Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է մենք ռեսուրս ունենանք, բայց հրաժարվենք ռեւանշից․ դա հայ ժողովրդի կամքով պետք է լինի, ոչ թե ցեղասպանի պարտադրանքով»․ Վովա Վարդանով

Փետրվար 25,2024 22:29

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի ծննդյան 159-ամյակին նվիրված միջոցառում։ «Նժդեհն ասում էր, որ անկում են ապրում բոլոր այն ժողովուրդները, որոնք թեթեւամտորեն են նայում իրենց հերոսներին ու հերոսականությանը։ Այդ հոգեւոր աղբը, որի մասին նշել է Նժդեհը, հատկապես մեր երիտասարդության վրա թողել քայքայիչ ազդեցություն։ Վերջերս համացանցով մի նյութ տարածվեց, մի պատմաբան ուսուցիչ հարց էր ուղղել իր բավական մեծ լսարանին, թե կարո՞ղ է որեւէ մեկը նշել թեկուզ մեկ հաղթական ճակատամարտ, որը մղել է Զորավար Անդրանիկը։ Ես կփորձեմ պատասխանել հենց այդ հարցին՝ միայն 1914-16 թվականներին հայ կամավորներն Անդրանիկի գլխավորությամբ մղել են 14-17 փոքր եւ 41 մեծ կռիվներ, որոնց թվում եղել են նաեւ խոշոր ճակատամարտեր»,- ասաց Անդրանիկ Օզանյանի մասին պատմող ֆիլմի հեղինակ Դավիթ Ստեփանյանը։ Նա հերոսական դրվագներ ներկայացրեց Զորավար Անդրանիկի կյանքից, որոնք տեղ են գտել նաեւ ֆիլմում։

ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանյանը իր ելույթում նշեց, որ ցավոք, Զորավար Անդրանիկի նման անհատականության ծննդյան օրը Հայաստանում պետական մակարդակով չի նշվում։ Արդեն քանի տարի է՝ այս միտումը կա։ Լրագրողների հետ զրույցում Վովա Վարդանովն ասաց․ «Այսօր մենք պատվում ենք Անդրանիկ Զորավարին կամ ինձ համար հայդուկապետ Անդրանիկ Օզանյանին եւ միաժամանակ «Երկիր-ամրոց» ծրագրի շրջանակներում «Գմբեթ-2» ամրաշինական աշխատանքներ կատարողներին ենք ներկայացնում»։ Նրա խոսքով՝ ամենամեծ սխալը, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի ինքնապաշտպանության հարցում 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին, հայդուկական խմբերի վրա ժողովրդի պաշտպանությունը կառուցելն է եղել։

«Պաշտպանությունը պետք է լինի համապարփակ, բոլորը պետք է դրա մեջ ընդգրկված լինեն, երկիրը պետք է լինի ամրոց, եւ ազգը պետք է լինի բանակ։ Փաստորեն, մենք եւ պատվում ենք, եւ սիրում ու հարգում ենք Անդրանիկ Օզանյանին, բայց նաեւ հաշվի ենք առնում, որ այդ ժամանակ տեղի է ունեցել մեր քաղաքական մտքի ու ռազմական գործիչների ամենամեծագույն սխալը, նրանք չեն նախապատրաստել ժողովրդին։ Նույնիսկ իրենց ոգով հայտնի սասունցիները չեն կարողացել հաղթական ապստամբություն անել։ Միակ հատվածը, որտեղ հաջողել է ժողովուրդը, դա քիչ թե շատ նախապատրաստված համընդհանուր ապստամբությունն է եղել Վան քաղաքում, որը թույլ տվեց մեկ ամսից ավելի ինքնապաշտպանություն իրականացնել»,- հավելեց Վովա Վարդանովը։

«Առավոտի» հարցին, որ այսօր պետական մակարդակով հասարակությանը ներարկվում է, որ իբր թույլ ենք, չենք կարող դիմագրավել թշնամուն, որ ռեւանշ չի լինելու, սա ի՞նչ հետեւանք կունենա, Վարդանովը պատասխանեց․ «Կարող է մենք ռեսուրս ունենանք, բայց հրաժարվենք ռեւանշից։ Դա ժողովրդի կամքով պետք է լինի։ Մենք կարող է շատ հզոր լինենք, բայց ասենք՝ լավ, եկեք Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ գանք ինչ-որ պայմանավորվածության եւ թողնենք Թուրքիայի կառավարման ներքո։ Դա դարձյալ մեր ժողովրդի կամքով պետք է լինի, ոչ թե այսպես կոչված, «հաղթողի», իսկ իրականում ցեղասպանի կողմից թելադրված։ Ռուսը, լինելով մեր դաշնակիցը, իր դաշնակցային ոչ մի պարտավորություն չի կատարում, որպես դաշնակից՝ բավական սրիկայաբար է վերաբերվում մեզ։ Եվ Արեւմուտքից ոչ ոք չի գալու մեզ օգնության։ Հետեւաբար, մեր միակ հույսը վարժված, պարապած հայ ժողովուրդն է՝ ազգ-բանակ եւ երկիր-ամրոց»։

Միջոցառման շրջանակում ՈՄԱ կազմակերպությունն ամփոփեց 2023 թվականի գործունեությունը եւ ներկայացրեց 2024 թվականի ծրագրերը։

«Ազգ-բանակ, երկիր-ամրոց» կարգախոսով առաջնորդվող ՈՄԱ-ն ստեղծվել է 2013 թվականին։ «Մենք նախատեսում էինք ստեղծել մի հասարակական կազմակերպություն, որը զինված ուժերի համար կծառայի լաբորատորիայի պես մի բան, որտեղ կնախապատրաստվեն երիտասարդներ՝ զինված ուժերում ծառայելու համար։ Եվ որոշ ժամանակ այդպես էր։ Բայց ցանկացած հասարակական կազմակերպության գործունեություն պետության բացթողումները եւ պետական մեխանիզմի գործունեությունը, որն այնքան էլ լավ չի իրականացվում, լրացնելուն է միտված։ Եթե մենք հետադարձ հայացք գցենք, շատ երկար ենք խոսել ու աշխատել լեռնահրաձգային պատրաստության վրա, եւ օրերս, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստանում էր, բարձրաձայնվեց, որ ֆրանսիացները կանցկացնեն լեռնահրաձգային մարտավարական վարժանքներ։ Վերջապես մենք կարողացանք ուժային կառույցներին բացատրել, որ լեռնահրաձգությունն անհրաժեշտ է լեռներում գտնվող Հայաստանում»,- ասաց Վովա Վարդանովը։

Նրա խոսքով՝ մարզվելու ու պաշտպանության պատրաստվելու ցանկություն ունեցողների թիվը մեծ չէ այսօր Հայաստանում։ «Մենք չենք կարողանում ժողովրդին բացատրել՝ ժողովուրդ ջան, եկեք մարզվեք։ Եկեք իրար հետ պարապենք, իրար հետ էլ մարտի դաշտ դուրս կգանք, եթե պետք լինի։ Դա մենք ցույց ենք տվել եւ 2020 թվականին, եւ 2022-ին։ Մենք ոչ թե ասում ենք՝ առաջ գնացեք, այլ եկեք մեզ հետ, ՈՄԱ-ի սկզբունքներից մեկն է դա։ Բայց չենք կարողանում մեզ հետ մեծ մարդկային զանգվածներ ոգեւորել, մարզել, պարապեցնել ու տանել առաջ։ Երեւի միակ ծրագիրը, որն ստացավ ժողովրդի լայն զանգվածերի օժանդակությունը, դա «Գմբեթ-2»-ն էր։ Ես կույր լավատեսությամբ չեմ տառապում եւ չեմ կարող ասել, որ ժողովուրդը դա գիտակցեց։ Դա ավելի շատ համընկավ Արցախի կորստի հետ։ Անկախ նրանից, թե ժողովուրդն ինչ քաղաքական ուղղվածություն ունի, ցանկացած ոք հասկանում է, որ մեր մեջքին կապված վահան կար։ Եվ երբ մեջքից թրով խփում էին, վահանին էր կպնում, դա Արցախն էր։ Հիմա այդ վահանը մեզնից խլել են։ Այդ գիտակցությունն էր, որ ժողովրդականացրեց գմբեթ ծրագիրը»,- ասաց նա։

Ըստ Վովա Վարդանովի՝ շատ անելիք կա, «Գմբեթ-2» ծրագրում պետք է ընդգրկել հնարավորինս շատ մարդկանց, որովհետեւ կրակակետն առանց միջի կրակողի ոչ մի արժեք չունի։ Պետք է լինի պարապած, վարժված, զինվորական գործի մասին մինիմալ գիտելիք ունեցող քաղաքացի։ «Ցանկալի է վեց հոգի, մինիմում երկու հոգի գմբեթում նստած լինի, որպեսզի «Գմբեթ» ծրագիրը հաջողի»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատ խելացի խորհուրդ է տալիս Վովա Վարդանովը, որ ժողովուրդը պետք է մարզվի, զենքին տիրապետի:
    Բոլորս էլ գիտենք, որ պատերազմն ավարտված չէ և ցանկացած պահի այն կարող է վերսկսվել: Վարդանովը զինվորական գործի գիտակ է և իրատես: Կարծում եմ նրան արժե հավատալ ու ամեն մեկն իր ֆիզիկական տվյալներին ու տարիքին համապատասխան բարձրացնի իր մարտական պատրաստվածությունը: Մեր իրավիճակում իսկապես ազգ-բանակ ծրագիրն ամենաարդիականն ու ամենաարդյունավետը կարող է լինել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829