Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐՎԱ ԳԵՐԻՆ

Մարտ 02,1999 00:00
Gyumri geri

Մարդը, որ նստած է իմ դիմաց, դողում է հուզմունքից։ Նրան լսելիս ամուր նյարդեր պետք է ունենալ՝ առնվազն։ Գ. Նժդեհի փողոցի 49-ամյա բնակիչ Սերյոժա Քարտաշյանն է, որն օրեր առաջ է ազատվել գերությունից։ Իսկ «գերի» էր ընկել Գյումրիի ՆԳ բաժնում։

«Առավոտում» իմ հրապարակումից («Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների») հետո բազմաթիվ արձագանքներ եղան։ Չեք սխալվում. շարքային քաղաքացիներից։ Չարձագանքեցին համապատասխան իրավասու մարմինները, ոչ նրանք, ում դիմում էին Քարտաշյանները, դատախազություն, ՆԳ եւ ԱԱՆ, աժ… Սերյոժա Քարտաշյանի հետ զրույցս էլ սկսում եմ հենց այն հարցից, որ կիսատ էր մնացել նախորդ հրապարակման մեջ.

– Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայտնվեցիր պատանդի կարգավիճակում։

– Հունվարի 28-ին ինձ տարան Գյումրիի ՆԳ բաժին։ 21.30-ի սահմաններում էր։ Երբ եկա տուն, տեսա Շիրակի մարզային տարածքային դատախազության քննիչ Արգամ Ալեքսանյանին։ Հարցրի, թե նա ինչ պատճառով է այդ ուշ ժամին գտնվում մեր տանը։ Կնոջս մեղադրեցի, թե նա ինչո՞ւ է դուռը բացել անծանոթ մարդու առաջ։

Նա խմած էր, այլայլված, եւ հարցրեց, թե որտեղ է իմ տղան՝ Էդիկը (տղայիս մի քանի անգամ, որպես վկա, Սմբատ Բզնունու հետ կապված միջադեպի առիթով քննության են տարել, ծեծել, ահաբեկել, որից հետո նա հրաժարվել էր գնալ բաժին, եւ անհայտ է նրա գտնվելու վայրը)։ Ասացի՝ չգիտեմ, իսկ նա կնոջս եւ տանը գտնվող կանանց մոտ հայհոյում էր…

Ես գնացի իրավաբան փեսայիս տուն՝ հարցուփորձ անելու, թե այդ ուշ ժամին իրավապահ մարմինները իրավունք ունե՞ն քննություն անցկացնելու, մանավանդ որ, քննությունն ինձ հետ կապված չէր, այլ՝ որդուս, որը գործով վկա է անցնում։ Մինչ ես փեսայիս տանն էի, մեր տուն են գալիս ավտոմատներով եւ մահակներով զինված ոստիկանության աշխատակիցներ Կարեն Չախոյանը, Հրանտ Մանանդյանը, Շմավոն Զուռնաչյանը, թվով 10-ը։ Նրանք էլ սպառնացել էին կնոջս, թե՝ մինչեւ հիմա ինքն է տղայի հետեւից եկել, հիմա տղան կգա հոր հետեւից։

Ճշտելով գտնվելուս վայրը (փեսայիս՝ Էմիլ Պապիկյանի տունը), եկան, թեւերս ոլորեցին, հրեցին, 3 մեքենաների ուղեկցությամբ տարան բաժին (հիշեցնենք. վկայի հորը, ոչ քրեական հանցագործի – Ռ. Մ.)։ 12.30-1.00-ն էր։ Բարձրացրին պետի աշխատասենյակ։ Խփում էին մարմնիս, կողերիս, դեմքիս, աչքերիս։ Քթիցս արյուն եկավ, աչքերս՝ կապտած-ուռած… Այդպես էլ տեղափոխեցին ինձ հերթապահ մաս։ Թեւերս բռնել էին 3 հոգի։ Հայհոյում ու խփում էին։ Բռունցքների հարվածներից ատամներս փշուր-փշուր եղան։ Ես ուշաթափվել եմ։

– Դուք առաջին անգա՞մ էիք առնչվում ոստիկանների հետ։

– Առաջին անգամ։ Շտապօգնության պատգարակով ինձ տանում են Արթիկի հիվանդանոց։ Սրսկումներ են անում, ուշքի եմ գալիս։ Ինձ ասացին՝ ուղեղի ցնցում եմ ստացել։ Քույրերը խնդրում են, որ թույլատրեն իմ հարազատներին տեղյակ պահելու։ Բնականաբար, արգելում են։ Պետի՝ Գ. Թավադյանի մեքենայով, ՆԳ բաժնի աշխատակիցներով շուրջկալած նորից ինձ «տեղափոխում» են ՆԳ բաժին, գցում մեկուսարան։ Ոչ ջուր, ոչ հաց։

– Քննություն անցկացնո՞ւմ էին։

– Շիրակի մարզի դատախազության քննիչ Ա. Վարդանյանը քննություն էր անցկացնում հետս։ Աչքերս չէին տեսնում։ Հարցուփորձ արեց՝ ովքե՞ր են եկել մեր տուն, ի՞նչ քաշքշուկ է եղել տանը։ Ձեռքերս դողում էին, եւ իմ փոխարեն գրում էր Ա. Վարդանյանը։

– Կարդա՞ց հետո…

– Չկարդաց։ Ասաց՝ ստորագրիր։

Հետո նորից ինձ գցեցին մեկուսարան։ Չէին ասում, թե ուր են տանում, չգիտեի ինչ է կատարվում հետս։ Հիմա էլ տարան Գյումրիի դատախազություն, որտեղ եւ գտնվում էին այդ ժամանակ մեր ՆԳ բաժնի պետը՝ Գ. Թավադյանը, Ա. Վարդանյանը եւ դատական բժիշկը։

Հասկացա, որ ինձ բերել են ստուգման։

– Դատական բժիշկը մենա՞կ ստուգեց ձեզ։

– Ոչ։ Դատական բժիշկը խնդրեց նրանց, որ դուրս գան։ Նա ուզում էր ինձ առանձին քննել։ Նրանք չթողեցին։

Գ. Թավադյանն ասաց՝ գնա, տղայիդ բեր։ Ու էլ չբողոքես։ Եթե բողոքեցիր, կգյուլլեմ։ Եվ ծառայողական մեքենայով ինձ հասցրեց մինչեւ Արթիկի կամրջի տակ…

– Քանի՞ օր, փաստորեն, ձեզ պահեցին բաժնում։

– 4 օր։

– Ձեր կնոջ՝ Կարինե Քարտաշյանի պատմածներին մենք անդրադարձանք թերթում։ Հրապարակումից հետո ձեզ չե՞ն «անհանգստացրել»։ Եկաք տուն, հետո՞…

– Տուն գալուց հետո ես վատացա։ Հարազատներս շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Արթիկի հիվանդանոց։ Հերթապահ քույրերը «ճանաչեցին» ինձ, բնականաբար, զանգեցին ՆԳ բաժին։ Առանց բուժօգնության ինձ տուն բերեցին (հետագայում Գյումրիի աչքի մասնագետի մոտ են տանում Ս. Քարտաշյանին, որն էլ ասում է, որ արյան զեղում ստանալու պատճառով շտապ վիրահատություն է պետք – Ռ. Մ.)։

– Իսկ դուք դիմե՞լ եք իրավասու մարմիններին՝ ձեր նկատմամբ կիրառված ապօրինի գործողությունների համար։

– Դիմել եմ հանրապետության գլխավոր դատախազին, ՆԳ եւ ԱԱ նախարարին։ Ուզում եմ, որ նրանք ինձ պատասխանեն. ես ինչո՞վ էի մեղավոր, ինչո՞ւ չեն պատժվում ինձ ծեծող ոստիկանները, ինչո՞ւ են ինձ ապօրինի պահել բաժնում։

Հունվարի 30-ին, տեսնելով, որ ես բողոքելու եմ, չեմ լռելու, ինձ վրա գործ են հարուցել, «հոդվածս»՝ «դիմադրությունն է»…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ս. Քարտաշյանի լուսանկարը դիտելուց հետո կարող եք պատկերացնել. մեզ մոտ ծեծ-խոշտանգումներ լինո՞ւմ են, թե՞ ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031