Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐՅԱ «ՎԱ՛Զ-ԳԵ՜Ն, ՆԱ-ԽԱ-ԳԱ՛Հ»

Դեկտեմբեր 12,1998 00:00
Vazgen Manukyan

Կինոյի տան ճակատին փակցված Կաշպիրովսկու նկարը եւ շենքի շուրջ համախմբված մարդկանց բազմությունը պատահական անցորդներին տարակուսանքի մեջ էր գցել՝ բա Կաշպիրովսկու սեանսին էսքանից հետո էլ մարդ կգնա՞։ Իրականում Կաշպիրովսկին այստեղ որեւէ կապ չուներ. պարզապես իր 10-րդ («հոբելյանական») համագումարն էր սկսել ԱԺՄ կուսակցությունը։

Պատվավոր հյուրերի թվում աչքի էր ընկնում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը (հետաքրքիր է, որ տիկին Կապուտիկյանին իրենց համագումարներին հարկ են համարում հրավիրել համարյա բոլոր կուսակցությունները. ազդեցիկ կին է, հասարակական կարծիք ձեւավորող)։ Էպիզոդներում երեւում էր դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը։ ՍԻՄ-ը ներկայացնում էր Հրանտ Խաչատրյանը։

Համագումարը սկսելու բոլոր նախադրյալները ստեղծված էին. գրանցվել էր 114 պատվիրակ (171-ից)։ Ծափերով ու սպիտակ ծաղիկներով դահլիճն ընդունեց «ԱԺՄ ուղեղ» (мозг) Վազգեն Մանուկյանին։ Նրա ելույթը մի քանի մեխ ուներ։ Նախ՝ պրն Մանուկյանը որոշեց անդրադառնալ Կարեն Դեմիրճյանի ֆենոմենին (որին, ճիշտն ասած, լրջորեն անդրադառնալ մոռացավ, սակայն հաջորդ ելույթ ունեցողները կարմիր թելի պես տանում էին Դեմիրճյանի «դիմակը պատռելու» անփառունակ գործը)։ Դեմիրճյանը մեղադրվում էր պրն Մանուկյանին տրվելիք ձայները փախցնելու մեջ (կոմկուսն էլ է իրեն տրվելիք ձայների մասին այս նույնն ասում։ Ու անհրաժեշտ ձայներ չհավաքած յուրաքանչյուր կուսակցության կամ անհատի էլ ենք խորհուրդ տալիս արդարանալ՝ մեղադրելով Կարեն Դեմիրճյանին։ Արժանի՛ է- Լ. Ա.)։

Վազգեն Մանուկյանը չբացառեց ԱԺՄ-ի համագործակցությունը այլ կուսակցությունների հետ։ Գտավ, որ հայ ժողովրդի փրկությունը պայմանավորված է արդար ընտրություններում ԱԺՄ-ի հաղթանակով։ Իսկ հանրապետության տնտեսական լծակները, ըստ նրա, չորս հոգու ձեռքում են՝ Սամվել Բաբայանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի (հերթականությունը, հնարավոր է, խառնեցի- Լ. Ա.)։

Արշակ Սադոյանի ելույթից ցիտատներ բերելուց խուսափում ենք՝ չկրկնելու համար ԱԺՄ միտինգներում եւ ԱԺ-ում նրա ելույթները (վերջում բուռն ծափահարություններով)։ Սեյրան Բաղդասարյանը զարմացավ, որ մի գնդապետ իրեն ասել է. «Ի՜նչ Ղարաբաղ, ի՜նչ բանակ։ Կեր-խմի, վայելի։ Մի կյանք է»։ Այսպիսի գնդապետի պրն Բաղդասարյանն առաջին անգամ էր հանդիպել։ Հռետորի առաջարկած ելքը՝ դուրս գալու ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից, հետեւյալն էր ու աստվածաշնչյան մոտիվներով. «Ելքը դանդաղ է լինելու, բայց շատերի համար՝ անակնկալ»։

Ճկուն միտք ունեցողների համար դժվար չէր կռահել, որ ելքը ԱԺՄ-ն է։ Գրական-գեղարվեստական էր Ֆիլարետ Բերիկյանի ելույթը՝ համեմված հելլենիստական շրջանի իմացությամբ եւ վրացական «Գամփռը» ֆիլմի հմուտ վերլուծությամբ։ Իր ինքնասիրությունը շոյող այսպիսի արտահայտություններ էլ ասաց պրն Բերիկյանը։ Զորօրինակ՝ «եկավ Վազգեն Սարգսյանը, նստեց իմ դիմաց…», «ես Վազգեն Մանուկյանին ասացի…» եւ այլն։ Խոսվեց նաեւ Դեմիրճյանի մասին. «Դեմիրճյանին բերին դրեցին, միսիա կատարեց (սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում)։ Ինձ սա շատ բարձրաստիճան մարդիկ են ասել է՛ն կողմից՝ իշխանական թեւից…»։ Պրն Բերիկյանի ելույթը շատ ջերմությամբ ընդունեց դահլիճը։

Հռետորներից մեկը դարձյալ կրկնեց, որ ժողովուրդը «ճզմվում է Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Ս. Բաբայանի, Վ. Սարգսյանի կրունկի տակ»։

Հետաքրքիր էր նաեւ ԱԺՄ վարչության անդամ Վահան Թումասյանի բավական անկեղծ ելույթը։ «Վանոն, Բաբիկը, Դեմիրճյանը մեզնից ավելի համարձակ բաներ կասեն, ու ժողովուրդը՝ առանց խորանալու, թե ովքեր են եղել նրանք, կսկսի նրանց հավատալ։ … Եկեք մենք մոռանանք հինը, համագործակցենք ՀՀՇ-ի, Դեմիրճյանի ու այլ կուսակցությունների հետ (որքան հասկացա, անգամ ԻՄ-ի հետ- Լ. Ա.)»։

Գնացքից թռչելու գաղափարին մոտ թեմայի՝ ռելսերի մասին խոսեց Սեյրան Ավագյանը։ «Հասարակության կյանքն այս երկրի վրա ընթանում էր երկու ռելսերով, եւ՝ անկախ ցանկություններից, ամեն պետություն իր տեղն էր գտել այդ ռելսերի վրա։ Այդ ռելսերն ունեն տարբեր կայարաններ…»։ Մի խոսքով։ Ռելսերից մեկը փլվել է եւ անկախ նրանից, թե 90-ին ով կգար ՀՀ-ում իշխանության, այդ ռելսերն արդեն չկային։ Ռելսերի թեման զարգացնելով՝ պրն Ավագյանը տրամաբանական անցում արեց Կարեն Դեմիրճյանին։ «Ինքն էլ լինի պրեզիդենտ, այլեւս այդ ռելսերով չի՛ գնալու, որովհետեւ այդ ռելսերն արդեն չկան»։ Իր ելույթի համարյա վերջում Սեյրան Ավագյանը հայտարարեց. «Մենք պետք է թեւակոխենք վճռորոշ 99 թվական»։

Այսօր ԱԺՄ համագումարը կշարունակվի եւ կավարտվի։ Քննարկելիքը ԱԺՄ ներքին խնդիրներն ու թերացումներն են։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. ԱԺՄ համագումարի աշխատանքների անդորրը դռների մոտ կանգնած բարձրահասակ ու թիկնեղ տղաներ էին պաշտպանում։ Վազգեն Մանուկյանից փորձեցի ճշտել՝ ի՞ր անվտանգության նպատակով են այդ տղաները կանգնած։

-Ի՞նչ թիկնապահներ։ … միշտ էլ դռների մոտ կանգնում են։ Մտնող- դուրս եկող… Չէ՛, երբեք այդպիսի պրոբլեմ չի եղել ու, հուսով եմ, չի լինի (թու, թու, թու- Լ. Ա.)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031