Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂՑՐԱՇՈՒՐԹ ՀԵՔԻԱԹԱՍԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբեր 12,1998 00:00
Heqiat

Կառավարության կազմում կատարված վերջին փոփոխությունները, որ համարյա բոլորի կողմից դիտարկվում են սոսկ այն տեսակետից, թե քաղաքական որ ուժի դիրքերն ամրապնդեցին դրանք եւ հակառակը, քաղաքական վերնախավի գզվռտոցի մեր պայմաններում, իհարկե, գուցե իրոք առաջնային նշանակություն ունեն, սակայն ստվերում են թողնում մի շարք կարեւոր հարցեր, որոնք նորմալ երկրի պայմաններում թերեւս շատ ավելի կարեւոր են բոլոր պարագաներում անառողջ մեր հետաքրքրասիրությունից, թե ով ում մարդն է:

Եթե հարցին մոտենանք կադրերի իրական արհեստավարժության տեսանկյունից (առանց սարկազմի, որը վերջին ժամանակներս այս հասկացողության անբաժանելի ուղեկիցն է դարձել), ապա կառավարության նույնիսկ փոփոխված կազմը, որ կողմից էլ այն զննելու լինենք, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախկին՝ ասել է քոչարյանական եւ նույնիսկ բագրատյանական կառավարությունների պահեստայինների նստարանը: Դրանից բխող բոլոր հետեւանքներով, իհարկե: Ու պատահական չէ, որ բոլորն առանց մտավոր մեծ լարման իսկույն հասկացան. այս կառավարության նախնական տարբերակի կողմից (նորացվածը հազիվ թե ինչ-որ բանով զանազանվի նրանից) ժողովրդին ներկայացված այսպես կոչված տնտեսական բարեփոխումների ծրագիրը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մոտ անցյալի դառը հաբի փոքր-ինչ քաղցրացված տարատեսակը, որը հասարակությունը պարզապես չնկատելու է տալիս, քանզի այնտեղ իր համար ոչ մի հետաքրքիր բան չի հայտնաբերում:

Խնդիրը միայն այն չէ, որ կառավարության համեմատաբար նոր անդամները այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ժամանակ զուտ պատահականորեն, իսկ երբեմն նաեւ տրամաբանության բոլոր կանոններին հակառակ նախարար դարձածների սնած ու դաստիարակած կադրերն են: Նման ժառանգականությունից, ըստ երեւույթին, ընդհանրապես դժվար է ազատվել: Կասկած է հարուցում այն հանգամանքը, որ նախարարների նախկին առաջին կամ երկրորդ տեղակալները, որոնք նախկինում երբեք «ջրի երես» չեն ելել, իրենց ոչ մի բանով չեն դրսեւորել, բացի, թերեւս, սեփական կարիերայի մասին սեւեռուն մտածումներից, առաջին դեմք հռչակվելուց հետո միանգամից տաղանդավոր, կամ առնվազն շնորհալի արհեստավարժներ են հռչակվում, ինչպես մեզ փորձում են համոզել տասնյակների միջից հենց նրանց ընտրած ղեկավարները:

Իսկ եթե, այնուամենայնիվ, դարձել են կամ տաղանդավորության շեմին են, ուրեմն իրենց նախկին պաշտոններում հենց միայն այն բանով են զբաղվել, որ խնամքով թաքցրել են իրենց բնատուր բարձր հատկանիշները: Մեծ խնդիր է, թե նման պայմաններում ինչպես են նկատել ու առաջ քաշել այս մարդկանց, որոնք, կրկնում եմ, ամեն ինչ արել են աչքի չընկնելու համար եւ դրա համար էլ հասարակության կողմից չեն նկատվել: Էլ չեմ ասում այն մասին, որ, հանդիսանալով աստվածատուր շնորհի տեր մարդիկ, անմիջականորեն ծանոթ լինելով նախկին անշնորհքների քանդարարական գործունեությանը, նրանք, կարիերիստական նկատառումներից ելնելով, նախկինում ոչ միայն բացահայտ հանդես չեն եկել իրենց անտաղանդ կամ անշնորհք ղեկավարների դեմ, այլեւ, կարծում եմ, վախեցել են նույնիսկ երազ տեսնել այդ թեմայով: Ինչ-որ մեկը սա կարող է լրջմիտ, շատ բաներով արդարացված վախկոտություն կամ ապարատային խաղի կանոնների քաջ իմացություն համարել, սակայն պիտի չմոռանանք նաեւ, որ այդ խաղերի համար մենք հիմնականում մեր գլխի գնով ենք վճարել:

Բայց սա կառավարության ներկա կազմին չհավատալու միակ պատճառը չէ: Իշխանափոխությունը եւ ընդդիմության սահուն հոսքը դեպի ղեկավար բազկաթոռներ ամենեւին չնշանակեց, թե վերջին իրադարձությունների արդյունքում մեզանում հաղթանակ տարավ ընդդիմությունը: Ավելի ճիշտ, կատարվեց հակառակը: Ընդդիմությունը հեռացավ քաղաքական ասպարեզից եւ կարիերիստական թոհուբոհի մեջ հայտնվեց առաջին հերթին այն պատճառով, որ նախկին իշխանության հետ ճակատամարտելու տարիներին այդպես էլ չկարողացավ ստեղծել մեր այս անիմաստ կյանքի վերափոխման հասարակության համար ընդունելի ծրագիր եւ այսօր, տարրալուծվելով իշխանական համակարգերում, դրանով իսկ ստորագրեց սեփական անզորությունը ճանաչող խայտառակ փաստաթուղթը: Այնպես որ, ոմանք իզուր են սուգուշիվան անում այն առիթով, որ մենք կորցրեցինք ընդդիմությունը, բայց փոխարենը ոչինչ ձեռք չբերեցինք: Ի վերջո, պարզվեց, որ ընդդիմության փոխարեն մենք ունեցել ենք կարիերիստների մի սովորական խումբ, որոնց երազանքների մակարդակը, նույնիսկ, ավա՜ղ, այնքան էլ բարձր չէր…

Ներկա լճացման մյուս պատճառը նույնպես նախկին, այսպես կոչված, ընդդիմության ձեռքի գործն է: Ավելի ճիշտ, ընդդիմության այն բացարձակ մեծամասնության, որը Տեր-Պետրոսյանի իշխանության բոլոր տարիներին ուժերի ողջ լարումով ջանում էր ժողովրդավար երեւալ: Ամեն ինչում կարծես թե հակադրվելով նախկին նախագահին, սակայն, նրա օրինակով, հանդես գալով ժողովրդավարության արեւմտյան մոդելը մեր ազգային միջավայր ներմուծելու օգտին ու չնկատելու տալով, թե այդ կույր կապկումը արդեն որքան դժբախտություններ է բերել երկրին, ընդդիմությունը իշխանության թեկուզ փոքրիկ, սակայն իրական պատառի համն առնելուն պես իսկույն մոռացավ, որ ինքը ժողովրդական կենսական շահերի պաշտպանն է եւ վերածվեց այդ նույն ժողովրդին նախկին մեթոդներով կառավարելու, իսկ եթե ավելի ճշգրիտ արտահայտվելու լինեմ, հարստահարելու լծակի: Նման իրավիճակում լրջորեն մտածել այն մասին, թե հնարավոր է, օրինակ, խորհրդարանական ընտրությունների եւ նախագահի իսկական ու ինքնակոչ հենարանների ամրապնդման միջոցով փոխել երկրում տիրող իրավիճակը, առնվազն միամտություն է:

Ընդդիմությունը, այսպիսով, իր ձեռքով կտրեց այն վերջին ճյուղը, որի վրա նստած էր եւ, եթե նույնիսկ երես ունենա վերադառնալ իր համար իբրեւ թե հարազատ նախկին քաղաքական դաշտ, ապա սոսկ լիակատար միայնության մեջ հայտնվելը երկնային պարգեւ պիտի համարի, քանզի նման պարագաներում նախ ընդունված է ոչ միայն դիմանալ իր կողմը շպրտված ցեխի կարկուտին, այլեւ՝ գլխին մոխիր շաղ տալ եւ քրձեր հագած տարիներով ապաշխարել:

Լիակատար շփոթվածության, ուժերի անհասկանալի վերադասավորության պայմաններում հասարակության առավել ծախու եւ մշտապես որեւէ պարգեւ ակնկալող մասը դեռեւս փորձում է հանգստացնել մեզ (քանզի ինքը վաղուց ոչ մի բանի չի հավատում) այն ծիծաղելի հույսերով, թե հիմնական փոփոխությունները դեռ առջեւում են, իսկ հասարակական կյանքի ներկա լճացումը ապագա հոյակերտ, եւ, անկասկած, դրական փոփոխությունների անխուսափելի նախերգանքն է: Եվ այդ փոփոխությունները, իբր, արդեն սարի ետեւում չեն…

Ինքնախաբեությունը նույնպես վերապրելու ձեւ է եւ այդ գծով, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, մենք մեծ վարպետներ ենք: Նման տողերը գրողը պիտի հասկանա, անշուշտ, որ մեր հասարակության մեջ չեն սիրում նրանց, ովքեր կոպիտ ձեւով խորտակում են սեփական եւ ուրիշների ինքնախաբեություններից ծնունդ առած անուշիկ պատրանքները: Մեղրաշուրթ հեքիաթասացները մեզանում միշտ ավելի հարգի են եղել, քանի որ քաղցր ճառերի թմբիրը օգնում է ավելի հեշտ քուն մտնել սոված փորով:

Բժիշկները, սակայն, պնդում են, որ դատարկ ստամոքսով վիրահատվածները ավելի շուտ են հետ գալիս թմրեցումից…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031