Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիները չեն կարող լիցենզիա ունեցող բոլոր բուժհիմնարկներում պետպատվերով սպասարկվել, բայց կառավարության նիստում հակառակն էր ասվում»

Փետրվար 28,2024 11:09
bjishk

ԱԺ նստաշրջանում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հարց ուղղեց առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանին․ «Հարցը վերաբերում է պետպատվերի նոր կարգին, որն ընդունվեց նախորդ տարվա վերջում՝ օֆերտայի փորձարարական ծրագրին։ Մենք սպասում էինք նախարարի հրամանին, եւ այդ հրամանը լինելուց հետո տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, օֆերտայի դեպքում ակցեպտներն ընդունվում են միայն այն դեպքում, եթե պետպատվերի հաստատում կա նախարարության կողմից։ Այսինքն՝ ստացվում է, որ շատ բան չի փոխվել, եւ քաղաքացիները չեն կարողանալու օգտվել իրենց ուզած բժշկական հիմնարկում իրենց ուզած ծառայությունից, եթե պետական պատվերի հայտը չի բավարարվել։ Ուզում եմ պարզաբանեք՝ արդյոք ճի՞շտ ենք հասկանում։ Հրամանի մեջ ինչո՞ւ է այդպես գրված, վարչապետն այլ բանի մասին էր խոսում, որ դա պետք է պետք է ազատականացնել։ Եվ կարծես թե նախարարի կողմից հաստատում կար, ամեն դեպքում կառավարության նիստում դրա մասին էր խոսվում»։

Արման Գասպարյանն ասաց, որ օֆերտայի սահմանափակում չկա ֆինանսական չափի մասով։ «Բայց դուք գիտեք, որ օֆերտան ունի հստակ պայմաններ։ Այստեղ հաշվի են առնվել բոլոր այդ պայմանները, եւ մենք չենք կարող բոլորին, ում ունի լիցենզիա, տանք պետպատվեր։ Սա նախ անցումային է, պիլոտային ծրագիր է, եւ այս պահի դրությամբ մենք օֆերտայի պայմանագրի կետերով ենք առաջ գնում»։

Արսեն Թորոսյանն արձանագրեց․ «Այսինքն՝ դուք հաստատում եք, որ, այնուամենայնիվ, լիզենցիա ունեցող բոլոր կազմակերպություններում չէ, որ քաղաքացիները կարող են պետական պատվերի շրջանակներում այդ ծառայություններից օգտվել, մենք սրա մասին պետք է ուղիղ ասենք մեր քաղաքացիներին, որովհետեւ կարծես թե խոսվել է հակառակի մասին, որ կարող են։ Հիմա փաստացի չեն կարող, եւ միայն պետական պատվերի սահմանաչափի փոփոխություն է եղել, այն էլ կարճ ժամանակում՝ տեսնելու համար, թե ինչքան ծախս տեղի կունենա այդ ընթացքում։ Ես կարծում եմ, որ նախարարությունը պետք է հանրային կոմունիկացիայի տեսանկյունից ավելի ճշգրիտ ինֆորմացիա փոխանցի մեր քաղաքացիներին, որպեսզի գոհունակության խնդիրներ չունենան։ Եվ դիմելիության ժամանակ մերժումներ ստանալիս քաղաքացիները չասեն՝ մենք կառավարության նիստի ժամանակ լսել ենք հակառակը, որ մենք կարող ենք ցանկացած տեղ ցանկացած տարի ստանալ մեզ հասանելիք ծառայությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829