դիագնոստիկայի» նման անսովոր, շատ արդյունավետ հիմնարկի ստեղծումն է շատ կարճ ժամանակամիջոցում եւ միջազգային մակարդակի կենտրոնի կարգավիճակի հասցնելը, որն անշուշտ կարող էր բերել մտայնության, որ նման ղեկավարը կարող է ավելի մեծ ոլորտ ղեկավարել, եւ երկրորդն՝ այն, որ ես այո, առողջապահական կառավարման մասնագետ եմ։ Շատ ուրախ եմ, որ առողջապահության կառավարումն ընկալվում է որպես մասնագիտություն, արեւմուտքում վաղուց արդեն այդպես է։ Ես վստահ եմ, որ իմ պարտքն է այդ ընկալումը տարածել ավելի ներքեւ, որովհետեւ յուրաքանչյուր ոլորտ առաջին հերթին տնտեսավարման ոլորտ է։

Որքան էլ մենք բժշկությանը նայենք որպես բուժօգնություն, ամեն դեպքում բուժօգնությունը չի կարելի նույնացնել առողջապահության հետ։ Առողջապահությունը արդեն տնտեսավարման, հասարակական ոլորտ է, հետեւաբար, նա պետք է ղեկավարվի, ենթարկվի նույն կառավարման օրենքներին, գոնե կառավարման դասական օրենքներին։ Ինչո՞ւ ես այն ժամանակ ասացի՝ ոչ։ Ոչ միայն այն ժամանակ, այլեւ եթե դուք ինձ հարցնեիք երեք օր առաջ էլ, էլի կասեի՝ ոչ, որովհետեւ դա բավականին պատասխանատու հայտարարություն է։ Դու նշանակվում ես նախարար եւ կառավարության անդամ։ Գոյություն ունի որոշակի էտիկետ, երբ դեռ առաջարկը չի արված պաշտոնապես, դրա մասին խոսելն իմաստ չունի։ Ես կարծում եմ, որ դուք պետք է ներողամիտ լինեք, մանավանդ, կարող եմ վստահաբար ասել, այդ պահին ինձ ոչ մի առաջարկ չէր արված։

-«Դիագնոստիկ» կենտրոնում ձեր աշխատանքը պահպանվելո՞ւ է…

-Միանշանակ՝ ոչ։ Ոչ թե նրա համար, որ ես չէի կարող։ Կարելի էր ձեւ գտնել ինչ-որ իրավաբանական լուծումներ տալ, որպեսզի պահպանվեր, բայց ես սկզբունքորեն դեմ եմ, որ նախարարը որեւէ այլ աշխատանք կատարի, մանավանդ վարչական։ Նախարարը չի կարող կես դրույքով նախարար լինել, նախարարը պետք է աշխատի լրիվ նվիրվածությամբ։ Դա եւ իրավաբանական, եւ բարոյական հարց է։ Նա պետք է ցույց տա, որ իր համար մի էջ փակվել է եւ սկսվել է մեկ այլ էջ։ Միակ աշխատանքը, որ միգուցե պահպանեմ, գիտական, դասախոսական աշխատանքն է, որը սահմանադրությամբ թույլատրվում է, մանավանդ իմ գիտական եւ դասախոսական աշխատանքը վերաբերում է առողջապահության կառավարմանը։ Այդ դեպքում չի ստացվի, որ ես զբաղված եմ այլ աշխատանքով։

-Ի՞նչ կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են սպասվում առողջապահության նախարարությանը։

-Կադրայինի մասին առայժմ ասել չեմ կարող, բայց, որ կառուցվածքային փոփոխություններ լինելու են 2 պատճառով, մեկ, որ կյանքը շարունակվում է, զարգանում է, եւ գալիս են նոր պահանջներ, եւ երկրորդ, որ կառուցվածքը, որին ես հիմա նստած ծանոթանում եմ, որի մասին գիտեի էլ, իմ կարծիքով, օպտիմալ չէ։ Ես չէի ուզի սա համարվեր դժգոհություն կամ… Ամեն նախարար ունի իր կարծիքը, իր տեսակետը, իր աշխատաոճը, իր պատկերացումը։ Սա թող չհնչի քննադատություն։ Իմ կարծիքը, որ կառուցվածքը օպտիմալիզացման կարիք ունի, առաջիկա օրերին կզբաղվեմ այս հարցով եւ կներկայացնեմ համապատասխան առաջարկ կառավարությանը, որովհետեւ կառավարությունն է, որ հաստատում է նախարարության կառուցվածքը։

-Այսօր դուք կարո՞ղ եք ինչ-որ ժամկետ նշել, որից հետո առողջապահության համակարգը, որն այսքան խոցելի է, քարկոծվում է եւ արդարացի քննադատվում, ոտքի կկանգնի եւ կտեսնեք, որ այս ոլորտում աշխատանք արվում է։ Ձեր առջեւ ժամկետներ դրվա՞ծ են։

-Կառավարությունը իմ առջեւ դրել է ժամկետ, որը կարծում եմ, ոչ մի ժամանակ, ոչ մեկի առջեւ չի դրվել։ Երեւի ոչ միայն իմ, ես գիտեմ, որ այսօր մի քանի նախարարներ փոխվեցին, միգուցե նույն պահանջները նրանց առջեւ եւս դրվել են, միգուցե, առողջապահությանը, որպես հատուկ ոլորտ, ավելի խիստ պահանջներ է դրվել։ Բայց ինձ ասվել է. ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նկատելի տեղաշարժեր կատարել։ Ես իմ կողմից պետք է անեմ հաջորդ քայլը եւ ասեմ, որ նկատելի տեղաշարժեր՝ այնքան նկատելի, որ դա զգա բնակչությունը եւ համակարգը, պետք է լինեն մինչեւ տարեվերջ։ Ես չեմ ասում, որ շատ բան կլավանա, բայց, ես կարող եմ վստահեցնել, որ շատ բան կփոխվի։ Ես աշխատելու եմ արագ, կտրուկ, հստակ՝ դա իմ աշխատաոճն է։

-Իսկ Ձեր նշանակման այս պահը որքանո՞վ է հարմար ընտրված, չէ՞ որ եկող տարվա բյուջեն արդեն որոշակի է, եւ հայտնի է, թե առողջապահությանը որքան կտրվի։

-Տակտիկական առումով, այո, միգուցե ամենաօպտիմալը չի, բայց վարչապետը եւ նախագահը ամենատարբեր պատճառներ կարող էին ունենալ, այդ թվում՝ քաղաքական, այդ թվում՝ պահի ճիշտ ընտրություն, միգուցե բոլոր պարագաները հաշվի առել են։ Այո, բյուջեի առումով ամենաօպտիմալը չի, բյուջեն արդեն գրված է, եւ վաղը չէ մյուս օրը ես պետք է ներկայացնեմ ուրիշների գրած բյուջեն, բայց դա կանեմ, դրա համար այս մի քանի օրը կաշխատեմ։ Հարցը միայն ֆիզիկական ծավալը չէ, այլ այն, թե ինչքանով կհասցնես քո ծրագիրը, քո հասկացությունը տեղավորել մի փաստաթղթում, որը դժվար է արդեն շատ մեծ փոփոխությունների ենթարկել, որովհետեւ, վերջին հաշվով դա արդեն կառավարության ներկայացրած փաստաթուղթն է եւ ոչ միայն նախարարի։

Կառավարությունը մնում է կառավարություն։ Նա պետք է փորձի բալանսավորել իմ ծրագիրը նախորդ գրվածի եւ հնարավորությունների հետ։ Բայց իմ գլխավոր գիծը կարող եմ արդեն ասել. մտայնությունը, որ առողջապահությունը կարող է քիչ կառավարվել, առողջապահությունը պետք է ենթարկվի շուկայական տնտեսության նույն օրենքներին, ինչպես մյուսները, արմատապես սխալ է։ Ես շարունակելու եմ ազատական գիծը, այն պարզ պատճառով, որ ինքս ազատականացման կողմնակից եմ, եւ կառավարության գիծն էլ է դա, բայց թույլ չեմ տալու, որ առողջապահությունն ընկալվի նույնպիսի շուկայական ոլորտ, ինչպես ամեն ինչը։ Բուժօգնության արժեքը սոցիալական է, սա հասարակական օրենք է ու հասարակական բարիք եւ առանձնացվում է, այս առումով, բոլոր այլ ոլորտներից։ Մնացածի մասին կասեմ եկող շաբաթ։

Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30