Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

ՄԱՀԱՊԱՐՏԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻՑ Նախագահին խնդրում է իրեն զրկել ՀՀ քաղաքացիությունից «Արծիվ-1» մահապարտների գումարտակի ազատամարտիկ Արմեն Հակոբյանին երեկ հերթական անգամ հանդիպեցի հանրապետության նախագահի աշխատակազմում, նա դիմում էր ներկայացրել նախագահ Քոչարյանին եւ փորձում էր այդ դիմումի պատասխանը ստանալ։ Արմեն Հակոբյանը հիմնավորել էր, թե ինչու է ինքը հրաժարվում այն պետության քաղաքացիությունից, որի պաշտպանության համար մղված մարտերին իր ակտիվ մասնակցությունն էր ունեցել։ Արժե, հավանաբար, շեշտել նրա անցած մարտական ուղին. Երասխ, Ոսկեպար, Վաղուհաս, Դրմբոն, Չլդրան, Հարությունագոմեր, Լաչին… «Հիմա չեմ կարող ասել՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար ես ողջ մնացի,- ասաց Ա. Հակոբյանը եւ ապա հավելեց,- երեւի դժբախտաբար»։ Մահապարտի հետ զրույցից կարելի էր դառը հետեւություններ անել (եւ ոչ միայն նրա համար. պատերազմը հեռացրել էր նրան իր առաջին օջախից՝ ընտանիքից, քանզի, ինչպես ինքն էր պատճառաբանում՝ այդ լարվածությանը, մշտապես սահմաններում լինելու հետ քչերն էին համակերպվում)։ Փոքր-ինչ պաթետիկ կարող է թվալ Արմենի ասածը, թե նա ընտրեց հայրենիքը։ Պատերազմն ավարտելուց հետո նա ընդունվեց ՆԳ ՆԶ համակարգ՝ որպես օպերատիվ խմբի անդամ։ Անցյալ տարվա փետրվարի 23-ին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի թիվ 345 հրամանով նրան շնորհվեց սպայական կազմի հերթական՝ ավագ լեյտենանտի կոչումը։ ՊՆ նախկին նախարար Վազգեն Սարգսյանի ձեռամբ, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ստացել էր «Արիության համար» մեդալը եւ մի շարք պատվոգրեր։ Արմենը իր բուժումն անցկացնում էր ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալում, որտեղ էլ ծանոթացավ ավագ բուժքույր Կարմեն Դավթյանի հետ։ Նրանք այսօր ունեն երեք ամսական մի որդի։ Կարմենը ամուսնալուծվել էր նախկին ամուսնուց եւ դատարան դիմելիս դա հիմնավորել այսպես. «Դժվարին տարիներին, մթի, սովի, ցրտի եւ պատերազմի տասը տարիներին ամուսինս թողել էր իր ընտանիքը, հեռացել Հայաստանից» ու գտնում էր, որ իր ընտանիքի քայքայման պատճառը առաջին ամուսինն էր ։ Կարմենը, տեղեկանալով, որ նախկին ամուսինը «ապօրինի վաճառել է իրենց երկուսի սեփականությունը հանդիսացող տունը, յուրացրել է ողջ գույքը», դիմեց Ավան եւ Նոր Նորք համայնքի առաջին ատյանի դատարան, որի այս տարվա նոյեմբերի 23-ի վճռով էլ հօգուտ Կ. Դավթյանի պետք է բռնագանձվեր 1 մլն 500 հազար դրամ՝ որպես վերջինիս սեփականության իրավունքով հասանելիք 1/2 մասի փոխհատուցում, ինչպես նաեւ օժիտի, համատեղ ձեռք բերված գույքի դիմաց գումար։ Սակայն կհարցնեք, թե Արմենն ի՞նչ կապ կարող էր ունենալ այս ընտանեկան վեճի հետ։ «Կնոջիցս վրեժխնդիր լինելու նպատակով նրա նախկին ամուսնու հարազատները դիմում-բողոքով դիմեցին ՆԳ նախարարին»,- տեղեկացնում է նա, ինչի արդյունքում էլ նշանակվում է ծառայողական քննություն։ Արմենը հեռացվեց ՆԳ համակարգից, քանի որ «քննությամբ» (24.10.2000թ.) պարզվել էր, որ նա արատավորել է ՆԳ աշխատակցի անունը… «դատարանում դրսեւորել է կոպիտ, անպարկեշտ վերաբերմունք շրջապատի նկատմամբ… եւ ՆԳ համակարգ է ընդունվել գործող հրաման-հրահանգների կոպիտ խախտումով»։ Կարծես հրաման-հրահանգ տվողը ինքն է եղել։ Ի դեպ, կնոջ նախկին ամուսնու կողմից (Սարգիս Դավթյան) «վերը նշված հանգամանքների մասին հնարավոր չի եղել լրացուցիչ պարզաբանումներ կատարել, քանի որ վերջինս բացակայում էր հանրապետությունից»,- նշված է եղել պաշտոնական եզրակացության մեջ։ Վերը նշված հանգամանքներն էլ (եզրակացությունը ստորագրել են փոխգնդապետ Վ. Գեւորգյանը, գնդապետ Գ. Պետրոսյանը, կապիտան Ա. Ալեքսանյանը, գեներալ-մայոր Ռ. Հովակիմյանը, միլիցիայի գնդապետ, ՆԳ նախարարի տեղակալ Ա. Մահտեսյանը) այն էին, որ Ա. Հակոբյանը մեղադրվում էր թմրամոլության եւ գողության, անբարոյականությամբ զբաղվելու, ահաբեկչության, դատական նիստերին զինվորական համազգեստով, զինված, զինվորականների հետ գալու համար։ Անբարոյականության մեջ մեղադրվում էր նաեւ նրա ներկայիս կինը, ում համար բազմաթիվ հակառակն ապացուցող ստորագրություններով, դրական բնութագրերով հանդես են եկել Իսահակյան համատիրության բնակիչները, իսկ ՆԳՆ հոսպիտալի պետ, ՆԾ գնդապետ Վ. Մովսիսյանն ու բաժանմունքի պետ, ՆԾ կապիտան Լ. Մխիթարյանն էլ իրենց պաշտոնական գրությամբ հաստատում էին, որ նյարդաբանական բաժանմունքի ավագ բուժքույր Կ. Դավթյանը «իր աշխատած ժամանակաընթացքում աշխատանքային նկատողություններ, տույժեր չի ստացել»։ Կ. Դավթյանը ստիպված էր ազատվել աշխատանքից՝ չդիմանալով իր շուրջը տարածվող ասեկոսեներին։ Ա. Հակոբյանը ըստ այդմ էլ պահանջում էր, որ «եթե իմ չկատարած հանցանքների համար վտանգավոր եմ Հայաստանի եւ նրա ազգաբնակչության համար, խնդրում եմ ինձ զրկել ստացած պարգեւներից, քանի որ դրանք ներկված են զոհված ընկերներիս սուրբ արյունով եւ ես այն կրելու իրավունք չունեմ»։ Մահապարտը խնդրում էր նաեւ իրեն զրկել քաղաքացիությունից, քանի որ «միայն բնակվելով կարող եմ վտանգել պետության եւ ազգաբնակչության անվտանգությունը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել