Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ LOVE ԷԼԻ

Մայիս 29,1999 00:00
love

Ընտրենք զմիմեանս

Մայիսի ամենավերջին Ընտրությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայոց համազգային վերջին նախընտրական ռազբիրատաժողովը՝ ընտրական գիտությունների ժողովրդական դոկտոր Էդուարդ Եգորյանի նախագահությամբ։

Բացելով ժողովի ճռճռան դուռը, ակադեմիկոս Ֆադեյ Ճաղատիչը իր ներածական խոսքում, պահպանելով հայ ժողովրդի դարավոր ադաթները, հակիրճ ներկայացրեց իր բովանդակալից կյանքի պատմությունը.

Fadey Tachatich

– Ես եղել եմ աշխարհի տարբեր ընտրատարածքներում եւ ընտրատեղամասերում, հանդիպել եմ աշխարհի տարբեր ընտրազանգվածների հետ եւ կարող եմ փաստել՝ հայ ժողովրդին հաջողվել է համոզել աշխարհին, որ 1) մենք աշխարհի համաշխարհային ժողովուրդների մեջ ամենադժբախտն ենք, 2) մենք ամենագեղեցիկն ենք, համենայնդեպս՝ ԱՊՀ-ի տարածքում, 3) մենք ամենախաբվածն ենք՝ հերիք չէր Սեւրում մեզ խաբեցին, Ստալինը մեր Ղարաբաղը ադրբեջանցիներին հանձնեց, դեռ մեր գեղեցկուհուն էլ խոստացված 25 հազար դոլարը չեն տալիս, 4) չնայած մենք դժբախտ ենք, գեղեցիկ եւ խաբված, մենք շատ լավ նախագահ ունենք, որը երբ դեռ ղարաբաղցի էր, Ղարաբաղը վերադարձրեց հայերին, դեռ մի բան էլ ավելի, իսկ հետո, երբ արդեն հայաստանցի էր, իր մոտ հրավիրեց ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Յուրի Յարովին եւ խստորեն պահանջեց վճարել մեր խեղճ աղջկա հալալ գեղեցկությամբ վաստակած փողը եւ դրան գումարած՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրեց մեր նվիրական պահանջատիրական զգացմունքները։ Եվ եթե, Աստված տա, մեր հարգարժան Վազգեն Սարգսյանը համաձայնի գոնե մի քանի տարի նախագահ չփոխել, մենք, համոզված եմ, կհասնենք նաեւ Սեւրի պայմանագրի անվերապահ կատարմանը։

Այս բոլոր մեր տաղանդավոր առանձնահատկություններն ալամ աշխարհն, իհարկե, ընդունում է,- փաստեց ակադեմիկոսը,- բայց աշխարհի տարբեր ընտրատարածքներում, օրինակ, սեւամորթ Ուգանդայում եւ չուկչայական Չուկոտկայում մեզ՝ հայերիս, անընդհատ նույն տհաճ հարցն են տալիս՝ Լավ, իսկ դուք՝ հայերդ, որ աշխարհին տվել եք Շառլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, Արշակ Սադոյան ու Գեւորիկ, նորմալ, մարդավարի ընտրություններ կարողանո՞ւմ եք կազմակերպել։

Ավարտելով իր հետաքրքիր ու բովանդակալից կյանքի պատմությունը, Ֆադեյ Ճաղատիչը հռետորական հարց տվեց՝ «Մինչեւ ե՞րբ։ Մինչեւ լո՞ւս։ Այո, շուտով լուսանում է, սկսվելու են, ներողություն արտահայտությանս համար, ընտրությունները, եւ մենք պետք է որոշենք, ինչպես անենք, որ պարզերես նայենք սեւամորթների ու չուկչաների աչքերին եւ այլ մասերին։ Հարցականի տակ է մեր արժանապատիվ ապագան։ Տիկին Լյուդմիլա, ինչո՞ւ վեր թռաք, խոսքը մեր հարգարժան վարչապետի հարգարժան կուսակցության մասին չէ։ Մենք գիտենք, որ նրան ընդամենը մի քանի օր է մնացել խավիար ուտելու եւ ամենեւին հակված չենք քննադատելու նրան՝ նա մեր բազմաչարչար ժողովրդի համար շատ մեծ գործ է արել՝ մեր 80 կուսակցություններին ավելացրել է եւս մեկը։ Խոսքը մեր ժողովրդի ապագայի մասին է։ Կարեն Սերոբիչ, դո՞ւք ինչու եք անհանգստանում, չէ՞ որ ես մեր ժողովրդական կուսակցության ապագան չեմ ակնարկում։ Չէ՞ որ մենք ձեզ հետ արդեն պայմանավորվել ենք, որ մեր ապագան մեր անցյալն է՝ ընտրություններից հետո դուք կդառնաք Հայաստանի Հանրապետության Կենտկոմի բյուրոյի առաջին քարտուղար, այսինքն, ինչպես եւ առաջ, մեր երկրի փաստացի առաջնորդը, ես կրկին կզբաղեցնեմ ներկայիս խավիար ուտողի պաշտոնը, իսկ կոմունիստ Հրանտ Ոսկանյանին կնստեցնենք Խոսրովի տեղը։ Եվ ամեն ինչ կլինի ինչպես առաջ՝ արդյունաբերական ձեռնարկությունները կրկին կաշխատեն, ֆրանսահայ կոնյակի գները կսառեցնենք, իսկ երեւանցիների բնակարաններում նույնիսկ տեղ-տեղ անմահական տաք ջուր հայոց կգա։ Ինչ է նշանակում՝ բա Քոչարյա՞նը։ Չէ՞ որ դուք էիք ասում, Կարեն Սերոբիչ, որ Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի տնօրենի պաշտոնը թափուր է։

Բայց սրանք, ինչպես դուք եք ասում, Կարեն Սերոբիչ, մանրուքներ են, «Հայէլեկտրամաշ» գործարանի դետալներ։ Իսկ գլխավոր համազգային հարցը, ինչպես եւ Լենինի օրոք, նույնն է՝ ի՞նչ անել։ Դիտողություններ եւ առաջարկություններ կա՞ն։

Ռազբիրատավորները միանգամից բարձրացրին իրենց բոլոր ձեռքերը։ Նախագահող Էդուարդ Եգորյանը ուշադրությամբ զննեց բոլորի ձեռքերը եւ փաստեց.

– Որպես դոկտոր, ես գտնում եմ, որ ամենամաքուրն այստեղ սահմանադրական Գարդմանք արտաշեսաբանության ուժածին իրավունքի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի գլխավոր մասնագետ Հրանտ Խաչատրյանի ձեռքն է։ Եվ ուրեմն, ինչպես պահանջել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարարը, գլխավոր առաջարկով, մաքուր ձեռքերով եւ ալեզարդ մորուքով հանդես կգա մեր հարգելի Հրանտը։

Hrant Xachatryan

Հրանտ Խաչատրյանը մորուքեց.

– Ես սահմանադրորեն համոզված եմ, որ մենք պետք է ապահովենք բոլոր 21 կուսակցությունների խոսափողությունը ապագա խորհրդարանում։ Բայց քանի որ Սահմանադրությունը պահանջում է, որ բոլորը հաղթահարեն այդ անիծյալ, հին իշխանություններից մնացած հինգ տոկոսը, իսկ հարյուրը քսանմեկի բաժանելով, ցավոք, հինգից քիչ ենք ստանում, ուրեմն ինչ-որ մեկին պետք է, մեղմ ասած, բացառենք։ Ո՞ւմ։ Ես, իհարկե, կհամաձայնեի ինքնաբացառման դիմել, բայց բոլորդ լավ հասկանում եք, որ Սամվել Բաբայանը սովոր է գրավել հարեւան երկրների 17-20 տոկոսը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվի այդ դեպքում Սյունիքի, Գեղարքունիքի, միգուցե նաեւ Վայքի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Սեւանի սիգի եւ իշխանի, նաեւ Արենիի կարմիր գինու կորստյան հեռանկարը։

Անցնենք առաջ։ «Միասնություն» բլոկի հեռանալու մասին խոսելն ավելորդ է՝ Կարեն Սերոբիչը ծանոթ է 2000 լիտրից ավելի կաթ տվող բոլոր կովերին եւ օպերայի լյուստրան էլ ինքն է կախել, Վազգենին ընդհանրապես մի բարկացրեք, թե չէ կհիշեք եռամսյա հավաքների աբլավաները։

Պարույրին եթե դուրս թողնենք, մեր գլխին երկրորդ Պառավաքարն է սարքելու, իսկ մեր գլուխը դրան պատրաստ չէ։

Վանոյին մի բան ասենք, միջազգային դիտորդները կդիտեն որպես դիտավորություն ու վատ կդիտվենք, միգուցե, ինչպես ինքն էր ասում՝ կդատվենք Հաագայում։

ԱԺՄ-ին ձեռք տալ հնարավոր չէ՝ ինքներդ գիտեք, Արշակի հետ գործ ունենալը վկասակար է առողջության համար, թող Բաբիկն ու Արան հավաստեն։

«Շամիրամին» դիպչես՝ կասեն մեր ամոթխած փափկասուն կանանց բան ասող կա։

Հայ հեղափոխականությունն այնքան է տուժել Լեւոնից, որ եթե հանենք, կարող է իրոք հայ հեղափոխություն անեն։

Ռամկավարները պարզապես մեղք են՝ ինչ են արել այդ խեղճ մարդիկ՝ սուսուփուս գնացել են մեր բոլոր նախագահների հետեւից։

Լյուդմիլային հանես՝ վարչապետը նորից հովհարային անջատումները կվերականգնի։

«Օրինաց երկրին» բան ասողներին սպասում են Նալբանդյան փողոցի հայտնի հաստատության նկուղային հարկերը։

Կոմունիստներին, ասենք, հանեցինք՝ բա որ Զյուգանովը գա մեզ վրա՞։

Սոցիալիստական ուժերի միության մասին խոսելն ավելորդ է՝ մեր ողջ ապագա խորհրդարանը երեւի կկոչվի Սոցիալիստական ուժերի միություն։

Հրանտ Բագրատյանին անպայման պետք է պահել որպես նմուշ՝ Միջազգային արժութային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին ցույց տալու համար՝ ըհը, մի հատ էլ լիբերալ ունենք, փողերը տվեք։

Էդուարդ Եգորյանին էլ որպես 95 թվականի ժողովրդավարական ընտրությունների թանգարանային խորհրդանիշ ստիպված ենք պահել։

Արամ Սարգսյանին էլ որ բացառենք, նրա գաղափարների վրա խարսխված մեր ողջ արտաքին քաղաքականությունը վարի կգնա, մենք էլ հետը։

Էլ ո՞վ մնաց։

Vazgen sargsyan

Այդ պահին ներս մտավ Վազգեն Սարգսյանը եւ նույնպես մորուքեց.

 

– Լսել եմ, ուզում եք հավասար բաշխել ձայները։ Բա իմ ընկեր Ընկեր Դեմիրճյանի 40 տոկո՞սը։ Բա էն, որ դուք բոլորդ իմ ճկույթը չարժեք՝ էդ էլ առնվազն 20 տոկոս։ 40 ավանդապահ դեմիրճյանական՝ պլյուս 20 երկրապահ հանրապետական, ի՞նչ է անում՝ ուղիղ 67 տոկոս, այսինքն, երկու երրորդ։ Եվ դա արդեն ամրագրված է ասֆալտով՝ ես ընտրակաշառքի մասին չեմ ասում, ես փաստում եմ այն փաստը, որ խորհրդարանը շրջապատված է ընդամենը երկու փողոցով՝ մեկը մարշալի անունով, իսկ ես զինվորական եմ, մյուսը հենց այդպես էլ կոչվում է՝ Դեմիրճյանի։ ***

Ռազբիրատավորների ժողովը հեռարձակվում էր ազգային տոչկայով, եւ հայ նախընտրական ժողովուրդը սկսում էր հավաքվել ակադեմիայի շենքի դիմաց։ Պատուհանից լսվում էր Արշակի մշտնջենական ձայնը։

Վազգեն Մանուկյանը, օգտվելով առիթից, ասաց. «Գնամ, մի քանի նախընտրական խոստում տամ ժողովրդին։ Եթե 15 րոպեից չվերադառնամ, համարեք ինձ գիտա-արդյունաբերական եւ քաղաքացիական անհնազանդության համար բռնադատված։ ԱԺՄ-ի ընտրողներին կտակում եմ Արշակին»։

Paruyr Hayrikyan

Պարույր Հայրիկյանը վեր թռավ տեղից ու բողոքեց. «Ես կտրականապես դեմ եմ, որ Վազգենին ճանաչեք բռնադատված։ 17 տարի ես նստել եմ Կարեն Դեմիրճյանի օրոք, 17 օր տանն եմ նստել այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը հաղթանակ տարավ խորհրդարանամերձ ժողովրդի նկատմամբ։ Հիմա այդ երկուսը զույգավորված կրկին պիտի խորհրդարանական հաղթանակ տանեն եւ նույնիսկ Դոդի Գագոյին պարզ է, որ ես կրկին նստելու եմ 17 տարի եւ 17 օր։ Ու ես չգիտեմ, թե որ ժամին ում հետ եւ ինչ վիճակում տուն կվերադառնա Վազգեն Մանուկյանը եւ ինչ բացատրություն կտա իր կնոջը, բայց ես համաձայն չեմ նրան բռնադատվածի կարգավիճակ շնորհելու հետ»։

Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանը ժպտաց «Շամիրամի» անդամներին խելքահան անող իր դուբայական ժպիտով եւ ասաց. «Լացացրիր, Պարույր, պարզապես լացացրիր։ Արի, որպես փոխհատուցում, քեզ նվիրեմ մեր նախկին վարչապետի աշխատած «Հրանտ կոնյակո» ընկերության 17 աստղանի մի շիշ բրենդի եւ մեր տեղական «Գրանտ Տոբակո» ֆիրմայի մի տուփ սիգարեթ։ Այո, պարտադրված պանդխտությունից հետո շատ եմ կարոտել մեր կողմից թալանված ու քանդված իմ Հայրենիքը եւ հիմա միայն տեղական եմ քաշում։ Այդ պատճառով էլ ՀՀՇ-ի կարգախոսը նորովի է հնչում՝ «Քլինթոնի մերն ուրիշ է»։

***

Մինչեւ Վազգեն Մանուկյանը 15 րոպեանոց խոստումներ էր տալիս ընտրազանգվածին, ակադեմիայում հավաքվածները շարունակում էին քննարկել այն հարցը, թե ինչպես սեւերես չմնանք սեւամորթների առջեւ։

«Պպզած երկիր» կուսակցության առաջնորդն առաջարկեց միջազգային դիտորդների գործը հեշտացնելու համար մի մեծ համազգային քվեատուփ տեղադրել Ազատության հրապարակում, որի շուրջ կպպզեն բոլոր դիտորդներն ու վստահված անձինք եւ կբացառեն ընտրավրիպակները։ Բայց Վանոն բողոքեց, որ դա իր անձի նկատմամբ քաղաքական հետապնդման վառ արտահայտություն է. «Ուրեմն Վահան Հովհաննիսյանի ընտրողները Նորքի մասիվից գազանանոցի իմ տան կողքով հանգիստ գան ու քվեարկեն, իսկ ես իմ «Ջիպով» 17 տարի շարունակ Տավուշից Երեւան բերեմ իմ ընտրողներին»։

Vahan Hovhannisyan

Վահան Հովհաննիսյանը դաշնակցական սառնասրտությամբ պատասխանեց. «Ոչինչ, հետո էլ 17 տարի շարունակ արժանապատիվ ապագա կվայելես Կոշի մեր հարազատ ազգային գաղութում»։

Ակադեմիկոս Սախարովի անվան բելառուսառուսահայ միացման առաջնորդ Աղասի Արշակյանն առաջարկեց հենց հիմա նամակ հղել ԵԱՀԿ-ին, զգուշացնելով, որ եթե մեր արդար ընտրությունները հերթական անգամ անարդար ճանաչվեն, մենք Աֆրիկայում, Չադ լճի մոտակայքում կգտնենք չերնառուսների եւ զուլուսների մի միություն եւ կմիանանք դրան, ինչպես նաեւ կդադարեցնենք արմենիկումային պայքարը աշխարհում ՍՊԻԴ-ի տարածման դեմ։

Մինչ ակադեմիայում շարունակում էին քննարկել այս գայթակղիչ առաջարկները, Պարույրը նայեց Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող «Ռոլեքս» մակնիշի իր ընտրացույցին եւ ասաց. «15 րոպեն անցել է, իսկ մեր հարգելի բռնադատվածը չկա ու չկա։ Միգուցե մեր ինքնորոշված ժողովուրդը իրոք նրան բռնադատել է»։

***

Լուսանում էր։ Կրպակներում եւ աշխարհի հյուսիսային կիսագնդում վերջանում էր «Գարունը», բայց դեռ կար «Ժամանակ» մտածելու «Հայոց աշխարհի» եւ «Հայք» կոչված «Երկրի» ապագա ճակատագրի, միգուցե նույնիսկ «Օրագրի» մասին։ «Հայաստանի Հանրապետության» համաշխարհային «Ազգը» «Ժողովրդի ձայնով», այսինքն, առողջ, բարի ու թափանցիկ խռմփոցով էր դիմավորում իր ընտրական «Առավոտը»։

Արշակ Սադոյանը հոգնած ու անջատված խոսափողով վերադառնում էր հարազատ ընտրատարածք։ Ձերժինսկու դպրոցի մոտ նա տեսավ մի Տղա ու մի Աղջիկ, որոնք քաղաքական այս լարված պայմաններում անամոթաբար համբուրվում էին։ Արհեստավարժ հայացքով գուշակելով, որ Տղան եւ Աղջիկը Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն արդեն ընտրելու իրավունք ունեն, Արշակը որոշեց վերջին սոցիոլոգիական հարցումն անցկացնել իր ընտրողների շրջանում եւ հարցրեց.

– Հը, սիրահարված ճժեր, ո՞ւմ եք ընտրելու։

Տղան կիսատ թողեց համբույրն ու ասաց.

– Մենք արդեն ընտրել ենք։ Արշակն արդեն ուզում էր վազել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ բողոքել, թե ինչու են ժամը 8-ից առաջ թողել այս ընտրաճժերին, որ քվեարկեն, բայց Աղջիկը ժպտաց.

– Այո, ընտրել ենք զմիմեանս։ Ու Արշակը զգաց, որ այս Աղջկա անմահական ժպիտը վեր է ազգային-ժողովրդավարական եւ նույնիսկ Սոցիալիստական ուժերի միության գաղափարախոսությունից։

Ու վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ Արշակ Սադոյանը չհակաճառեց եւ նույնիսկ չպահանջեց Խոսրով Հարությունյանից, որ միացնի իր հոգնած խոսափողը, այլ մի բառ ասաց.

– Լավ։

Ու կարծես արձագանքելով այս անսովոր «լավին», ամպերի հետեւից դուրս եկավ մեր հարազատ ազգային նախընտրական կիսալուսինը եւ լուսավորեց դպրոցի պատին փակցված բազմաթիվ կուսակցությունների ու թեկնածուների թռուցիկներն ու պաստառները, որոնց տակ ինչ-որ մեկը, միգուցե հենց այս Տղան եւ Աղջիկը, մեծ տառերով գրել էին նախընտրական իրենց կարգախոսը՝ աշխարհի բոլոր զարգացած, զարգացող եւ նույնիսկ թերի զարգացած ընտրազանգվածների սիրահարված ներկայացուցիչների կարգախոսը.

LOVE։

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31