Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԿՆԱՊՈՒՐ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

Հուլիս 07,1999 00:00
npast

Սոցիալական քաղաքականություն ասվածը, որպես կանոն, հասկանում ենք այսպես՝ քաղաքականություն սոցիալապես անապահովների համար։ Սոցիալական ապահովության նախարարությունն էլ, ըստ այդմ, համարվում է «աղքատների նախարարություն»։

Մի ամբողջ տարի սոցապ նախարարությունը տարածքային սոցիալական ծառայությունների հետ շունչ քաշելու ժամանակ չուներ. ընտանեկան նպաստի մի ամսվա պատմությունից չէր հասցնում դուրս գալ, մյուս ամսվա ցուցակների հետեւից էր ընկնում։ Կառավարությունը փոխվեց (գոնե մի մասը), սոցապ նախարարն էլ, այդ թվում, չգիտես ինչու, փոխվեց։

Կառավարությունը իր ծրագիրը ներկայացրեց՝ ըստ ոլորտների։ Բնականաբար, ծրագրում իր տեղն է գրավել նաեւ սոցիալական ոլորտը։ Ու դարձյալ ծրագրի մեխը ընտանեկան նպաստն է, այսինքն՝ սոցիալական քաղաքականություն ասվածի միայն մի փոքրիկ՝ սոցիալական աջակցություն, հատվածը։

Ծրագրված է զարգացնել համակարգը եւ նույնիսկ օրենք ընդունել «Պետական նպաստների մասին»։ Բնակչության անապահով խավերին նոր կառավարությունը հիշել է նաեւ նրանց դասակարգման սկզբունքների կապակցությամբ։ Իհարկե, շատ կարեւոր է ուշադրության կենտրոնում պահել անապահովներին, սակայն ստացվում է այնպես, որ «ձուկ բռնել սովորեցնելու» փոխարեն անապահով խավերին «ամեն օր մեկական ձուկ ենք տալիս»։ Իսկ դրանով. ա) ժողովուրդը չի կշտանում, բ) ձկներն, այնուամենայնիվ, սպառվում են, գ) ժողովուրդը այդպես էլ «ձուկ բռնել» չի սովորում։ Կարելի է այս թվարկումը շարունակել, իհարկե՝ ի վնաս ընտանեկան նպաստի։ Ծրագրում սոցիալական խավերից «հիշատակվում են» փախստականները եւ կենսաթոշակառուները, կարծես հանրապետությունում միայն նրանք են ապրում։ Կարծում ենք, ՀՀ սոցիալական «ներկապնակը» կառավարության ծրագրում ներկայացվածից շատ ավելի խայտաբղետ է՝ թոշակառուներ, ծառայողներ, գյուղացիներ, գործարարներ եւ այլն։ Եվ, որքան էլ տարօրինակ է, նրանք բոլորն էլ սոցիալական պաշտպանության կարիք ունեն՝ անկախ նյութական ապահովվածության աստիճանից։ Մենք կասեինք՝ ավելին, ինչքան մարդը նյութապես ապահովված է, այնքան ավելի շատ ունի պաշտպանության կարիք։ Խոսքը պահակախմբերի եւ զրահների մասին չէ՝ ուղիղ իմաստով։ Նյութական բարիքներ տնօրինող եւ արտադրող անհատները իրավական ամուր թիկունք ունենալու դեպքում հասարակության եւ պետության աչքից չեն թաքցնի իրենց եկամուտները, կանոնավորապես հարկեր կմուծեն (ընդ որում եկամուտների աճի հետ հարկերն էլ կավելանան)։ Իսկ այդ հարկերից ի՞նչ կգոյանա (նաեւ). ճի՛շտ է՝ անապահով խավերին տրվող նպաստները։ Այստեղ է, որ սոցիալական ոլորտը համարյա համընկնում է տնտեսականի հետ։ Այլ կերպ, կարծես, հնարավոր էլ չէ պատկերացնել, մինչդեռ կառավարության ներկայացրած ծրագրում սոցիալական ոլորտը գոյություն ունի ինքնին, ոչնչով պայմանավորված չէ։

Կենսաթոշակների բարձրացումն ու ժամանակին վճարումը ծրագիրը պայմանավորում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների հավաքագրման եւ կենսաթոշակների նշանակման ու վճարման մեխանիզմների կատարելագործման ճանապարհով։ Սակայն կարելի է, չէ՞, հիշել, որ պարտադիր սոցիալական ապահովությունը կուտակվում է աշխատավարձերից վճարվող չնչին տոկոսներից։ Բյուջետայի՛ն կամ էլ պետությունից չթաքցվո՛ղ (որ համարյա նույնն է թե՝ բյուջետային) աշխատավարձից։ Չենք նշում դրանց չափերը, ընդամենը հիշեցնում ենք, որ սոցիալապես պաշտպանված լինելը ենթադրում է նաեւ այն, որ չեն թաքցվի եկամուտները։ Ա՛յն եկամուտները, որոնցից վճարվում են պարտադիր ապահովագրության գումարները։ Ստացվեց այնպես, որ դարձյալ վերադարձանք չեղած տնտեսության ոլորտը։ Դա առանձնապես անբնական չի թվում, քանի որ սոցիալական՝ նույնիսկ ամենափոքր խնդիրների լուծման մասին ավելորդ է խոսել այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսություն, որպես այդպիսին, չկա։

Կամ էլ կշարունակենք դրսից պարտադրված, դրսի փողերով (տվյալ դեպքում՝ Համաշխարհային բանկի) մեր անապահովների «աչքին փոշի փչել» ու ձեւ անել, թե սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031