Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՅԱԾ՝ ՈՐ ԿՈՂՄԻՑ ՆԱՅԵՍ

Մարտ 03,1999 00:00
bjishk

Խմբագրություն էր այցելել Երեւանի բնակչուհի Նվարդ Քեշիշյանը։ Նա պատմեց հետեւյալը։ 1998 թ. օգոստոսի 28-ին Երեւանի քաղաքացուհի Լենա Դարբինյանը (Նվարդի մայրը) իր ամուսնուն՝ Մովսես Քեշիշյանին բժշկական կոնսուլտացիայի եւ անհրաժեշտության դեպքում նրա բուժումը պետպատվերի սահմաններում կազմակերպելու համար ստացել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության եւ դեղորայքի ապահովության վարչության պետ Հ. Պողոսյանի միջնորդությունը։

Այն ուղղված է եղել Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենին։ Սեպտեմբերին նույն ինստիտուտի սիրտ-անոթային բաժանմունքի վարիչ Տիգրան Սուլթանյանը իրեն դիմած Լ. Դարբինյանին ներկայացրել է «մի մեծ գնացուցակ, որի ընդհանուր արժեքը կազմում է 2000 դոլար»։ Պետպատվերի մասին միջնորդությունը ոչինչ չի փոխում։ Բաժանմունքի վարիչը պնդում է, որ իրենք պետպատվեր չունեն։ Նույնը կրկնում է ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Վերջինս ժխտում է նաեւ ապահովագրական բուժման հնարավորությունը։ Հետագայում ինստիտուտի տնօրեն Համլետ Թամազյանը Լ. Դարբինյանին հայտնում է, որ իրենց հիվանդանոցում գործում է եւ պետպատվերը, եւ ապահովագրությունը։

Փոխտնօրեն – բաժնի վարիչ «երթուղով» մի քանի անգամ գնալ-գալուց, երկար քաշքշուկ- բանակցություններից հետո «կողմերը» համաձայնության են գալիս 1000 դոլար գումարի շուրջ, գումարած եւս 500 դոլար՝ դոնորական արյան համար։ «Վերջում բաժնի վարիչը չմոռացավ ավելացնել՝ պետպատվերի թուղթն անպայման կբերեք»,- պատմեց Նվարդ Քեշիշյանը։ Հոկտեմբերի 5-ին Մովսես Քեշիշյանը ընդունվում է հիվանդանոց, իսկ 2 օր հետո ենթարկվում է նախավիրահատական հետազոտության։ Մինչեւ հետազոտությունը նրա ինքնազգացողությունը շատ ավելի վատ է եղել, քան սովորաբար։ Այդ հետազոտությունից հետո բաժանմունքի բժիշկ Յուրի Չախմախչյանի եւ անզգայացնող բժշկի միջեւ ծագել է անհամաձայնություն՝ հիվանդին վերակենդանացման բաժանմունք տանելու անհրաժեշտության մասին։ Ի վերջո, Յուրի Չախմախչյանի պնդմամբ՝ Մ. Քեշիշյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, որտեղ չորս ժամ հետո մահացել է։

Սիրտ-անոթային բաժանմունքի վարիչ Տիգրան Սուլթանյանը մեզ հայտնեց, որ, ի պատասխան այս ամենի մասին մեր հարցմանը, ինստիտուտում պատրաստվում են պաշտոնապես պարզաբանում տալ։ Սակայն մինչ այդ ասաց, որ քաշքշուկ չի եղել, հիվանդից ոչ մի գումար չի պահանջվել, բացառությամբ դոնորական արյան համար պահանջվածի։ Հենց խոսակցության սկզբում պրն Սուլթանյանը նշեց, որ պլաստիկ վիրահատություն պետպատվերում չկա, որ հիվանդին գրեթե մեկ ամիս ուշացումով հիվանդանոց պառկեցնելը իրենց մեղքով չի եղել։ Ինքն անձամբ հիվանդի հարազատներին դեռեւս օգոստոսի 28-ին ասել է, որ հենց այդ օրն էլ կարող են հիվանդին պառկեցնել, սակայն արյան հետ կապված հարցեր կան։

Հիվանդին առաջարկել են հետազոտվել՝ պարզելու համար, թե ինչ բուժում է անհրաժեշտ նշանակել՝ դեղորայքայի՞ն, թե՞ վիրահատական։ Նա խոստովանեց, որ հատուկ հետազոտությունը (բժշկական տերմինով՝ կորոնարագրաֆիան) որոշ վտանգ իր մեջ պարունակում է, սակայն անցանկալի հետեւանքները ի հայտ գալիս են կամ քննության ժամանակ, կամ դրանից հետո երկու ժամվա ընթացքում։ Այնպես որ, հիվանդի մահվան պատճառը դա չի եղել։ Պրն Սուլթանյանը հայտնեց, որ այդ հետազոտությունը կոմպլեքսի միայն մեկ մասն է եւ որ դրա արդյունքում կոնկրետ այս դեպքում հայտնի չի դարձել բուժման հետագա եղանակը։

Մի այլ հարց է, թե ինչպես էին Միքայելյան ինստիտուտում պատրաստվում կատարել պետպատվերի ցանկում չընդգրկված վիրահատությունը։ Նրանք պնդում են, որ վիրահատությունը կկատարեին հիվանդանոցի ներքին ռեսուրսների հաշվին, թեեւ միեւնույն է, դրանք չէին ծածկելու անհրաժեշտ բոլոր ծախսերը։

Մեզ թույլ տանք նկատել, որ մինչեւ, այսպես կոչված, կորոնարագրաֆիական հետազոտությունը, որի արդյունքում էլ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը չի հաստատվել, չափից ավելի է օգտագործվել վիրահատություն բառը։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լաուրա Ավետիսյանը ներկայացրեց հիվանդության պատմությունը։ Դրանից ամենահետաքրքիրն այն է, որ այդ կորոնար հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիրահատությունն անհրաժեշտ է։ Բացի այդ տեղեկացանք, որ հիվանդի վիճակը հետազոտության օրը բավարար է եղել, որ ժամը 14.00-ին, հետազոտությունից հետո հիվանդը տեղափոխվել է հիվանդասենյակ, ժամը 18.00-ին ստենոկարդիայի նոպա է ունեցել եւ այդ ժամին էլ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Մովսես Քեշիշյանը մահացել է 19.40-ին։ Ըստ Լ. Ավետիսյանի, մահը հետազոտության օրվա հետ պարզապես համընկել է եւ դրա արդյունքում չի եղել։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031