Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԸ 108-ԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ 113 Երթուղային գծերը 108-ն են եղել եւ ոչ թե 113-ը, ինչպե՞ս կարող էին քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ նշել, թե երթուղային գծերի թիվը պահպանվել է։ Արդեն մեկ շաբաթ է՝ այս հարցով խմբագրություն են զանգում քաղաքացիներ, որոնք ներկայանում են որպես գիծը սպասարկող վարձակալներ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին մենք անդրադարձել էինք քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը, որտեղ հայտարարվեց, թե երթուղային գծերի թիվը պահպանվել է։ Ի պատասխան այն հարցի, թե իսկապես երթուղային գծերը 108-ից դարձել են 113, այս համակարգի մի պաշտոնյա, որը չգիտես ինչու չցանկացավ հրապարակել անունը, հաստատեց։ Նույն հարցով փորձեցինք դիմել նաեւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արամազդ Զաքարյանին. վերջինիս զբաղվածության պատճառով մեր հարցերին խիստ սիրալիր պատասխանեց նրա տեղակալ Սլավիկ Հայրապետյանը։ Նա հայտարարեց, թե 113-ը պաշտոնական թիվը չէ, այլ ընդամենը երթուղային ցանցը մշակած նախագծային ինստիտուտի ներկայացուցչի տվյալը։ Նախ փաստենք, որ դա քաղաքապետարանի պատվերն է եղել, բնականաբար, ինստիտուտի ներկայացուցիչը չէր կարող «ինքնագլուխ» ինչ-որ թվի վրա կանգ առնել։ Եվ հետո, մեղմ ասած, տարօրինակ է, երբ մայիսից քաղաքապետը հայտարարում է, թե երթուղային նոր ցանցում զգալիորեն կրճատվել է երթուղային գծերի թիվը՝ արդյունքում այն ավելանում է եւս 5-ով։ Թեպետ, իհարկե, քաղաքապետը մեզ «համոզեց», որ մենք սխալ ենք լսել եւ խոսքը ոչ թե կրճատման, այլ օպտիմալիզացման մասին է եղել։ Այս «կարգախոսն» էլ լավ սերտած՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալը կրկնեց, որ երթուղային նոր ցանցը «էականորեն փոխվել է ու օպտիմալիզացվել»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ քաղաքապետի որոշմամբ սեպտեմբերին երթուղային նոր գիծ է բացվել՝ թիվ 01-ը եւ դեռ այն ժամանակ է 108 գիծը դարձել 109։ Իսկ 113 երթուղային գիծը պաշտոնական տվյալ չի կարող համարվել, քանի դեռ, ըստ պրն Հայրապետյանի՝ քաղաքապետը չի հաստատել երթուղային նոր ցանցը։ Այդուհանդերձ, պրն Հայրապետյանն ավելացրեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ թիվը կպահպանվի։ Ի դեպ, մեր նախորդ հրապարակման մեջ տրանսպորտի վարչության պետին ուղղված հարցում պետք է լիներ. «Ճի՞շտ է արդյոք, որ ցանցի նախնական տարբերակում 35 երթուղային գիծ հանվել է, դա չի՞ նշանակում, որ քաղաքապետարանը չի կարողանում պայքարել տանիքների դեմ», այնինչ տեխնիկական վրիպակի պատճառով տպագրվել էր «35 երթուղին»։ Հիշեցնենք, որ պրն Զաքարյանը բացառել էր տանիքների դեմ պայքարի քաղաքապետարանի անկարողությունը։ Եվս մեկ փաստ. Արամազդ Զաքարյանը բացառել էր նաեւ անօրինական գործող թիվ 50 եւ թիվ 95 (յուրաքանչյուր գծից քաղաքում 2 հատ է գործում) երթուղային գծերի առկայությունը։ Բայց, ի տարբերություն պրն Զաքարյանի, մենք ամեն օր օգտվում ենք հասարակական տրանսպորտից եւ «ստիպված» արձանագրում, որ անօրինական գործող թիվ 50-ը (սկզբնականգառը՝ 17-րդ թաղամաս, վերջնականգառը՝ ոսկու շուկա) եւ անօրինական գործող թիվ 95-ը (սկզբնականգառը՝ Ներքին Չարբախ, վերջնականգառը՝ Հարավ-Արեւմտյան թաղամաս) անխափան ու անարգելք գործում են։ Թեպետ օբյեկտիվ լինելու համար նշենք, որ տրանսպորտի վարչության եւ կենտրոնական դիսպետչերական ձեռնարկության անդուլ ջանքերի շնորհիվ թիվ 95 անօրինական երթուղին 2-3 օր չգործեց։ Իսկ եթե այդ 2-ն էլ հաշվենք, կստացվի, որ երթուղային նոր ցանցով ոչ թե 108, այլ 115 երթուղի է գործելու։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել