Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՆԱՑԵԼ ՊԱՀԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ. ՍԱ Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ Է»

Մայիս 01,1999 00:00
arevacaxik

Երեկ «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքի երթուղին սկսվեց առավոտյան ժ. 9.00-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղից։

Այստեղ մեզ դիմավորեցին մոտ 100 սուրենավանցիներ, որոնք վրդովված էին, որ պոմպակայաններն անջատել են եւ ջուրը դարձրել մեկ դույլը՝ 20 դրամ։ Վրդովված էին հատկապես վարչապետից, որը մարտի 2-ին եկել էր Սուրենավան եւ իր խոստումները, թե՝ ջրի հարցը կլուծի, փաստորեն, չէր կատարել։ Շատերը նշում էին, որ 3 ամիս է, ինչ թոշակ չեն ստացել եւ ի վիճակի չեն եղել իրենց հարկերը վճարել։

Սուրենավանի կուլտուրայի տանն էլ նրանք հանդիպեցին Արտաշես Գեղամյանին, Հրանտ Խաչատրյանին, Լենսեր Աղալովյանին, Սերգեյ Մելքումյանին, Ռոբերտ Դաշյանին, Հայկ Բաբուխանյանին։ Բաժանվեցին դաշինքի նախընտրական ծրագիրն ու «Իրավունքի» վերջին համարը։ Իսկ ահա Բենիկ Կիրակոսյանը իմանալով, որ «Առավոտից» եմ, խնդրեց տող առ տող գրել. «Ես Արամ Աբրահամյանին սիրել եմ «Դեմ առ դեմից»։ Ա. Գեղամյանը ներկայացրեց իրենց ծրագիրը (ավելի շատ՝ տնտեսական ուղղվածության), ասաց, որ իրենց խնդիրը չէ՝ փափուկ բարձ դնել մարդկանց գլուխների տակ՝ «թե չէ երկիր ենք կորցնում», ինչին դահլիճից մեկն ասաց. «Կորցրել պրծել ենք, հո նոր չենք կորցնելու»։

Ծանր էր սոցիալական կարիքներից կքած մարդկանց պահանջները լսելը։ Սմբատ Ղեւոնդյանի ասածը կարող էր կրկնել յուրաքանչյուրը (եւ հետո, իհարկե, մեր եղած գյուղերում կրկնեցին էլ- Ռ. Մ.). «Հավատ չունենք։ Աստված էլ գա, չենք հավատալու»։ Չեն հավատում, որովհետեւ կա նաեւ շփոթ. «Ձեր այս այցը պարզ է, թե որ կուսակցությանը պիտի ընտրեք։ Բայց 80 թեկնածու են՝ 80 կուսակցություն»։

Ավելի ծանր էր հանդիպումն այն մարդկանց հետ, ովքեր վերջին տարիներին ընտանիքներ են կորցրել եւ դարձել, ինչպես նրանցից Սիրուն Մարգարյանն ասաց. «պատերի պահակ»։ Որովհետեւ նրա 4 որդիները արտագաղթի ճամփան են բռնել։

Վազգեն Ասատրյանն ասաց, թե 200 հա անտեր հող կա, որի վրա հնարավոր էր 20 հազար տոննա ծիրան աճեցնել։ Անտեր են մնացել ոչ միայն ծիրանի ծառերը, այլեւ՝ մարդիկ։ Եղավ նույնիսկ. «Մաֆիան թողնո՞ւմ է, որ ծիրան ծախենք»։ Դպրոցի տնօրեն Գառնիկ Հարությունյանն էլ հարցն այսպես դրեց. «Այս մարդիկ ջուր են ուզում, ասեք՝ ո՞նց»։ Հետո իհարկե, «վախեցնելով» թեկնածուներին, թե. «Ընկեր Գեղամյան, 10 տարի խաբեցին, Աստված մի արասցե, դուք էլ խաբեք, էլ պրծում չկա»։

Արարատի հայացքի ներքո

Դաշինքը հայտնեց իր մտադրությունները, այն, որ ինքը սատարելու է համամասնական ընտրակարգով 97 թեկնածուի, մեծամասնականով՝ 11։ Ի դեպ, այս տարածքում նրանք մեծամասնականի թեկնածու չեն առաջադրել։ Այստեղ ավելի ծանր էր կանանց վիճակը. դարձյալ անվճարունակ լինելու, «Փարոսի» ցուցակներից դուրս մնալու, գործազուրկ դառնալու մասին էր։ Մարդիկ պարտք են արդեն հացի խանութներին։ Մարդիկ «խորհրդարան» բառն անգամ չարտասանեցին, որտեղ որ եղանք՝ Վեդի, Ոսկետափ, Տափարակ, Շահումյան, Արտաշատ…

Եկատերինա Սարգսյանն ասաց, որ իրենք դաշտեր են գնում խոտ հավաքելու։ Իրենք խոտ են ուտում։ Ինքը երեխա է կորցրել եւ խնամում է իր կույր ամուսնուն։

Սերգեյ Մելքումյանին այլ բան չէր մնում, քան խոստովանել, որ բնակչությունը գտնվում է ծանր վիճակում։

Միակ «ЧП»-ն

Վեդու մանկական երաժշտական դպրոցում մոտ 200 մարդ հավաքվեց։ Միակ բաց պատուհանից հավաքին հետեւում էին ՀՅԴ տեղական կազմակերպության անդամները։ Չկար առաջնորդի արձանը, կար պատվանդանը, որի շուրջ հավաքվածների կեսը, կարելի է ասել, կոմունիստներ էին։ «Մենք կաշի փոխողներ չենք,- ասում էր Ա. Գեղամյանը,- եւ կաշի հանողներ էլ չենք։ Եթե կաշի փոխող լինեինք, Դուբայում կլինեինք»։ Այստեղ էլ իմացանք, որ մի կին, դագաղ չլինելու պատճառով, զգեստապահարանն է դագաղ դարձրել ամուսնուն թաղելու համար։

Ահա մեր ընտրողը, որի սիրտը պիտի կարողանալ գրավել։

Լենսեր Աղալովյանին ուղղված այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Դեմիրճյան-Սարգսյանի շուրջ ստեղծված դաշինքի մասին, պատասխանեց. «Դա մի նոր բեւեռ է, որի նպատակն է՝ ստեղծել նոր ՀՀՇ-ական խորհրդարան»։

Լսվում էին նաեւ այսպիսի հարցեր. «Ինչի՞ համար Դեմիրճյանը միացավ Սարգսյանին» եւ «Ինչի՞ են Վանոյին ընտրում դեպուտատ, բա դա օրե՞նք է…»։

Շահումյանի գյուղապետն ընդհանրապես չերեւաց, ինչպես չերեւացին մյուսները։ Նա՝ Ե. Կարապետյանը, եւս զբաղված էր… ընտրություններով։

Իսկ Արտաշատի Ա. Խարազյանի թատրոնին հոսանք չտրամադրվեց։ Պարզվեց՝ քաղաքապետ Լ. Ավետիսյանը չի թույլատրել։ Հավաքն անցկացվեց դարձյալ դրսում։ Այստեղ ինձ հետաքրքրեցին, օրինակ, Մամիկոն Նաջարյանի մտահոգությունները. «Եթե դուք թուրքին դեմ եք, խի՞ եք թողնում, որ ջուրը գնա Արաքս»։ Հետո էլ. «Արի դեպուտատի հագած շորն էլ նայի, ընտրողինն էլ»։ Գյուղնախարարից դժգոհ մեկն էլ նկատեց. «Էդ որ ձրի պարարտանյութ եք ստանում, ինչի՞ եք ժողովրդի վրա ծախում»։ Հիշեցի անցյալ տարվա նախագահական ընտրարշավը, երբ Կ. Դեմիրճյանի խմբի հետ անցանք այս նույն մարդկանց միջով։ Նույն այս տեղերով։ Սա այն Ոսկետափն էր, որտեղ գառ մորթվեց նրա ոտքերի տակ։ Սա էլ՝ Տափարակը, ուր շամպայնով հյուրասիրեցին նրան։ Իսկ ահա սրանք, այն ընտրողներն են, որ խոստացան մինչեւ ընտրությունների ավարտը «էս կառավարությանը շուռ տալ»։

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի «բախտը» չբերեց. նրանք առաջինն էին, որ լսեցին նմանօրինակ անմարդկային բաներ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31