Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 25,1998 00:00
hyd

Դաշնակցությունը վարում է ՀՀՇ-ի ռեաբիլիտացիայի քաղաքականություն

Այլ եզրակացության հնարավոր էլ չէ հանգել՝ հետեւելով դաշնակների վերջին շրջանի գործունեությանը: Ըստ ամենայնի, ՀՅԴ-ն որոշել է երախտահատույց լինել նախկին ռեժիմին, որն իր հերթին ամեն ինչ անում էր Դաշնակցության վարկանիշը զանգվածների շրջանում բարձր պահելու համար՝ արգելելով կուսակցությունը եւ մի քանի տասնյակ մարդ բանտարկելով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դաշնակները նախագահական ընտրություններին պաշտպանեցին Ռոբերտ Քոչարյանին եւ արդյունքում ստացան մի շարք պետական պաշտոններ: Ըստ այդմ, կուսակցությունը պետք է զանգվածներին ապացուցեր, որ իր հանդեպ անարդար են վարվել: Դրա համար երկու ճանապարհ կար՝ արդյունավետ աշխատանք կամ ինքնարդարացում: Քանի որ առաջինը չստացվեց, ընտրվեց երկրորդ ճանապարհը: Առաջին նշանակալի քայլը հոկտեմբերի 30-ի հանրահավաքն էր, որտեղ նախ չքմեղացան, որ ինչ որ ուժեր խանգարում են ՀՅԴ-ին աշխատել, ապա կարդացվեց հանցագործների մի ցուցակ: Եվ այստեղ տեսարանների սիրահարներն ու քաղաքական ու մերձքաղաքական շրջանակները հասկացան, որ հարյուրամյա կուսակցությունը ի վիճակի չէ նույնիսկ մի կարգին ցուցակ էլ կազմել:

Շատերը ըմբռնեցին նաեւ, որ այդ ցուցակը կազմված էր ըստ կուսակցության նախասիրությունների եւ քաղաքական նպատակահարմարության: Սա նախկին ռեժիմի տնտեսական գործունեության ռեաբիլիտացումն էր: Այդժամ մամուլը հեղեղվեց նշանավոր դաշնակցական Հ. Քաջազնունու թեւավոր արտահայտությամբ՝ Դաշնակցությունն այլեւս անելիք չունի: Սակայն թե՛ Քաջազնունին, թե՛ հայկական մամուլը չարաչար սխալվում էին. կուսակցությունը դեռ անելիք ու ասելիք ուներ: Եւ ահա անցյալ շաբաթ կուսակցության հովանավորությամբ Երեւանում գումարվեց Ազգային գաղափարախոսություն թեմայով գիտաժողով, որի գերխնդիրը նախկին նախագահին ապացուցելն էր, որ ազգային գաղափարախոսությունը ոչ միայն գոյություն ունի, այլեւ կեղծ կատեգորիա չէ:

Ըստ այդմ, հարցերի շրջանակը լայն էր եւ կոնկրետ՝ Հայաստանում ամեն ինչ պետք է ազգայնացվի՝ թվաբանությունից մինչեւ ֆլորա եւ ֆաունա: Եթե այդ գիտաժողովն ամբողջությամբ սփռվեր հեռուստատեսությամբ, մարդիկ կհամոզվեին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր: Սակայն կազմակերպիչների բախտը դժվար թե բերի. այն, ինչ արդեն տպագրվել է մամուլում, բավական է դրանում համոզվելու համար: Կարելի է հումորի վերածել այն ամենը, ինչ ասվել է այդ գիտաժողովում, սակայն այսօրվա զարգացումների ֆոնին գիտաժողովում հնչած մտքերը շատ ավելի վտանգավոր են, քան նախկին վարչակարգի լոզունգները: Արժե անդրադառնալ դրանց: Գենետիկ խնդիր: Նախագահի խորհրդական, ազգագրագետ Վահան Հովհաննիսյանը նախ նշեց, որ երբ խոսում են զանազան երկրներում նշանավոր հայերի, նրանց գործերի մասին, դա կապ չունի ազգային գաղափարախոսության հետ: Զարգացնելով այս միտքը, նշվեց, որ Վիլյամ Սարոյանը եւ Շառլ Ազնավուրը հայ չեն: Եվ յուրաքանչյուրը, ով հավակնում է հայ լինել, պետք է դա ապացուցի: (Ժամանակին մի կուսակցություն կար, որ զբաղվում էր «հայաճշտման» գործերով:

Տարիներ շարունակ աշխատելով այդ բնագավառում, այս կուսակցության անխոնջ անդամները զանազան ուսումնասիրությունների՝ էթնիկական, հոգեբանական, մարդաբանական, գենետիկական եւ այլն, արդյունքում տխուր հետեւության էին եկել՝ ներկայիս հայ ժողովուրդը գրեթե գենետիկ կապ չունի «իսկական» հայերի հետ (նկատի ունեին Հայկ նահապետի ժամանակները): Հուսահատությունից այդ մարդիկ սկսել էին ցուցակագրել մատների վրա հաշվվող «իսկական» հայերին: (Սա իմիջիայլոց): Գիտաժողովում, սակայն, չնշվեց, որ աշխարհում, այնուամենայնիվ, մեր ժողովուրդը քիչ թե շատ հայտնի է շնորհիվ հենց այդ մարդկանց, որոնց արածը առնչվում է քաղաքակրթության խնդիրներին: Այս դեպքում խնդիրն արդեն ոչ թե նրանց հայ լինել-չլինելն է, այլ այն, թե ինչու են նրանք դրսեւորվել այլ երկրներում ու միջավայրերում, ո՞ւմ մեղքով: Եւ ինչո՞ւ հայ մարդը սովորաբար լիովին չի կարողանում դրսեւորվել սեփական հայրենիքում: Թշնամու կերպարը:

Գիտաժողովի մեխն այն էր, որ 20-րդ դարավերջի մի հայ ակադեմիկոս առաջարկեց ազգային գաղափարախոսությունն ամրապնդելու համար ստեղծել «ազգային թշնամու կերպարը»: Այն այսօր, բնականաբար, թուրքն է (թշնամիների պահեստային երկար ցուցակ ունենք): Տրամաբանական շարունակությունը պատմական տարածքները ետ վերցնելն է: 20-րդ դարավերջի հայ ակադեմիկոսը երեւի թե տեղյակ է, որ դեռեւս մեր թվարկության սկզբներին, թերեւս դրանից էլ առաջ մտածողները հանգել էին մի պարզ ճշմարտության՝ սեփական ժողովրդին օգնելու եւ նրան զարգացման ճանապարհով տանելու համար առաջին հերթին պետք է նրա գիտակցությունից արմատախիլ անել թշնամու կերպարը: Իսկ տիրակալները, ընդհակառակը, ժողովուրդներին ստրկացնելու համար պարտադրում էին այդպիսի գիտակցություն, որը թույլ էր տալիս լիովին կառավարելի պահել հպատակներին: Ամեն ինչի ազգայնացում:

Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ միջազգային բոլոր գաղափարները պետք է ազգայնացնենք, այսինքն՝ հայացնենք: Զարմանալի չէ, որ կամք եւ կարողություններ չունենալով ստեղծել սեփական կուլտուրա, պետք է ա. վերցնենք ուրիշներից, բ. հայացնենք վերցրածը: Ահա անելիք չունենալու գաղտնիքը: Ահա եւ սեփական ժողովրդի ուժերին ու հնարավորություններին չհավատալու, ուրիշների դեղատոմսերով առաջնորդվելու մղումը: Ամեն ինչ հայացնելը ջայլամություն է, սեփական անկարողությունը թաքցնելու ձեւ: Դրա համար էլ մեզ հերթով տրամադրվում են հայացված կոմունիզմ, հայացված դեմոկրատիա, հայացված Հայ դատ եւ համապատասխան գաղափարախոսներ, որոնց գործունեության արդյունքը սովորաբար ողբերգական իրավիճակներն են: Այս գիտաժողովը, ինչպես նաեւ վերջերս Քոչարյան-գրողներ հանդիպումը տխուր խոհերի առիթ է տալիս. չէ՞ որ այս մարդիկ կոչվում են մտավորականներ, այսինքն՝ ազգի մտավոր սերուցքը: Սակայն եկեք լավատես լինենք: Մոտավորապես այսպես. առավոտյան չուխան հագին, խանչալը կողքից կախ Էդվարդ Հովհաննիսյանը դուրս է գալիս հյուղակից եւ օրհնում ազգային լուսաբացը: Ազգային կովերն ու ոչխարները ազգային հովիվը տանում է Թուրքիայից հենց նոր ազատագրված արոտավայրերը, որտեղ Սիլվա Կապուտիկյանը ազգային տրիոլետներ է գրում պատմական հայրենիքի մասին:

Մի անմխիթար ազգային ջոջ, համոզված, որ հայ ազգը արդեն մուկ չէ, զբաղվում է փղերի ներմուծմամբ եւ ազգայնացմամբ: Այդ պահին ամպոտ լեռների կածաններին հայտնվում են Զորի Բալայանն ու լեդի Քոկսը եւ մտածում այն մասին, թե ինչով փոխարինեն Հայ դատը. չէ՞ որ այն արդեն լուծված է: Ազգային ակադեմիկոս Լենդրոշը (անունը դեռ չի հասցրել ազգայնացնել) իսկույն միանում է նրանց եւ մտահոգ ասում, որ նոր թշնամու կերպար է պետք ստեղծել: Մեկ ուրիշ ակադեմիկոս եւ մի հարգարժան գրող, որոնց անուններն ազգային մատյանները չեն հիշատակում, սպառնում են Էդվարդ Հովհաննիսյանին, որ մինչեւ նախկին ապազգային իշխանություններին չգնդակահարեն՝ ազգային գրականություն չի ստեղծվի: Իսկ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Սեֆերյանը, որ Հնդկաստանում ծվարած աղետի գոտու երեխաներին չէր օգնել, երբ սրանց սովամահության էին դատապարտել, ավելին, մարմնական բռնություններ էին կիրառում նրանց հանդեպ, անընդհատ գոռում է՝ ով ազգին վնաս է տալիս, տականք է:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30