Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Հոկտեմբեր 19,2023 12:50

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն  29-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին: Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժևորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը․ հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը։

«Առաջին անգամ «Գրականություն» անվանակարգը կոչվեց անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի անունով։ Խորհրդանշական է․ Երվանդ Ազատյանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը և դարձել ամենամյա»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու  շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան միությանը. «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամն ապահովում է մրցանակաբաշխության նաև նյութական կողմը։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողն ստանում է 1500 դոլարին համարժեք դրամ։

«Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Նորայր Ադալյանին՝ «Էմբրիոն» վիպակների ժողովածուի և Հուսիկ Արային՝ «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուի համար։

«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Ամատունի Վիրաբյանին և Սոնյա Միրզոյանին՝ «Հայ սպաները Առաջին աշխարհամարտում և Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանի համար և Արամ Հովհաննիսյանին «Մլեհ Ռուբինյան իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատության համար։ «Կերպարվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց երկու հեղինակի՝ գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանին՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար և Աշոտ Գևորգյանին «Ջրի հիշողություն» ստեղծագործությունների շարքի համար։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանն այս տարի առաջին անգամ մրցանակն տրվեց նաև «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում․ մրցանակը շնորհվեց նկարիչ-խեղեցգործ Էլմիրա Չոփիկյանին։ Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում  անվանի ու ճանանչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան քառյակը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031