Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի պաշտպանը մեղադրողին մեղադրեց մանիպուլյացիաների մեջ

Փետրվար 23,2024 18:10

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով փետրվարի 23-ի դատական նիստին նա չէր ներկայացել: ՊԵԿ նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը բացակայում է առողջական խնդիրների պատճառով եւ ծայրահեղ վատ վիճակում է գտնվում: Նա բժշկական տեղեկանք ներկայացրեց եւ առաջարկեց միջնորդության քննարկումը կատարել ամբաստանյալի բացակայությամբ:

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ միջնորդությունը չի կարող քննարկվել եւ ասաց, որ պետք է ներկայացվի պատշաճ փաստաթուղթ: Փաստաբանն էլ ասաց, որ այս պահին իր ձեռքի տակ եղած փաստաթուղթը հեռախոսի մեջ է ու թղթի վրա տպված չկա:

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի առողջության վերաբերյալ՝ տարբեր օրերի ներկայացված բժշկական փաստաթղթերում եղածի իսկությունը ստուգելու համար: Նաեւ հավելեց. «Անհրաժեշտություն կա գնահատելու պաշտպանական կողմի վարքագիծը, որովհետեւ պաշտպանի խոսքից պարզ է դառնում, թե նորմալ է, որ բժշկական փաստաթուղթ կարող են ընդհանրապես չներկայացնել եւ դատական նիստերին չգալ:

Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Գագիկ Խաչատրյանն այլեւս դատական նիստերին չի գալու, այդ վարքագիծը շարունակվելու է, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեր հետեւություններն անել եւ դրա վրա կառուցել մեր դիրքորոշումը: Այսինքն` կապ չունի՝ բժշկական փաստաթուղթ կլինի, թե՞ չի լինի, ու արձանագրենք, որ նա հիվանդ է եւ այլեւս չի՞ գալիս դատական նիստերին: Իրավունքի չարաշահման այս դրսեւորումը լինելու է պարբերական կայուն վարքագի՞ծ, թե՞ որեւէ փուլում փոխվելու է»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ ամեն դատական նիստին զարմանում է մեղադրողի մանիպուլյացիաներից, ապա հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին ասել է, որ որպեսզի շտապ օգնության բժիշկները Գագիկ Խաչատրյանին կարողանան տեղափոխել դատարան, սակայն մեղադրողը նրա ձեւակերպմամբ՝ մանիպուլյացիայի է դիմել. «Մեղադրողն ասում է՝ տեսեք, ամեն անգամ նիստից առաջ շտապ օգնություն են կանչում: Նորից եմ կրկնում՝ նիստից առաջ շտապ օգնությունը եկել էր, որպեսզի Գագիկ Խաչատրյանին տեղափոխեր դատարան, բայց վիճակից ելնելով չեն կարողացել:

Երկրորդ, մեղադրողն ասում է՝ պաշտպանն ասում է, թե կարող են բժշկական փաստաթղթեր չներկայացնել: Ոչ, պաշտպանն ասում է, որ բժշկական փաստաթղթերը գործում են, մեղադրողն էլ չի կարող ասել, որ այդ փաստաթղթերում նշված հիվանդություններն այլեւս չկան: Եթե նա պահանջում է ամեն անգամ փաստաթուղթ ներկայացնել, ուրեմն թող չասի, բա ինչու եք ամեն անգամ փաստաթուղթ ներկայացնում: Հիմա ներկայացնե՞նք, թե չներկայացնենք ամեն դատական նիստին փաստաթուղթ այն մասին, թե ինչ առողջական խնդիրներ ունի Գագիկ Խաչատրյանը…Եվ վերջապես, եթե մեր ներկայացրած բժշկական փաստաթղթերը կասկած են հարուցում, ինձ համար էլ մեղադրողի կողմից ներկայացված ամեն փաստաթուղթ է կասկած հարուցում»: Պաշտպանի խոսքից, մեղադրողը բորբոքվեց:

Դատարանը որոշեց միջնորդության քննությունը շարունակել ամբաստանյալի բացակայության պայմաններում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829