Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ, ՖՈՒՏԲՈԼԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Հուլիս 21,1999 00:00
senat

Այնպիսի ընդունելության, որին հուլիսի 20-ին արժանացավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն ՀՀ նախագահի աշխատակազմում, եւ, մանավանդ՝ ՀՀ Ազգային ժողովում, ոչ ոք ՀՀ անկախության օրվանից ի վեր չէր տեսել։

Նախ, սովորաբար, նախագահը հազվադեպ է դուրս գալիս նստավայրից եւ դրսից ճանապարհում որեւէ մեկին՝ ընդ որում, մի քանի րոպե կատակելուց հետո։ Սակայն դա պատահեց։ Պատահեց եւս մեկ կարեւոր բան։ Ազգային ժողովի ճանապարհներին կանգնած էին զինվորական հանդերձով պատանյակներ, որոնք պետականության շուք էին տալիս խորհրդարանի շրջապատին, այսպիսով կանաչ ճանապարհ բացելով պարոն Պոնսլեի՝ «Լինքոլն» ավտոմեքենայի առջեւ, որը, չգիտես ինչու, առանց պետհամարանիշի էր։

Ինչեւիցե, առավոտյան ժամը 11-ին պարոն Պոնսլեն արդեն Ազգային ժողովում էր, որտեղ եւ Կարեն Դեմիրճյանի հետ զրույցը նախատեսվածից շուրջ քառորդ ժամ երկար տեւեց։ Կարեն Դեմիրճյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, ուստի շահագրգռված է փոխշահավետ, կայուն համագործակցությամբ։

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նաեւ, որ Ֆրանսիայի պատմությունը, գրականությունն ու մշակույթը հոգեհարազատ են հայ ժողովրդին, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչներ բնակվելով Ֆրանսիայում, ակտիվորեն մասնակցում են այդ երկրի կյանքին։ Կարեն Դեմիրճյանը կարեւորել է նաեւ արտաքին ներդրումների անհրաժեշտությունը, տարածաշրջանային համագործակցության ծրագրերի մշակումը, որոնց շրջանակում Հայաստանն ակնկալում է Ֆրանսիայի իշխանությունների, մասնավորապես Սենատի աջակցությունը։

Մեր խորհրդարանի խոսնակն ասել է, թե Ֆրանսիայի հետ քաղաքական համագործակցությունն, ըստ էության, առաջ է անցել տնտեսականից, որը եւս զարգացնելու անհրաժեշտություն կա։

Քրիստիան Պոնսլեն պատասխան խոսքում տեղեկացրել է, որ տարածաշրջանային իր շրջագայության մեջ առաջինը Հայաստան այցելելու որոշումն առել է այն բանից հետո, երբ խորհրդակցել է Ֆրանսիայում Հայաստանի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանների հետ։ Նա եւս հավաստել է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության նկատմամբ իրենց հստակ վերաբերմունքը։ Պարոն Պոնսլեն ձեւակերպել է նաեւ իր առաքելության հիմնական նպատակը, այն է՝ հարավկովկասյան երեք պետությունների խորհրդարանների նախագահների հանդիպում կազմակերպել Փարիզում, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը։ Սենատի նախագահը կարեւորել է ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը, նշելով, որ բոլոր հակամարտություններն էլ, ի վերջո, վճռվում են քաղաքական բանակցությունների ճանապարհով։

Այնուհետեւ պարոն Պոնսլեի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, արանքում հասցնելով ճաշել Փարաջանովի թանգարանում։

ՀՀ նախագահի նստավայրից պարոն Պոնսլեն մեկնեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ նրան Ցեղասպանության թանգարանի տնօրեն պարոն Լավրենտի Բարսեղյանը ցուցումներ է տալիս, թե ինչ է պետք իմանալ Հայոց եղեռնի մասին, եւ թե ինչպես է պետք պսակ դնել եղեռնի հուշարձանին։

Թանգարանի հուշամատյանում գրառում կատարելուց հետո, Քրիստիան Պոնսլեն պարզաբանեց, թե ինչու է Սենատում հետաձգվել Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը։ Դա համընկել է Կոսովոյի դեպքերին, եւ Ֆրանսիայի կառավարությունը չի ցանկացել այդ նուրբ խնդրի խորապատկերի վրա քննարկումներ կազմակերպել՝ յուղ լցնելով Բալկանյան հրդեհի վրա։

Իսկ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո էլ Ֆրանսիայի Սենատի նախագահը, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց. «Պետք է ասել, որ արդյունքները դրական են։

Հայ-Ֆրանսիական բարեկամությունը դարավոր ավանդույթներ ունի, բայց միշտ էլ հաճելի է, երբ երկու բարեկամները հանդիպում են, որովհետեւ դրանով հնարավորություններ են ունենում գնահատականներ ներկայացնել տարածաշրջանային, քաղաքական, կամ էլ՝ ընդհանրապես միջազգային իրավիճակի վերաբերյալ։ Իմ գնահատմամբ, ՀՀ նախագահի հետ խոսակցությունը բավականին շիտակ ու անկեղծ էր, եւ ըստ իս, միայն այսպես կհաջողվի լուծում գտնել նույնիսկ ամենաբարդ ու խրթին պրոբլեմներին։ Ես հասկացա, որ մենք ունենք ընդհանուր՝ նույն կամքը, մեր երկուսի առջեւ էլ ծառացել են ամենաբարդ խնդիրները։ Բայց ամենդժվարին հարցերն անգամ կարող են լուծում գտնել բանակցային ճանապարհով ու այնքան ժամանակ, քանի դեռ կա բարիկամեցողություն, միշտ էլ հնարավոր կլինի գտնել ուղի, որը կբերի եզրահանգումների եւ լուծումների։

Ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Հայաստանը, ունեն պարտավորություններ։ Մենք շատ տառապած ազգերից ենք, եւ անցել ենք ահավոր փորձությունների միջով։ Իհարկե, մեզ հարկավոր է ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։ Ե՛վ հանրապետության նախագահը, ե՛ւ ես երջանիկ կլինեինք, եթե հարավկովկասյան ժողովուրդները կարողանային ստեղծել հարատեւ խաղաղության մթնոլորտ, ինչը, բնականաբար, ժողովուրդներին ազատության եւ եղբայրության մեջ ապրելու հնարավորություն կտա։ Սա է մեր ընդհանուր առաքելությունը»։

Այսքանով էլ ավարտվեց պարոն Պոնսլեի շփումը հայ մամուլի հետ։ Հետո Ծիծեռնակաբերդից սենատական պատվիրակությունը վերադարձավ խորհրդարան, ուր Քրիստիան Պոնսլեն եւ Կարեն Դեմիրճյանն առանձնազրույց ունեցան։ Այդ ընթացքում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպում էին ֆրանսիացի սենատորների հետ։

Երբ այս ամենն ավարտվեց, Ազգային ժողովի ղեկավարների ուղեկցությամբ Քրիստիան Պոնսլեի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Սեւան՝ հայաստանյան իր ներկայության վերջին ժամերը Սեւանի ջրերի ճոճքում անցկացնելու։

Այդպիսով անպատասխան մնաց առնվազն երկու հարց. մեկ՝ արդյո՞ք, այս այցելությունը կանդրադառնա Ժակ Շիրակի Վրաստան կատարելիք այցելության աշխարհագրության ընդլայնման վրա, եւ երկրորդ՝ ինչպե՞ս կավարտվի սեպտեմբերին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Ֆրանսիա ֆուտբոլային խաղը՝ պարոն Պոնսլեի կարծիքով։ Հարց, որ շատ էր հուզում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031