Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Նազարյան. «Ձեւավորվել է տեռորի միջավայր»

Փետրվար 11,1999 00:00
Vladimir Nazaryan

Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանի հետ զրույցը սկսեցինք ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության վերաբերյալ հարցադրումով։

Վլադիմիր Նազարյանը փաստում է, որ իրավապահ մարմինների աշխատանքն առաջին հերթին գնահատվում է սպանությունների բացահայտմամբ։ Գոնե այդպես է բոլոր զարգացած իրավակարգ ունեցող երկրներում։ Մյուս կարեւոր հանգամանքը, որ ընդհանուր իրավիճակի բնութագրման համար հարկ համարեց ընդգծել Վլադիմիր Նազարյանը, այն է, որ մեզանում ողբերգական դեպքերի զոհ են դառնում ոչ թե դատավորները, այլ՝ ասենք, գլխավոր դատախազը, պաշտպանության կամ ներքին գործերի փոխնախարարները. «Սպանում են այն մարդկանց, ովքեր հարցեր են լուծում։ Երբ որ մեր դատավորներին սկսեն սպանել, նշանակում է, մեր դատական իշխանությունը կայանում է։ Ինձ համար անտանելի է տեռորի այս մթնոլորտը»։ Այս պահի դրությամբ, Վլադիմիր Նազարյանը, կոնկրետ Արծրուն Մարգարյանի սպանությունը, համարում է առեղծվածային, որովհետեւ դեռեւս առկա են պատասխան չստացած բազմաթիվ հարցադրումներ. «Ներքին գործերի եւ ազգային անվտանգության փոխնախարարը տեւական ժամանակ բացակայել է, եւ հայտնի չի եղել նրա տեղը կամ, նա չէր կարող պաշտպանված չլինել իր տեղափոխությունների ժամանակ, թիկնապահներով կամ աշխատանքային վայրի հետ ունեցած կապով։ Առեղծվածային սպանություն է»։

Սրա կողքին էլ, իբրեւ հնարավոր ենթադրություններից մեկը, ասվեց. «Իմ կարծիքով, նախ նա պիտի թիկնապահներ ունենար՝ իբրեւ փոխնախարար։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ եթե շատ վստահելի մարդ լինի, թիկնապահի կարիք կարող է եւ չլինել»։ Այստեղ Վլադիմիր Նազարյանը հարկ համարեց հատկապես ընդգծել, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ, եւ այսպես է դատում միայն ընդհանուր տեղեկատվությամբ։ Այս մասնավոր դատողություններից հետո Վլադիմիր Նազարյանն անցավ ընդհանուր եզրակացության. «Այսպես հնարավոր չէ։ Ստեղծվում է տեռորի յուրահատուկ միջավայր։ Մեկ-երկու ամիս առաջ պաշտպանության փոխնախարարը սպանվեց, իսկ հիմա էլ՝ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալը։ Այնպիսի տպավորություն ունեմ, թե ինչ-որ գրաֆիկ գոյություն ունի։ Ովքե՞ր են դրանում ընդգրկված։ Չեմ իմանում՝ հրապարակելո՞ւ են այդ գրաֆիկը, թե՞ ոչ։ Տեռորիստական կազմակերպությունները, սովորաբար, նման հրապարակումներ են կատարում։ Եթե մեզ մոտ էլ տեռոր կա, եթե տեռորիստ եք, քաղաքակիրթ տեռորիստ եղեք ու հրապարակեք գրաֆիկը, թե էլ ովքեր են սպանվելու։ Էդ էլ չեն անում, անքաղաքակիրթ են նույնիսկ այդ հարցում։ Բայց ես զգում եմ, որ պաշտոնատար անձանց սպանությունների մեջ ինչ-որ հետեւողականություն կա»։

Փորձառու իրավաբանը նաեւ ելք է առաջարկում՝ ընդունել օրենք պետական բարձր պաշտոններ զբաղեցնող, մանավանդ՝ պաշտպանության եւ ՆԳ եւ ԱԱ համակարգում աշխատող անձանց պաշտպանության մասին։ Եթե այդ նախաձեռնությամբ հանդես չի գալիս գործադիրը, ապա ԱԺ-ն ինքը պիտի ընդունի օրենք եւ մարդկանց պաշտպանության երաշխիքներ տա՝ «որ էդպես չկոտորեն, էդ ինչ բան է, չեմ հասկանում»։ Այստեղ, իհարկե, պատասխանատվության խնդիր առաջանում է։ Եթե խոսքն ընդհանուր պրոֆիլակտիկայի մասին է, ապա պատասխանատվությունը պետք է կրեն այն կառույցները, որոնք պարտավոր էին ապահովել նրա անվտանգությունը, բայց ոչ թե սպանության, այլ անփութության համար։

Արծրուն Մարգարյանի անձի մասին Վլադիմիր Նազարյանը եւս գովեստի խոսք ասաց։ Նա իր ղեկավարած համակարգի գիտակն էր։ Միասին իրենք գրել են «Ներքին զորքերի մասին» օրենքը, որը շատ հաջող փաստաթուղթ է։ Վլադիմիր Նազարյանը փաստեց նաեւ, որ Արծրուն Մարգարյանը շատ հոգատար վերաբերմունք է ունեցել արցախյան ազատամարտում զոհված եղբոր ընտանիքի նկատմամբ։

ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավարի հետ զրուցեցինք նաեւ վերջերս ընդունված Ընտրական օրենսգրքի՝ քաղաքապետերին, գյուղապետերին եւ համայնքապետերին ընտրվելու իրավունք տվող դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի շուրջ։ Նա մատնանշեց, թե Սահմանադրության 65-րդ հոդվածը փաստում է, որ պատգամավորը չի կարող որեւէ պետական պաշտոն վարել, բացի գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքից. «Կարծել, թե գյուղապետը կամ թաղապետը գիտնական է, կամ մանկավարժ է, կամ էլ երաժիշտ, ուրեմն շատ ուժեղ երեւակայություն է պետք ունենալ»։ Այս հիմքով էլ ընտրությունները, Վլադիմիր Նազարյանի գնահատմամբ, չի կարելի վերածել փորձարարության։ Ասենք, թաղապետն ընտրվում է. «Այդ ժամանակ կընտրեմ՝ կուզեմ թաղապետ կմնամ, կուզեմ՝ պատգամավոր կդառնամ։ Այդ ժամանակ էլ հանկարծ, տեսականորեն միանգամայն հնարավոր է եւ բավականին տրամաբանական, որ Ազգային ժողովը հիմնականում կազմված լինի թաղապետերից եւ գյուղապետերից։ Այդ դասի 10 ներկայացուցչից մեկն էլ ընտրվի, էլի 130 թիվը լրանում է»։

Ուստի բացառված չէ, որ հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելու դեպքում, մի խումբ պատգամավորներ դիմեն Սահմանադրական դատարան, ընտրությունների տակ, ինչպես Վլադիմիր Նազարյանն է բնորոշում, դրված ականը հանելու համար։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728