Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

ՈՉ ՄԻ «ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՉԻ ՄՈՌԱՑՎԻ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ Էմմա Խուդաբաշյանը, որ գլխավորում էր Աջափնյակի համայնքապետի թեկնածու Արտակ Սարգսյանի նախընտրական շտաբը, գտնում է, որ Արծրուն Խաչատրյանը համայնքապետ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանին 1998-ին մատուցած ծառայությունների դիմաց։ ՀԺԿ թեկնածու Արտակ Սարգսյանի եւ անկուսակցական Արծրուն Խաչատրյանի ձայների տարբերությունը շուրջ 6 հազար էր, եւ սա մեկնաբանվեց որպես ՀԺԿ-ի ցածր վարկանիշի արտահայտություն։ «Չեմ կարծում, որ մեր կուսակցության հեղինակությունն անկում ապրեց ընտրողների ձայների 20 %-ը ստանալով։ Մանավանդ որ մեր թեկնածուն Աջափնյակում այդքան ճանաչված չէր»,- ասաց Էմմա Խուդաբաշյանը։ Արծրուն Խաչատրյանի ընտրության գործում տիկին Խուդաբաշյանը վճռորոշ էր համարում այն, որ նա համայնքապետի պաշտոնակատար լինելով օգտագործեց այդ պաշտոնի ընձեռած հնարավորությունները. «Ընտրացուցակների անճշտությունները չշտկվեցին։ Մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների, համատիրությունների եւ ԲՇՏ-ների ղեկավարների միջոցով նա ազդեցություն էր գործում ընտրողների վրա։ 131 դպրոցն ընտրատարածք էր՝ տեղափոխեցին Սեբաստիա հյուրանոց. սա էլ է, չէ՞, լծակ»։ Հիշեցրինք, որ Արտակ Սարգսյանը հրապարակավ շնորհավորել էր Արծրուն Խաչատրյանին՝ ընտրվելու առիթով։ Այս շնորհավորանքի եւ իր թվարկած տվյալների հակասությունն Էմմա Խուդաբաշյանն այսպես բացատրեց. «Իրոք, 1998-ի ընտրությունների ահավոր կեղծիքներն այս անգամ չեղան։ Ճիշտն ասած, մենք դրան էինք պատրաստ, որ պիտի բերեին, լցնեին, ջարդեին, փշրեին… Նման բաներ չեղան»։ Աջափնյակի նախկին թաղապետ Ռաֆիկ Մկրտչյանին այդ պաշտոնը բաժին էր հասել որպես վարչապետ Վազգեն Սարգսյանի մխիթարական մրցանակ՝ «Ժողովրդավարական Հայրենիքին»։ Էմմա Խուդաբաշյանը գտնում է, թե այս անգամ էլ Աջափնյակի համայնքապետն առանց երկրի առաջին դեմքերի օժանդակության չէ, որ ընտրվեց. «Նրանք էին միշտ ասում, որ «դաբրոն» ստացել են Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից։ Ես էլ միանշանակ ճիշտ եմ համարում իրեն այդ պաշտոնը հանձնելը, քանի որ 1998-ին Արծրուն Խաչատրյանը քիչ աշխատանք չկատարեց հօգուտ Քոչարյանի։ Փաստորեն, բոլորը տեղավորվեցին՝ այս մարդը մնաց»։ Այն հարցին, թե նախագահական ընտրարշավում ի՞նչ դերակատարություն է ունեցել Արծրուն Խաչատրյանը, մեր զրուցակիցն ի պատասխան զարմացավ. «Ո՞նց թե՝ ինչ է արել, Աջափնյակում ի՞նչ էին անում։ Քվեաթերթիկներ էին լցնում»։ Հիշեցնենք, որ Էմմա Խուդաբաշյանն այս հարցի մե՜ծ մասնագետ է՝ նույն համայնքում նախագահական ընտրությունների ժամանակ կրծքով փակել էր քվեատուփը, որի համար եւ Կարեն Դեմիրճյանը նրան «հայկական Մատրոսով» էր կոչում։ Սակայն Աջափնյակում այդ ժամանակ կատարվածի համար առավել Աշոտ Աղաբաբյանի անունը հոլովվեց, բայց ոչ Արծրուն Խաչատրյանի՝ մեր այս դիտարկմանը տիկին Խուդաբաշյանն այսպես արձագանքեց. «Այն ժամանակ նրանք մի թիմ էին, հիմա չգիտեմ, թե ինչու պառակտվեցին»։ Ի դեպ, ժամանակին Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը, որն այժմ «Միասնություն» խմբակցության ղեկավարն է, հայտարարել էր, թե իրենք պաշտպանում են Արտակ Սարգսյանի թեկնածությունը։ Բացի դաշինքակցի ներկայացուցչին սատարելու անհրաժեշտության պարագան, մեր համոզմամբ, այստեղ գործում էր «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը (հիշենք նույն պաշտոնի համար Աշոտ Աղաբաբյանի եւ Արծրուն Խաչատրյանի արյունալի բախումը)։ Սակայն, երբ տիկին Խուդաբաշյանից հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն գործնականում իրոք աջակցե՞լ է ՀԺԿ-ի թեկնածուին, հետեւեց կարճ պատասխան. «Ո՛չ։ Չնայած համապատասխան հայտարարություն հնչեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ, բայց մեզ չաջակցեցին»։ Փակագծերն առավել բացել չցանկացավ։ Մեզ մնում էր ենթադրել, որ «բարձրյալների» կամքն առավել թելադրող է եղել, քան դաշինքակցին կամ հակառակորդի հակառակորդին օգնելու ցանկությունը։ Իսկ գուցե արժե այդ առումով հաշվի առնել նաեւ մեկ այլ հանգամանք. հրապարակվել էր, թե Արծրուն Խաչատրյանը վայելում է նաեւ Պարույր Կարապետյանի եւ ԱԺ այլ պատգամավորների աջակցությունը. «Պարույր Կարապետյանն ու Արծրուն Խաչատրյանը մի թիմ էին։ Բայց նա չէր կարող այդպես աջակցել, եթե վերեւների «դաբրոն» չլիներ։ Եվ կրկնում եմ՝ նրանք նախապես անընդհատ ասում էին, թե «դաբրոն» տրված է, եւ «հարց չկա»։ Քաղաքական աջակցությունը կամ դրա բացակայությունը մի կողմ՝ տիկին Խուդաբաշյանը մատնանշեց այս ընտրությունների համար նույնչափ վճռորոշ գործոնը. «Այստեղ դեր խաղաց փողը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել