Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-Ը ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐ Է ՏԱԼԻՍ

Ապրիլ 23,1999 00:00
mirzaxanyan

Ընտրություններից առաջ քաղաքական գործիչներն ասուլիսներ տալիս նախընտրում են չքմեղ, խիստ ազնիվ եւ սկզբունքային մարդու դեմքի արտահայտությունը։ Փորձում են սրամտել, պարբերաբար ժպտալ՝ ի ցույց դնելով եղած ատամները։ Իսկ երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրը ՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն էր։

Նա նախ անդրադարձավ ՌԱԿ-ի ստորագրահավաքի ուռճացված թվերին՝ ասելով, որ դրանք ամենեւին էլ ուռճացված չեն։ Որպես դրա վառ ապացույց վկայակոչվեց ԿԸՀ-ի կողմից տրված փաստաթուղթը։ 192 հազար 562 թիվը պրն Միրզախանյանը նշեց որպես պաշտոնական. «Այլ թիվ գոյություն չի ունեցել»։ Հերքվեց նաեւ այն կասկածը, թե ՌԱԿ-ը այդքան մեծ թվով ստորագրություն հավաքելու շանսեր չուներ։ Հերքումը հնչեց մոտավորապես այսպես. «Երբ դրված է խնդիրը, ստորագրահավաքը կարելի է իրականացնել»։ Մի խելոք միտք էլ ասվեց. «Ի դեպ, առավել մեծ հաջողություն ունեցող կազմակերպությունների մեջ կան այնպիսիները, որոնք հասարակությանը նոր են հայտնի դառնում։ Թե՛ նրանց անունները, թե՛ գաղափարախոսությունները։ Պետք է հուսալ, որ ընտրարշավի ընթացքում այս ամենը կբացահայտվի»։ Կուսակցությունների մեծաթիվ ստորագրություններն ու նրանց իրական ռեյտինգը չշփոթելու իրատեսական կոչ արեց ատենապետը։ ՌԱԿ-ը պրն Միրզախանյանի ատենապետության օրոք ՀՅԴ-ի հետ ոչ լեգալ, ոչ էլ անլեգալ հանդիպումներ ու բանակցություններ չի ունեցել։ Նա բարեհոգաբար ծիծաղեց այն միամիտների վրա, որոնք ՌԱԿ-ի ստորագրահավաքի արդյունքները վերագրել են ընտրությունների արդյունքներին եւ իրեն շնորհավորել։ Որպես ՌԱԿ-ին բնորոշ գիծ, նշվեց, որ «Հայաստանի անկախացումից հետո խոսակցությանը բնորոշ չեն եղել ըմբոստ, հեղափոխական ձեւերը՝ ցույցերը, աղմուկները եւ այլն, որը առկա էր մյուս կուսակցությունների քաղաքական գործունեության մեջ»։

Բայց պրն Միրզախանյանը դարձյալ մեծահոգություն դրսեւորեց՝ գտնելով, որ դա «խիստ բացասական» չէ։ Եվ՝ «ի տարբերություն ՌԱԿ-ի», այլ կուսակցություններին բնորոշ են «գիտե՞ք՝ պայքա՜ր, գաղտնի՜ք»։ Իսկ այ, որ անկախության շրջանում ՌԱԿ-ը ցույցեր չի արել, որովհետեւ իշխանամետ է եղել, պրն Միրզախանյանն արդեն չընդունեց։ Նա առաջարկեց ծանոթանալ մամուլի՝ այդ թվականների ՌԱԿ-ի գործունեությանը նվիրված հոդվածներին։ Որպես օրինակ բերվեց այն, որ ՌԱԿ-ը ՀՅԴ-ի կասեցումը ժամանակին համարել է «դատավճիռ դատից առաջ»։ «Եթե այդքան ՌԱԿ-ն իշխանամետ լիներ, ինչու էր կասեցվում «Ազգի» գործունեությունը գործադիր իշխանության կողմից։ Մի՞թե պարոնայք Եգորյանին, Արա Սահակյանին, Տեր Հուսիկ Լազարյանին այդ շրջանում հնարավոր էր դիտարկել որպես ընդդիմության ներկայացուցիչներ»։ 96-ին ՌԱԿ-ը պաշտպանել է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որովհետեւ ազգային գաղափարախոսության տեսակետից նա միակ հարմարն էր։

ՌԱԿ-ի ներքին խարդավանքներին նույնպես անդրադարձավ ատենապետը։ Գտավ, որ այդ ամենը կուսակցությունից դուրս քաղաքական այլ գործիչների սադրանքների պատճառով է։ Մեր բոլորիս աչքով տեսածը պրն Միրզախանյանն այնպես մեկնաբանեց, որ իրենց կուսակցությունում բոլորը գառնուկներ են։ Այստեղ զարգացվեց «կոոպերատիվ կուսակցությունների» թեման։ Ապա լավատեսորեն նկատեց, որ մոտ շրջանում ՌԱԿ-ը կվերադառնա իր դասական կեցվածքին ու կունենա մեկ կենտրոնական վարչություն։ «Որքանո՞վ եք ֆինանսավորվում դրսից» հարցին պրն Միրզախանյանը չքմեղացավ. «Մեր պրոֆեսիոնալ ինստիտուտները՝ «Ազգ» օրաթերթը, Թեքեյան կենտրոնը, «Պայքար» ամսագիրն, իրավունք ունեն ստանալ ֆինանսավորումը դրսից, բայց մյուս կողմից նրանք զբաղված են մեր գաղափարախոսությունը տարածելու գործով»։

ՌԱԿ-ի պես դասական, ավանդական կուսակցությունները համարյա չեն ադապտացվում ժամանակին, ուստի մի տեսակ հնացած են։ Այս միտքը պրն Միրզախանյանին դարձյալ վերհուշների գիրկը նետեց. «Մի՛ մոռացեք, որ միայն «Ազգ» եւ «Երկիր» օրաթերթերի համատեղ տպաքանակը 91-92 թվականներին կազմում էր 90000»։ Այս փաստը նշվեց որպես դասական կուսակցությունների հավերժ երիտասարդության արգասիք։ Թե չէ այսօր կուսակցություններ են դառնում հայրենակցական միությունները կամ արհմիությունները։ Քանի որ հիմա իշխանությունը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի ձեռքին է, ՌԱԿ-ն այսօր այս իշխանության կողքին է։ Բայց նաեւ ընդունում է ուժային նախարար Վազգեն Սարգսյանի՝ կուսակցության առաջնորդ լինելու պարագան։

Շուտով ՌԱԿ-ի երկու խոշոր գործիչներ Հայաստանում կենցաղային քիմիայի արտադրություն կսկսեն, որից մեր շուկայում 30-40 տոկոսով կընկնեն օճառի եւ նրբօճառի գները։ Չգիտես ինչու՝ պրն Միրզախանյանը համոզված է, որ մեր բենզալցման կայանների «կռիշաները» ունեն երկար եղունգներ (թեեւ տղամարդիկ են) եւ գիտեն կյանքի բոլոր ճշմարտությունները։

Մի քանի ճշմարտություններ եւս ասելով (պատգամավորների անձեռնմխելիության վերացում, մայիսի 30-ին հաջորդում է մայիսի 31-ը եւ այլն), պրն Միրզախանյանի ասուլիսն ավարտվեց։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930