Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻ ԳՈՂԸ ԳՈՂ Է

Նոյեմբեր 18,1998 00:00
jur

Հայաստանում ջուր շատ-շատ կա, բայց հագենալ չենք կարող… Խմելու ջրի պրոբլեմը նորույթ չէր նաեւ քաղաքապետարանի կոմունալ ծառայության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի համար։ Վերջինս այն բացատրեց ջրամատակարարման ցանցի 38 տարվա վաղեմությամբ։ Ըստ պրն Խաչատրյանի, Երեւան է մտնում օրական 200 հազար խմ ջուր, որն ապահովում է աբոնենտների անհրաժեշտ պահանջարկը։ Այս հարցում նա ընդգծեց մեկ այլ կարեւոր բան՝ ճանապարհներին ջրակորուստների եւ ջուր շռայլողների խնդիրը։ Վերջիններս, ինչպես պարզվեց, մասնավոր օբյեկտների տերերն են։ Այս պահի դրությամբ 30 օբյեկտներում ջրաչափեր են տեղադրված։ Ինչ վերաբերում է ջրի վարձից խուսափող օբյեկտներին, ապա համաձայն օրենքի, վերջիններիս ջրածորակներն անջատվում են։ Պրն Խաչատրյանը խորհուրդ տվեց բնակչությանը նույնպես տեղադրել ջրաչափեր, որոնք կարող են ձեռք բերել՝ համապատասխան ձեռնարկությանը վճարելով 17 հազար դրամ (ծառայությունը՝ ներառյալ)։

Ինչ խոսք, ջրի «գողերին» պատժելը տեղին է, բայց որքանով է տեղին 17 հազար դրամ սահմանված գումարը, եթե հաշվի առնենք, որ ջրաչափերը տեղադրվելու են խոհանոցում եւ լոգարանում, ինչը կազմում է 34 հազար: Ներկայիս սոցիալական պայմաններում սա խնդիր է, որը հարցականի տակ է դնում ջրաչափերի անհրաժեշտության հարցը։ Համաձայն մեր ունեցած տեղեկության, թաղամասեր կան, որ շաբաթներով զրկված են ջրից, ինչը պրն Խաչատրյանը բացատրեց վթարների պարբերականությամբ, որոնք «անմիջապես լիկվիդացվում են»: Հավանաբար, Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի բնակիչների ջրածորակների «վթարը» երեք օրը մեկ է «լիկվիդացվում»։ Ամեն դեպքում, մենք՝ քաղաքացիներս, ի տարբերություն մարզերի բնակիչների, «երես առած ենք» ջրամատակարարման հարցում, թեպետ որոշ շրջանների համեմատ, որտեղ ջրամատակարարման ցանցը նորակառույց է (ինչն ապահովում է շուրջօրյա ջրամատակարարում), մենք ուղղակի մարզ ենք։

Կոմունալ ծառայության վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ նոր ջրամբարների կառուցում չի նախատեսվում եւ գործողների ջուրը զուլալ է, քանզի սանէպիդկայանի եւ քաղաքապետարանի համապատասխան լաբորատորիաների կողմից ստուգվում են օրը երկու անգամ։ Այնպես որ, անուշ խմեք։ Իսկ թե ինչու հրատարակչության շենքին տրվող ջրից յուրահատուկ համ է գալիս եւ այն նստվածք է թողնում ապակու վրա, պրն Խաչատրյանը վստահեցրեց, որ լրագրողներին տրվող ջուրը պղտորված չէ եւ խնդիրը պետք է փնտրել ջրամատակարարման ներքին ցանցում։ Ի դեպ, մենք՝ լրագրողներս, ինչպես իմացանք, մեր ծարավը հագեցնում ենք Արարատյան պոմպակայանի աղբյուրից։ Մեր զրույցի վերջում կոմունալ ծառայության վարչության պետը հույս հայտնեց, որ նյութը լույս կտեսնի առանց իր խոսքի խեղաթյուրումների, ընդգծելով. «Ես պատկերացնում եմ, որ լրագրողները նորմալ մարդիկ են եւ եթե որեւիցե մեկը այլ նպատակներ ունի… ավելի լավ է ուրիշ տեղում աշխատի»։

Միգուցե պրն Խաչատրյանի մտավախությունը անձնական խոսքի խեղաթյուրման վերաբերյալ հիմքեր ունի, սակայն անհիմն է լրագրողներին այլ նպատակներում փնտրելու ձգտումը, քանզի, ինչպես լրագրողը, այնպես էլ պետական ծառայողը այլ նպատակներին ծառայելու դեպքում իր տեղում չի կարող լինել։ Ուշադրություն. Քաղաքապետարանի կոմունալ ծառայության վարչության կողմից գրանցվել են իրավախախտումներ համատիրության նախագահների կողմից։ Բնակիչներից հավաքվում է ջրի վարձը, սակայն այն խնայբանկ չի մտնում։ Բնակիչը մուծելով ամսական վարձը՝ կրկին պարտք է մնում։ Նման դեպքերում պատասխանատվությունից ազատվում են այն համատիրությունները, որոնք ջրմուղ-կոյուղու հետ ունեն կնքած պայմանագրեր ջրի վարձի վճարումները համատիրության կողմից կատարելու մասին։ Մնացած բոլոր դեպքերը գնահատվում են որպես օրենքի խախտում եւ անհրաժեշտության դեպքում խախտողները ենթարկվում են քրեական պատասխանատվության։

Պրն Խաչատրյանը հիշեցրեց նաեւ սպառողներին (մասնավոր օբյեկտների, խանութների տնօրեններին) դառնալ ջրմուղ-կոյուղու աբոնենտը եւ պայմանագրային հիմքերի վրա տեղադրել ջրաչափեր։ Հակառակ դեպքում՝ վերջիններիս հանդեպ ձեռք կառնվեն համապատասխան միջոցներ։

ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30