Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԵՐՄՈՒԿԻ» ՄԵՋ ԱՐՅՈՒՆ ԿԱ

Մարտ 27,1999 00:00
jermuk

1998 թ. դեկտեմբերի 3-ին Ջերմուկի «Արարատ» մոր եւ մանկան առողջարանի ճաշարանի նկուղում կուտակված գազի պայթյունը պատճառ դարձավ 12 մարդկային զոհերի եւ բազմաթիվ վիրավորների։

Վթարի պատճառները պարզելու համար արտակարգ իրավիճակների վարչությունը ստեղծում է հանձնաժողով, որի պատրաստած եզրակացության արդյունքում ձերբակալվում են «Վայոցձորգազ» միավորման տնօրեն Գագիկ Ստեփանյանը, Ջերմուկի գազի շահագործման ծառայության պետ Կնյազ Մովսիսյանը եւ վթարների վերականգնման ծառայության տեղամասի պետ Կարապետ Եղոյանը։

Ըստ «Վայոց ձոր» ՍՊԸ-ի եւ գազաբաշխման տարածքային կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի, վերջինս պարտավորվել է մինչեւ 1998 թ. դեկտեմբերի 1-ը ավարտել «Վայոց ձոր» ՍՊԸ-ի գազիֆիկացումը։ Իրականում, գազատարի աշխատանքները չավարտված եւ չփորձարկված՝ Գագիկ Ստեփանյանը հեռախոսով կարգադրում է իր ենթակա Կնյազ Մովսիսյանին դեկտեմբերի 3-ին բացել «Վայոց ձոր» ՍՊԸ-ի կաթսայատանը միացված գազատարը։ Կնյազ Մովսիսյանը կատարել է շեֆի հրամանը եւ իր հերթին փականագործներին կարգադրել՝ բացել գազատարը։ 14-40 րոպեի սահմաններում, գազատարը բացելուց մեկ ժամ անց, տեղի է ունենում հայտնի պայթյունը՝ պատճառ դառնալով անվերականգնելի կորուստների։ Այսօր Վայոց ձորի 1-ին ատյանը քննարկում է դատախազության կողմից առաջադրվող մեղադրանքը, ըստ որի, Գագիկ Ստեփանյանը եւ Կնյազ Մովսիսյանը խախտել են գազատարի վերականգնման եւ շահագործման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի եւ հրամանագրերի պահանջները։ Եվ գիտե՞ք ինչու։ Ըստ մեղադրականի՝ Գագիկ Ստեփանյանը «գազատարը ժամանակին շահագործելու, ղեկավարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությամբ», իսկ Կնյազ Մովսիսյանը «ղեկավարի կարգադրությունը չմերժելու, նրա հետ հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությամբ»։

«Հաճոյանալն է այս պայթյունի հիմնական պատճառը»,- կրկնեց դատախազ Վլադիկ Աղամիրյանը։ Իսկ ինչ է տեղի ունեցել ըստ ջերմուկցիների։ Դեռեւս պայթյունից չորս օր անց մեր խմբագրություն էր զանգահարել մի ջերմուկցի ուսուցչուհի՝ բողոքելով, որ իրական մեղավորներին բռնելու փոխարեն, գազի վարչության խեղճ պետին են բռնել։ Ըստ մեր հեռախոսային զրուցակցի, մեղավորը մարզպետ Պանդուխտ Մանուկյանն է։ (Ըստ տեղի բնակիչների՝ պրն Մանուկյանի ծնողները նրան այդպես են անվանակոչել իր ծնվելու նախօրեին Մարտունիից Վայք տեղափոխվելու առիթով) «Վայոց ձոր» ՍՊԸ կոչվածը «Ջերմուկի շշալցման նորակառույց արտադրամաս է, որի գործադիր տնօրենը մարզպետի եղբայր Օնիկ Մանուկյանն է, իսկ իրական տերը՝ հենց Պանդուխտ Մանուկյանը։ Իսկ այժմ պատկերացրեք 1998 թ. դեկտեմբերի 2-ը կամ 3-ը։ Կատարվել է հսկայական ծախս շշալցման արտադրամաս կառուցելու համար եւ այն գործարկելու համար, սակայն գազամատակարարումը ուշանում է։ Դեկտեմբերին թանկ է յուրաքանչյուր րոպե, քանի որ առջեւում Ամանոր է, երբ բենզինի արժեք ունեցող «Ջերմուկը» վաճառվում է բենզինից արագ։ Ըստ ջերմուկցիների՝ Պանդուխտ Մանուկյանն ուղղակի պարտադրել է շահագործել գազատարը։ Գագիկ Ստեփանյանը այս ամենի մասին ոչինչ չի ասի, քանի որ այդ դեպքում նրան անփութության փոխարեն կմեղադրեն պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Դատարանը այնքան էլ հակված չէ մեղավոր ճանաչելու պրն Ստեփանյանին։ Նա Պանդուխտ Մանուկյանի ընկերն է։ Դատական նիստի ամբողջ ընթացքից պարզ է դառնում, որ «կուժն ու կուլան» կոտրվելու են Կնյազ Մովսիսյանի վրա, որը վթարի անմիջական մեղավորն է եւ Պանդուխտ Մանուկյանի ընկերը չէ։ Նա իր ցուցմունքներում նշել է, որ մարզպետի կողմից եղել են ճնշումներ, սակայն դա դժվար ապացուցելի եւ անշնորհակալ գործ է։

Կարապետ Եղոյանը այս գործի հետ որեւէ կապ չունի, դա հաստատեց նաեւ որպես մասնագետ հրավիրված Հայգազ ՊՓԲԸ տնօրենի տեղակալ Մարատ Հովհաննիսյանը։ Քաղհայցով՝ կրած կորուստները վերականգնելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Արարատ» առողջարանի տնօրեն Հակոբ Հակոբյանը։ 90 մլն դրամով սեփականաշնորհված առողջարանի վնասված ճաշարանի համար պրն Հակոբյանը Հայգազից պահանջում է 350 մլն դրամ։ Հայգազը յուրաքանչյուր մահացածի համար վճարել է 500 հազար դրամ, իսկ վիրավորներին՝ 250 հազար։ Պրն Հակոբյանը այրված մեկ թփի համար պահանջում է 850 հազար դրամ։ Եվ պատահական չէ, որ մինչեւ այսօր դատարանի դահլիճ են այցելում մարդիկ, որոնք պնդում են, որ տուժել են վթարից, եւ Հայգազ պետական կոնցեռնը պետք է փոխհատուցի։

Շշալցման արտադրամասը դեռեւս չի աշխատում, նոր գազատարը դեռ պատրաստ չէ, բայց Մարատ Հովհաննիսյանը չարագուշակորեն հայտարարեց, որ առաջիկայում եւս հնարավոր են բազմաթիվ պայթյուններ, քանի որ չկա հերմետիկացում։ Դրա փոխարեն կան բազմաթիվ պանդուխտներ եւ նրանց հաճոյացողներ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031