Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԳՈՒՄԱՐ Է ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ՄԵՐԼԻՆ ԼԻՆՉԸ

Նոյեմբեր 19,1998 00:00
Perno ricar

Հոկտեմբերի 17-ին վարչապետն արդեն գիտեր, որ «Պեռնո Ռիկարը» չի գնելու կոնյակի գործարանը։ Անցած ամիս մեր թերթում հրապարակված «ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արձանագրություն N 123-269» փաստաթուղթը դեռ երկար կմնա քաղաքական ու տնտեսական վերլուծությունների ու շահարկումների թեմա։ Հարցն ամենեւին էլ այն չէ, որ հասարակությունը այդ փաստաթղթի հրապարակումով առաջինը իմացավ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման մասին։

Այս փաստաթղթի շատ պարբերություններ առայժմ անհասկանալի են։ Օրինակ, այն կետը, որով ՀՀ սեփականաշնորհման նախարար Պ. Ղալթախչյանին հանձնարարվում է «Հայկոոպ» սպառողական միությունից ստանալ 624 մլն դրամ (մոտ 1 մլն 200 հազար դոլար)։ Դժվար է բացատրել, թե ինչ կապ ունի սեփականաշնորհման նախարարությունը «Հայկոոպ» հասարակական կազմակերպության հետ։ «Հայկոոպը», ինչպես հայտնի է, վաճառել է իր երկու շուկաները։ Եթե խոսքը գնար այդ վաճառքից հետո մուծվելիք հարկերի ու պետական պարտքերի տուրքերի մասին, վարչապետը հավանաբար հարկային տեսչությանը կհանձնարարեր «ստանալ» այդ հարկերը։

Հաջորդ անհասկանալի կետը ՀՀ տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների նախարար Վ. Ավանեսյանին տրված հանձնարարությունն էր։ Նրան հանձնարարվում է «Merlin Linch» ընկերությունից ստանալ 780 մլն դրամ։ Այս ընկերությունը մեր կառավարության պատվերով միջազգային աճուրդներն է կազմակերպում։ Նրա օգնությամբ վաճառվել են կոնյակի գործարանը, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցները։ Իր կատարած աշխատանքի դիմաց նա, բնականաբար, վարձատրվում է մեր կառավարության կողմից։ Հետեւաբար, խիստ անհասկանալի էր, թե Մերլին Լինչը ինչ 780 մլն դրամ պետք է վճարի։

«Առավոտ» թերթին տված իր հարցազրույցում Վահրամ Ավանեսյանը հրաժարվեց նման հանձնարարություն ստանալու փաստից։ Ազգային ժողովում կառավարությունից փորձեց այս հարցի պատասխանը ստանալ Արշակ Սադոյանը։ Պատասխան, բնականաբար, չտրվեց, եւ պրն Սադոյանն իրեն բնորոշ անմիջականությամբ եզրակացրեց, որ կառավարությունը Մերլին Լինչից փորձում է «հետ ստանալ իր տված կաշառքը»։

Փորձենք ինքնուրույն հասկանալ՝ ինչ 780 մլն դրամի մասին է խոսքը։ Նախ նշենք, որ փաստաթուղթը կազմելու պահին այս գումարը ուղիղ մեկուկես մլն դոլար էր կազմում։ Կոնյակի գործարանի վաճառքը ԱԺ-ում ներկայացնելիս կառավարության անդամները նշում էին, որ Մերլին Լինչը գործարանի վաճառքում հանդես է եկել որպես միջնորդ։ Նշվեց, որ համաշխարհային պրակտիկայում միջնորդները որպես վարձավճար ստանում են գործարքի գումարի 5-8 տոկոսը։ Թե որքան գումար էր ստանալու Մերլին Լինչը՝ չհրապարակվեց։ Բացատրությունը պարզ էր՝ նման բաները կոմերցիոն գաղտնիք են համարվում։ Այսօր արդեն մեր ունեցած թվային տվյալներով կարելի է ենթադրել, որ Մերլին Լինչին վճարվել է գործարքի ընդհանուր գումարի 5 տոկոսը։ Պեռնո Ռիկարը Երեւանի կոնյակի գործարանի գնման պայմանագիրը կնքել էր 30 մլն դոլարով։ Այս գումարի հինգ տոկոսը կազմում է 1,5 մլն դոլար։ Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ վերոհիշյալ հանձնարարությունը տալու պահին վարչապետը տեղյակ էր, որ Պեռնո Ռիկարը հրաժարվել է գնել կոնյակի գործարանը։

Հավանաբար հենց այս պատճառով էլ նախարար Ավանեսյանին հանձնարարվել է հետ ստանալ միջնորդ կազմակերպությանը մուծված հոնորարը (կամ վարձավճարը)։ Բայց այս դեպքում բաց է մնում մեկ հարց. ինչո՞ւ Պեռնո Ռիկարը հրաժարվեց գործարքից։ Հիշեցնենք, գործարքի կայացման վերջնական ժամկետը դեկտեմբերի 14-ն է։ Հուսանք, որ առաջիկա 20-25 օրվա ընթացքում պաշտոնական տեղեկատվություն կհրապարակեն թե՛ մեր կառավարությունը, թե՛ Պեռնո Ռիկարը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30