Այսօր վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը կիրակնօրյա Սուրբ պատարագի ավարտից հետո Տավուշի շարժման մասնակիցներին պատգամ ուղղեց. «Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթը, այլ երթը լինելու է սրա մասին՝ շնորհով լցված եւ ճշմարտությամբ լցված, ինչպես առաքյալն էր ասում ոչ մի նեղություն, ոչ մի կապանք ոչ մի բան է մեզ համար այդ ճանապարհին, արժեք չունի»:
Հետո Սրբազանը խոսքն ուղղեց նրանց, ում համար հայրենիքը նշանակություն չունի. «… Փողով սնվող մարդկանց եմ ասում, որոնց համար ո՛չ հայրենիք կա, ո՛չ սրբություն, ո՛չ վեհություն, ո՛չ նպատակ, ո՛չ տեսիլք, այլ միայն փող. ստամոքս ու վաճառված հոգիներ ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ ազատագրելու այդ կապանքներից: Այն օրակարգը, որ թելադրել ու թելադրում ենք ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտության, ընտանիքներում, փողոցում, հաշտության մասին է, ազատ ապրելու , վախերի վերացման մասին է, լույսերի, իղձերի իրականացման մասին է, մեր հայրենիքի մասին է, ձերը, որով սնվել ու սնում եք, այլեւս վեց տարի շարունակ՝ ատելության, թշնամության, քաոսի, մարդկանց իրար նկատմամբ ոխերիմ թշնամի դարձնելու, մարդկանց իրենց երեսից զերծելու ու կեղծ պրոֆիլներ դարձնելու, ձեր ձեռքին ուղղակի խաղալիք դարձնելու: Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք, ուղղակի խելոք, ապաշխարեք, զղջացեք, հեռացեք տարատեսակ մեղքերից, որոնք առնչվում են ձեր հոգուն, մարմնին ու մտքին: Որեւէ մեկը չի կարող քար նետել, չարիքի գործիք որեւէ մեկը չի կարող, վերջին անգամ եմ սրան անդրադառնում, որ հետագայում այլեւս չանդրադառնամ»:
Ամփոփելով իր խոսքը՝ Սրբազանը նկատեց, որ այս երթը տալու է մեզ մեկ բան՝ պատիվ ու հայրենիք, գողացված մեր ուրախության ու անպատվության այս ժամանակներում վերականգնելու ենք մեր հայրենիքն ու պատիվը, որը կոչված ենք վերադարձնելու մեր նախնիներին, մեր նահատակ հերոս զավակներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































