Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

Փետրվար 26,1999 00:00
ujex

Ստանալով Էներգետիկայի նախարարության, Ավտոմատ կառավարման համակարգերի, ոչ ստանդարտ տեխնիկական միջոցների վարձակալական ձեռնարկությունում (նախկինում Հայէներգոպրոեկտ ինստիտուտ) աշխատող պահակների բողոք-նամակը, փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

Նամակագիրները բողոքում էին, որ 1997 թ. մայիս ամսից աշխատավարձ չեն ստացել (այն դեպքում, երբ այն կազմում է չնչին գումար՝ 3200 դրամ)։ Այդ տարիներին աշխատելիս են եղել 4 հոգով, եւ նույն թվականի ապրիլ ամսից աշխատակիցներից մեկը ազատվել է աշխատանքից։ Ըստ պահակների, ազատված գործընկերոջ աշխատավարձը պետք է բաշխվեր իրենց երեքի միջեւ, ինչը չի կատարվել։ Նամակագիրներից մեկը՝ Հրանտ Աբրահամյանը, պնդում էր, որ իրենց հերթապահության օրավարձը կազմում է 498 դրամ, սակայն ձեռնարկության հաշվապահությունը սխալ է հաշվարկել այն՝ իրենց նշանակելով 3200 դրամ աշխատավարձ։

Զրուցելով Հ. Աբրահամյանի հետ, տեղեկացա, որ 1997 թ. ապրիլ ամսվա աշխատավարձը ստացել են 1998 թ. դեկտեմբերին։ Երբ տարբերությունը վճարելու հարցով Հ. Աբրահամյանը դիմել է ձեռնարկության գլխավոր հաշվապահ Մարինա Գասպարովային, նրանից ստացել է այս պատասխանը. «Ուր ուզում եք՝ գնացեք, բողոքեք»։

Նամակ-բողոքի հեղինակները սոցիալապես անապահով են եւ բնակվում են Նորքի ծերանոցում. «Ստիպված աշխատում ենք, որպեսզի թեյի, շաքարի եւ յուղի փող վաստակենք»,- ասաց զրուցակիցս։

Ձեռնարկության տնօրեն Վրեժ Ալոյանը տեղեկացրեց, որ 1991-93 թթ. «Մոսկվայից առանձնանալուց» եւ ինքնուրույն կարգավիճակ ստանալուց հետո, դարձել են վարձակալական ձեռնարկություն։ «Այդ տարիներին արտադրանքը մնացել է պահեստներում եւ չի սպառվել։ Գոյացել են աշխատավարձերի եւ պետական հարկերի պարտքեր՝ այսօրվա դրությամբ 10-12 միլիոն դրամ։ Դրանից 6 միլիոնը աշխատավարձերի պարտքերն են»,- ասաց Վ. Ալոյանը։ Նա այնուհետեւ հույս հայտնեց, որ վիճակը կբարելավվի, քանի որ Հայգազից եւ էներգահամակարգից ստացել են 6-7 միլիոն հաշվիչ եւ այլ իրեր արտադրելու պատվերներ։ Վ. Ալոյանը ցավով նշեց, որ այս պահակների դեպքում թյուրիմացություն է տեղի ունեցել եւ այն կճշտվի։ Իր խոսքի վերջում ասաց. «Մենք փորձում ենք կրկնակի բարձրացնել աշխատավարձերի չափը, եւ այն տարվա վերջում կկազմի 100 դոլարին համարժեք դրամ։ Եթե դրան չհասնենք, ուրեմն՝ պետք է հրաժարական տանք»։

Այն հարցին, թե հնարավոր է, որ այս հոդվածը առիթ դառնա նամակագրին աշխատանքից ազատելու, զրուցակիցս պատասխանեց. «Իրեն եթե աշխատանքից ազատենք, փոխհատուցում կտանք։ Կհամոզենք, որ նա լավ չի տեսնում եւ այլն։ Համենայնդեպս, այս նյութի համար երբեք նման բան չենք անի։ Աշխատանքից ազատման ուրիշ պատճառներ կարող են լինել»։

Զրույցին մասնակցում էր նաեւ ձեռնարկության գլխավոր հաշվապահ Մարինա Գասպարովան, որը համառորեն պնդում էր, թե 1997 եւ 1998 թթ. տարբերությունը հաշվարկված է, եւ շուտով աշխատակիցները կստանան այն։ Պահակները ստացել են 1997 թ. ապրիլ ամսվա աշխատավարձը, սակայն ոչ տարբերությունը. այն հաշվարկվել է մայիս-հունիս ամսից։ Նրանց վերջին աշխատավարձի չափը կազմել է 3700 դրամ, այնինչ Հ. Աբրահամյանի հաշվարկով պետք է կազմեր 5450 դրամ։

Ընթերցողին տեղեկացնենք, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ ու խաղաղ չանցավ։ Երբ լքեցի նրանց, գլխավոր հաշվապահ Մ. Գասպարովան կարծելով, թե լրագրողն արդեն հեռացել է, կանչում է Հ. Աբրահամյանին եւ հոխորտալով ասում. «Դեմագոգ, ինչո՞ւ ես բողոքել»։

ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ

Անհամբեր սպասում ենք դեպքերի հետագա զարգացմանը՝ չկասկածելով, որ դրանք կզարգանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728