Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավար Անդրանիկի ծննդյան 134-ամյակին ընդառաջ

Փետրվար 18,1999 00:00
andranik

Բաց նամակ «Առավոտի» խմբագրությանը եւ Բանգլադեշի թաղապետին

Ամսի 9-ի լրագրում աչքիս զարնեց հաղորդագրություն՝ վերնագրված ԱՆԴՐԱՆԻԿԸ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ։

Վրիպո՞ւմ է, թերեւս… շտապ կարդացի նյութը։ Ապշեցի նախ վերնագրի համար։ Մենք մանկուց սովոր ենք եղել լսելու՝ քաջ Անդրանիկ, զորավար Անդրանիկ, ազգային հերոս Անդրանիկ, ժողովրդական հերոս Անդրանիկ, հայազգի փրկիչ Անդրանիկ եւ էլ ինչպիսի մակդիրներ, որոնք անպայման շաղկապում էին մեր մեծերը հայոց սրբերի շարքին դասվելու արժանի (ի դեպ, վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինը այդպես էլ ծրագրում էր), ազգի ազատագրման զոհասեղանին իր ողջ կյանքը նվիրաբերած աստվածատուր հայորդու՝ Զորավար Անդրանիկի անվան հետ։

Եվ հանկարծ, Անդրանիկը Բանգլադեշում՝ դա անարգանքի ձեւով է հնչում ոչ միայն Զորավարի, այլեւ մի ողջ շրջանի նկատմամբ, որը ժամանակին կրում էր մեծ հեղափոխական Ստեփան Շահումյանի անունը։

Ինչեւէ, մի կողմ թողնենք վերնագրի զավեշտական եւ անհարգալից տոնը։

Ի՞նչ է պարզվում, որ թաղապետարանի ղեկավարության ջանքերով եւ, ինչո՞ւ չէ, շնորհալի կեցվածքով, Երեւանում պետք է տեղադրվի մոնումենտալ արձան։

Որպես արձանագործ-քանդակագործ, հետաքրքրվեցի, եւ մի քանի հեռախոսազանգերը բավարար եղան ինձ, որպեսզի պարզ դառնար, թե ո՞վ է քանդակագործը եւ ո՞ւմ են հաղորդակիցը՝ մասնակիցը, դարձրել որպես փորձառու քանդակագործի։

Այսպիսով, քանդակը կերտում է Ռաֆայել Սարգսյանը՝ հարգանքս իրեն, եւ ընդամենը… մեկ այցով գործին մասնակից է եղել քանդակի գործի ճանաչված վարպետ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանը…

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ արձանը կկանգնեցվի սկզբնական փուլում գիպսի մոդելի տեսքով… (փառք Աստծո… կարիքը չլինի, կարելի է շտկել)։

Իհարկե, «սյուրպրիզը» լավ բան է…։

Ճիշտն ասած, մտահոգություն է առաջացել մեջս, մի՞թե գաղտնիք է թաքնված երեւույթի մեջ, թերեւս… բայց մի բան պարզից էլ պարզ է.

Այդպես չեն վարվում ազգի սրբությունների եւ պատմության՝ սերունդներին թողնվելիք արժեքների հետ։

Ճիշտ է, կողոպտվել է նկարիչների միությունը, վաճառվել են շենքեր, սենյակներ, արտագաղթել են շատ արվեստագետներ, բայց հո դեռեւս կա՞ն իրենց գործը սիրող մշակույթի նվիրյալներ, նաեւ քանդակագործներ։ Անգամ առկա է գեղարվեստական խորհուրդ, մի՞թե դժվար էր ինչ-որ ձեւով հաղորդակից դարձնել, մրցույթ հայտարարել։ Ի վերջո, սերունդներին մնայուն արվեստի գործ է թողնվելու, հայազգի հերոսական կերպարի խորհրդանիշ։

Մեծարգո նախաձեռնողներ, ողջունում եմ ձեր հայրենասիրական ձգտումները, խոնարհվում եմ մեծ հայի՝ զորավար Անդրանիկի առասպելական կերպարի առջեւ։

Այդ է, որ ինձ թելադրել է գրիչ վերցնել եւ շարադրել ապրումներս, քանզի ոչ միայն ես, այլեւ ինձ ծանոթ մի շարք անվանի քանդակագործներն անգամ որեւէ տեղեկություն չունեն հիրավի անհրաժեշտ ազգի սրբության սրբոց հերոսի հիշատակին կերտվող մոնումենտալ արձանի վերաբերյալ։

Հուսանք, որ նաեւ Աստծո կամքով, հերոսին արժանի հուշարձանի տեղադրումը կտեսնենք ազգովին, այն էլ հերոսի ծննդյան 134-ամյակի՝ փետրվարի 25-ի օրը, օր, որ ոսկե տառերով պետք է նշվի հայոց տարեգրության մեջ (ցավոք, ոչ մի օրացույցում նշումներ չեն եղել։ Գոնե ինձ հայտնի չէ)։

Այժմ տեղին է մեջ բերել հայտնի վեպի հերոսի վերջաբան խոսքի տողերը՝ «Եվ այսպես… Մնում է սպասել եւ հուսալ…»։

Հարգանքներով՝

ՏԱՐԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ

քանդակագործ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728