Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 08,2000 00:00

Դատավճիռն արտագրված է մեղադրանքից Օգոստոսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը հրապարակեց «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրգործի դատավճիռը։ Վերջինս միանշանակ չի ընդունվել նաեւ պաշտպանական «կորպուսի» կողմից, որոնք ՀԳՄ դահլիճում երեկ հրավիրել էին մամուլի ասուլիս։ Պաշտպաններից իրենց առարկությունները հայտնեցին Ռուբեն Բալաբանյանը, որը ներկայացնում է դատապարտյալներ Վահան Հարությունյանին եւ Սահակ Բալյանին, Սուսաննա Գեւորգյանը, որը պաշտպանն էր Մովսես Ներսիսյանի, Պատվական Խուդոյանը՝ Նորայր Թադեւոսյանի պաշտպանը եւ Արտավազդ Պետրոսյանը՝ Արթուր Խաչատրյանի պաշտպանը։ Նրանք էլ հայտնեցին, որ դիմել են վերաքննիչ դատարան եւ որ համաձայն չեն դատավճռի արդարացիությանը։ Պաշտպան Ռ. Բալաբանյանն ասաց, որ իրենք համաձայն չեն նաեւ «ժողովրդի այն առանձին խավերի» հետեւություններին, թե «Վահան Հարությունյանն իր աշխատողների կատարածով նմանվում է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի կատարած հանցանքների հետ»։ «Դրանք չպետք է նույնացնել»,- պնդում էր փաստաբանը եւ գտնում, որ զուգահեռներ անցկացնելը հնարավոր չէ։ «Եթե Ա. Տեր-Սահակյանի խումբը մեթոդաբար, քայլ առ քայլ Համբարձում Ղանդիլյանին սպանելու, Հովհաննես Սուքիասյանին վերացնելու համար կատարել է առանձին հանցագործություններ, առեւանգել ավտոմեքենաներ, որպեսզի իրենց հետքերը կորցնեն եւ յուրաքանչյուր օր Հ. Սուքիասյանին հետապնդելու համար գնացել է փախցրած ավտոմեքենայով, Ղանդիլյանի մուտքի մոտ սպասել է տարբեր գույնի ավտոմեքենաներով… քանի-քանի դեպքով կանգնեցրել է բենզավոզների, վարորդներից գումարներ է շորթել… Նրանց մոտ շահի գործոնը ճչացող է։ Նրանք այդ քայլին գնացել են ոչ թե Վանո Սիրադեղյանի հրամանները ստիպված կատարելու համար (Սիրադեղյանը բոլորովին էլ հրաման չի տվել գնալ Աշտարակի-Ապարանի հատվածում վարորդներին թալանել)։ Այդպիսի հրամաններ… ինձ թվում է, որ չի եղել»։ Փաստաբանն ասաց, որ Վահան Հարությունյանի խումբը հրաման է կատարել։ Նրանք «չեն սպանել, նրանք գնդակահարել են»։ Սահակ Բալյանը «մտորելու ժամանակ չի ունեցել», պնդում էր նրա շահերի պաշտպանը, քանի որ, ըստ վերջինի, իր պաշտպանյալը գործել է «իր երդմանը համապատասխան»։ Առհասարակ, երբ լսում ես պրն Բալաբանյանին, թվում է, թե «Արիության մեդալն» է պակաս առնվազն, որ կախեն ինչպես Վահան Հարությունյանի, այնպես էլ Սահակ Բալյանի պարանոցից։ Պաշտպանն առարկեց մեղադրականում առկա այն հատվածին, որը վերաբերում էր «ապօրինի բերման ենթարկելուն» (Կ. Ռաֆայելյանին, Ա. Հովհաննիսյանին), «Ո՞ր մի հրահանգում կամ կանոնադրությունում, քրօրենսգրքի ո՞ր հոդվածում է գրված, որ ներքին գործերի նախարարի հրամանով ներքին զորքերի հրամանատարը բերման ենթարկելու իրավունք չունի»։ Փաստաբանը նկատեց, որ դատավճիռն արտագրված է մեղադրական եզրակացությունից։ Պատվական Խուդոյանի խոսքը գեղարվեստական էր, անտիիրավական պատկերներով լեցուն։ Նա ասաց, որ «այս գործը, ինչպես նաեւ արարքների քրեաիրավական որակումը բացահայտված չէ»։ «Եփած հավի ծիծաղն է գալիս» առածը մեջբերելով նա՝ «կպավ» հանցագործության շարժառիթներին։ Նկարագրելով Ս. Ջիլավյանի կողմից ուղարկված «խաբրիկը», թե նա ուզում է սպանել պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, Պ. Խուդոյանը իր վրա վերցրեց պետական պաշտոնյաների առաջին ռեակցիան, խիստ լոռեցիաբար հարցնելով. «Գրագետ-անգրագետ, գյուղացի-քաղաքացի, կուլտուրական-անկուլտուրական պիտի հարցներ. թե էս Ջիլավյանի հավին մենք քշա չենք ասել, էս մարդն ինչ ա՞ ուզըմ մեզ ջնջի։ Էն էլ ո՞ւմ ա ուզըմ ջնջի. հանրապետության նախագահի՜ն, Վազգեն Սարգսյանի՜ն, արդյունաբերության նախարարի՜ն։ Չէ որ սա դուրս է գալիս անձի դեմ ուղղված հանցագործությունների շրջանակից եւ ուղղակիորեն մոտենում է տեռորիստական ակտին»։ «Չէ որ սրանք քաղաքական հիմքեր են»,- շարունակեց նա եւ ավելին՝ մեղադրողներին մեղադրեց, որ իրենց «քոռի տեղ դնելով» պնդում են, որ կատարվածը անձի դեմ ուղղված հանցագործություն է։ Փաստաբանը այնքան ոգեւորվեց, որ նշեց, թե «առաջին պլանում էլ եղել է Լեւոն Սիրադեղյանը»։ Գործի նյութերում չկար նաեւ, թե ինչո՞ւ էին ուզում սպանել, իսկ ինչ վերաբերում է Ն. Թադեւոսյանին, թե շահադիտական նպատակներով է գործել, փաստաբանը հարցրեց. «Ն. Թադեւոսյանի շահը ո՞րն էր» եւ ապա՝ ջունգլիներում պատմելու դեպքում «էտ մարդիկ էլ կզարմանան»։ Փաստաբան Ա. Պետրոսյանը նշեց, որ պատճառաբանական մասը թույլ է, ինչի պատճառով «տպավորություն է ստեղծվում, թե մեր պաշտպանյալները դատապարտվել են ոչ թե դիտավորյալ սպանության, այլ, ասենք, խուլիգանության, վիրավորանք հասցնելու… թեթեւ հանցակազմերով»։ Դարձյալ խոսվեց ապացույցների ձեռքբերման եւ գնահատման սկզբունքների մասին։ «Իմ պաշտպանյալը որեւէ առնչություն այդ դեպքի հետ չի ունեցել»,- եզրափակեց նա, եւ ապա. «Արթուրը նախապես չի իմացել, որ այդ դեպքը պետք է տեղի ունենար Սերժ Ջիլավյանի դեմ կատարված մահափորձը թաքցնելու նպատակով, չի իմացել, որ Կարենը եւ Արթուրը (գնդակահարվածները) բերման են ենթարկվել, չի մասնակցել, որ նրանք պահվել են ՆՆՎ-ում, ամառանոցում…»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930