Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂՔԱՏ ԵՐԿՐՈՒՄ ԴԺՎԱՐ Է ՍԻՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»

Հոկտեմբեր 13,1999 00:00
Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ 1992-ից ի վեր մի շարք հարցազրույցներ եմ արել, դրանց մեծ մասի ձայնագրությունները պահում եմ:

Պարոն Ղուկասյանը հետաքրքիր զրուցակից է՝ սիրում է հակիրճ խոսել, թվում է, թե բավականին անկեղծ է, ունի ընդգծված հումորի զգացում: Անշուշտ, ամեն բան չէ, որ տպագրվել է այդ տարիների ընթացքում: 1995-ի հունվարին ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ դարձյալ կարգավորման շուրջ խոսեցինք՝ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումների տարբերության, ԵԱՀԿ առաջարկների եւ այլնի շուրջ: Ղարաբաղի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերն այն ժամանակ հրապարակման նյութ չդարձան: Մինչդեռ, հետաքրքրվել էինք պարոն Ղուկասյանից՝ արդյո՞ք զինվորականության ներթափանցումը քաղաքական, տնտեսական ոլորտներ չի մտահոգում Ղարաբաղի ղեկավարությանը: Այսպես պատասխանեց. «Եթե նկատի ունենանք այն դժվարությունները, որոնցով անցել են մեր հրամանատարները, ապա միանշանակ կարելի է ասել, որ նրանց հեղինակությունը քաղաքացիական շատ անձանց հեղինակությունից բարձր էր, վաշտի հրամանատարը ավելի մեծ հարգանք էր վայելում, քան նախարարը, ԳԽ պատգամավորները, հանձնաժողովների նախագահները: Դա տրամաբանական, օրինաչափ զարգացում է»:

«Բայց նման զարգացումները կարող են վտանգավոր լինել, չե՞ք կարծում»,- հարցրեցի արտգործնախարարին. «Անշուշտ կան չարաշահումներ, որոնք պայմանավորված են պետական համակարգի դեռեւս չձեւավորված կառույցով: Նման իրավիճակը, սակայն, հավերժ շարունակվել չի կարող: Ղարաբաղի զինվորականության եւ քաղաքացիական իշխանության փոխհարաբերությունները լուրջ ճշգրտման կարիք ունեն: Անհրաժեշտ է նաեւ հրամանատարների գիտակցության հանգամանքը հաշվի առնել: Անշուշտ, ժողովուրդը նրանց հարգում եւ սիրում է, բայց զինվորականները պետք է հասկանան, որ բոլոր արժանիքներով հանդերձ, նրանք պիտի հարգեն օրենքը եւ ապրեն ըստ օրենքի: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, այո, նա, դղյակ է կառուցել: Բայց նա սկսել է շինարարությունը, երբ շատերը թողնում էին Ղարաբաղը: Մի խոսքով, սա է իրականությունը, որի հետ չի կարելի հաշվի չնստել»:

Գրեթե հինգ տարի անց, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ չէինք կարող շրջանցել նաեւ հետեւյալ հարցադրումները.

– Ղարաբաղի ներքաղաքական կյանքի լարվածությունը Հայաստանում ոմանք կապում են ֆինանսական հոսքերի վերաձեւման, սեփականության վերաբաշխման, իշխանական կառույցների պայքարով:

– Ղարաբաղում տեղի է ունենում օրինականության, արդարության վերականգնման գործընթաց, եւ որեւէ կլանային պայքարի մասին խոսք լինել չի կարող: Մեր նպատակը բոլորի համար հավասար պայմանների ստեղծումն է: Հասարակության շերտավորումը հասել է այն եզրին, երբ որոշ անձինք, պաշտոնական դիրքը չարաշահելով, լուծում էին սեփական բարեկեցության հարցերն, իսկ մյուսները ստիպված էին լքել Ղարաբաղը: Տեղացի եւ օտարերկրյա ներդրողների համար Ղարաբաղում բարենպաստ պայմանների ստեղծումը, օրենս դրական դաշտի կատարելագործումը, գործարարների համար անվտանգության երաշխիք դառնալը – սրանք են մեր պետության առջեւ դրված խնդիրները:

– Ցավոք, Ղարաբաղին եւս չհաջողվեց խուսափել բանակի հետ առճակատումից, որը, հավանաբար, պայմանավորված էր քաղաքական, տնտեսական ոլորտներում նրա ազդեցության աճի հետ, ինչը ինքնըստինքյան սպառնալիք է պետության անվտանգության համար: Եթե չհաջողվի փոխհամաձայնության գալ, ապա հնարավո՞ր եք համարում ռեւանշի փորձը. նկատի ունեմ սպասվող խորհրդարանական ընտրությունները:

– Չէի ասի, որ ամբողջ բանակը, բայց նրա որոշ ներկայացուցիչներ իրոք սկսեցին խաղալ չափազանց մեծ դեր, ինչը, իրոք պետության համար վտանգավոր է: Առայժմ նման վտանգ կա, բայց՝ ավելի նվազ չափով: Չեմ բացառում, որ ռեւանշի փորձ արվի, բայց կարծում եմ, որ խորհրդարանական կայանալիք ընտրությունները պետք է դիտել Ղարաբաղում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում: Ժողովուրդն, իրոք, ծանր է ապրում եւ բնականաբար դրանում մեղադրում է իշխանություններին: Աղքատ երկրում դժվար է սիրել իշխանություններին: Բայց խոսքը ոչ միայն հաց հանապազոր ունենալու մասին է, այլ ժողովրդի ազատության աստիճանի. խոսքի, կամքի արտահայտության ազատության: Մենք պետք է ոչ միայն ապահովենք ղարաբաղցիների համար աշխատանքի իրավունքը եւ փոխենք վաղվա հանդեպ անվստահության մթնոլորտը, այլեւ հնարավորություն տանք ազատվելու կապանքներից եւ առանց երկյուղի որոշելու, թե ում են ընտրելու:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031