Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 12,2000 00:00
Nairi hunanyan

«Նաիրի Հունանյա՞ն… Իսկ ո՞վ է դա»

Հոկտեմբերի 27-ի գործն արդեն դատարան է մտել։ Մինչ դատավարությունը Նաիրի Հունանյանը քննիչներին շարունակում է իր անձը որպես մեսիա, փրկիչ ներկայացնել (վկան՝ նաեւ քննիչ Մարսել Մաթեւոսյանին՝ Հունանյանի՝ իր մասին տրված գնահատականներն են։ «Առավոտ», 9.12.2000)։ Այս կապակցությամբ փորձեցինք ճշտել պատահական անցորդների կարծիքները՝ ինչպե՞ս են որակում Ն. Հունանյանի արարքը ԱԺ դահլիճում, եւ ի՞նչ դատավճռի կարժանացնեին նրան, եթե դատավոր լինեին։

Մովսես Թադեւոսյան. «Ոչ մի բան չեմ, նույնիսկ՝ թոշակառու»– Նա զենք ա բարձրացրել առաջնորդի վրա, ուրեմն իրավունք չունի էլ ապրելու։ Եթե դատավորը ես լինեի, մահապատի՛ժ։ Գնդակահարությո՛ւն։

Սուսաննա Դավթյան, արեւածաղկի սերմ վաճառող– Դրան գնդակահարելն էլ քիչ ա։ Ես նրան վաբշե կգնդակահարեի։

Արտյոմ Հարությունյան, «Արմենիա» հյուրանոցի մուտքի մոտ՝ փողոցային երաժիշտ– Ո՞վ։ Ի՞նչ։ Հունանյա՞ն։ Իսկ դա ո՞վ է։ – Ինչպե՞ս, անցյալ տարի հոկտեմբերի 27-ին, խորհրդարանո՛ւմ… – Իսկ ի՞նչ է կատարվել։ Ներեցեք, տեղյակ չեմ։ Թերթ չեմ կարդում։

Հարություն Սարաֆյան, «ՀՀ շարքային քաղաքացի եմ»– Նաիրի Հունանյանը ամենեւին էլ ազգային հերոս չէ։ Նրա համար՝ որպես մարդասպանի, ցմահ բանտարկություն կսահմանեի։ – Անդիկյա՜ն Վլադիմի՛ր, ծնված 1925 թ., խառատ-ֆրեզերովչիկ եմ։- Շա՜տ լավ եմ ճանաչում Ն. Հունանյանին, շա՜տ։ Ուզում եմ նրա մահապատիժը տեսնել՝ որպես հայրենիքի դավաճան։

Հակոբյան Լենդրուշ, մեղվապահ– Միանգամից դժվարանում եմ պատասխանել։ Թե նա սպանությունից առաջ ի՞նչ մտորումներ է ունեցել, չգիտեմ։ Դժվար ա ասել՝ ճիշտ ա, թե սխալ։ Սա քաղաքական հարց ա։

Լ. Ա.

ՆՈՐԱՐԵՇՑԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՊԱԿԱՍ ՈՒՆԻ

gazel

Ողջույն «Առավոտ» թերթի խմբագրության աշխատակիցներին։ Չափազանց ողջունելի է այն փաստը, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում անօրինականություններին։ Եվ ահա օրերս Ձեր թերթում կարդացինք «Ապօրինի երթուղիները շարունակում են գործել» հոդվածը (2 դեկտեմբերի 2000)։ Հաճելի է տեղեկանալ, որ հատուկ ուշադրության եք արժանացնում խմբագրություն այցելած բնակիչների բողոքները։ Նոր Արեշը գտնվում է կայարանից Էրեբունի ընկած տարածքում (Թոխմախ, գաջի գործարան)։ Այդ տարածքը, հատկապես Թոխմախին եւ գաջի գործարանին հարող մասը, բավականաչափ կտրված է քաղաքի մնացած մասերից, այսինքն՝ տրանսպորտով այնքան էլ կապված չէ ծայրամասերի հետ։ Նշենք, որ Նոր Արեշը պատկանում է Էրեբունու շրջանին, բայց այն մոտ չէ Էրեբունու տրանսպորտին։ Նոր Արեշի միջով անցնում է միայն 11 համարի երթուղային տաքսին, այն Նոր Արեշից գնում է մինչեւ «Հրազդան» տոնավաճառ։ Աշխատում են 75 եւ 72 համարի երթուղային տաքսիները եւ անցնում են Նոր Արեշի կողքով։ Խնդրում ենք Ձեր հեղինակավոր միջամտությամբ ընդառաջ գնալ մեր խնդրանքին. որեւիցե երթուղային գիծ կազմակերպել այնպես, որպեսզի մեկ մեքենայի միջոցով հնարավորություն տրվի Թոխմախին մոտ գտնվող տարածքից հասնել գոնե մինչեւ Ռելեի գործարան։

ԵՐԱՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նոր Արեշ, 44 փողոց

Հավատարիմ մնալով յուրաքանչյուր քաղաքացու խոսքը հասարակությանը հասցնելու սկզբունքին, տպագրում ենք այս նամակը՝ վստահ չլինելով, որ մեր հեղինակավոր միջամտությունը կազդի չինովնիկների վրա։

Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Armentel

Նոթատետրիս մեկ ամբողջ էջ համալրված է վայրիվերո հեռախոսահամարներով է՛լ վարչության պետ, է՛լ տեխնիկական բաժնի պետ, քարտուղարուհիներ, այլեւայլ բաժինների պատասխանատու աշխատողներ։ Եվ այս ամենը մի կերպ տեղավորել եմ «ԱրմենՏել» կոչվող խորագրի ներքո։ Խնդիրը նրանում է, որ երբ մեր իշխանավորները ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունեցող հեռախոսային կապը սիրով նվիրաբերեցին վերոհիշյալ ոչ հանրահայտ կազմակերպությանը՝ ձեռքի հետ սրանց տնօրինությանը հանձնեցին նաեւ մեր քաղաքացիական իրավունքները։ Մոտ երկու ամիս առաջ Դավիթաշեն թաղամասում շահագործման հանձնվեց նոր ավտոմատ հեռախոսակայանը։ Քաղաքացուն վերագրված իրավունքով՝ թաղամասի նախկին մսուր-մանկապարտեզների (ներկայումս բնակշենքերի) բնակիչներս նույնպես ցանկացանք օգտվել կարեւորագույն այս կապի միջոցն ունենալու իրավունքից։ Սակայն մեզ տրված չէր ժամանակից շուտ «ուրախանալ»։ Պարզվեց, որ երկհարկանի այս կառույցներն անչափ մանր էին նկատվելու համար։

Հարգարժան արմենտելականները հանգիստ խղճով շրջանցել էին այս օբյեկտները, իսկ եղած մեկ-երկու համարի մալուխներն էլ (կաբել) ինչ-որ չար ձեռքերով ապամոնտաժվել էին։ «ԱրմենՏելը» խոստացել էր հեռախոսաֆիկացնել անգամ ամենահեռավոր գյուղերի մոռացության տրված խրճիթները։

Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԲՑ-ՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԳՈՀԱՑՆԻ ՍՊԱՌՈՂԻՆ

canc

«ՀՀ էլեկտրաէներգետիկայի մասնավորեցումը եւ հակաազատականացումը» այսպիսի խորագիր է կրում անկախ տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի նախագահ Էդուարդ Աղաջանովի հրապարակումը, որը մասամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին։ Էներգետիկայի համակարգի բարեփոխումների աշխարհի ոչ հարուստ փորձը ցույց է տալիս, որ բոլոր պետությունները մի նպատակ են հետապնդել. գների ազատ մրցակցության ճանապարհով էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում։ Այլ հարց է, թե որքանով է դա նրանց հաջողվել (վկա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի օրինակը)։ Հայաստանին առաջարկվող բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման միջոցով էլեկտրաէներգիայի համակարգի բարեփոխման մոդելը որեւէ կապ չունի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի ազատ մրցակցային շուկա ձեւավորելու հետ։

Դատեք ինքներդ՝ ամբողջ Հայաստանը բաժանվել է 4 մասի (Երեւան, Կենտրոն, Հյուսիս, Հարավ) եւ յուրաքանչյուր մասում միայն մեկ մասնավորեցման կազմակերպություն է ծառայություններ մատուցելու։ Այլ խոսքով՝ էլեկտրաէներգիայի շուկա այդպես էլ չի ձեւավորվի՝ ոչ մրցակցային գներ, ոչ վաճառողներ։ Ամբողջ տարածաշրջանը ազատականացման փոխարեն դառնում է այդ սեփականաշնորհող ֆիրմաներից մեկի մենաշնորհը։ Էլեկտրաէներգիայի մրցակցային շուկա ձեւավորելու համար վերը նշված 4 տարածաշրջաններից յուրաքանչյուրում էլեկտրաէներգիա բաշխող մեկ սուբյեկտի փոխարեն պետք է լինեն մի քանիսը։ Բնականաբար, դա կբերի գների իջեցման։ Գնորդին ձեռնտու չի լինի հսկայական մեկ ցանցի փոխարեն գնել դրա մի (մեկ այլ ցանցի՝ մի) բաժանմունք, սակայն դա սպառողին է ձեռնտու։ Սպառողն այդ դեպքում հնարավորություն կստանա ինքն ազատորեն ընտրել սնուցող ցանցի բաժանմունքը։ Մի՞թե կապի համակարգի մենաշնորհային մասնավորեցման տխուր փորձը ոչինչ չի սովորեցրել։

Արկադի Վարդանյանին փախցրե՞լ են

Arakadi vardanyan

Ի պաշտպանություն «XXI-րդ դար միջազգային ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, Միքայել Նալբանդյանի հուշարձանի կողքին, Ազգային անվտանգության նախարարության շենքի դիմաց (ուր գտնվում է Վարդանյանը) հրավիրվել էր հանրահավաք, որին մասնակցեցին «Հայոց տուն» միությունը, «Սոցիալիստական Հայաստան» կազմակերպությունն ու «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, որոնց անդամներով էլ հիմնադրվել է «30-ը հոկտեմբերի, ընդդեմ քաղաքական հետապնդումների» հասարակական կոմիտեն։ Հանրահավաքի արտոնված լինելը կարելի էր ենթադրել շղթա կազմած ոստիկանների մասնակցությամբ։

«Հայոց տուն» միության նախագահը տեղեկացրեց, որ իրենք դիմել են գլխավոր դատախազին, հավաքել են ստորագրություններ ԱԺ-ից (առայժմ 5-ը), որպեսզի Ա. Վարդանյանի խափանման միջոցը փոխվի. «կալանքը՝ երկրից չբացակայելու նրա պարտավորությամբ»։ Վ. Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը կստանձնի Ա. Վարդանյանի չբացակայությունը։ Հանրահավաքում համերաշխություն հայտնած հաջորդ հռետորը Աշոտ Մանուչարյանն էր, որն ասաց, թե Ա. Վարդանյանը «քաղաքական պատանդ» է, որին «որեւէ իրավական հիմք չունենալով փախցրել են պետական որոշակի պաշտոնյաներ, բռնի կերպով զրկել նրան ազատությունից»։ Ա. Մանուչարյանը «ցավալի» համարեց քաղաքական կուսակցությունների «լռակյաց համաձայնությունը» կատարվածի հանդեպ, հատկապես նրանց պասիվությունը, «ովքեր վերջին 15 տարվա ընթացքում ամեն մի նման դեպքից հետո պահանջել են միանշանակորեն ազատել այդ մարդկանց»։

Օտար պետությունների դիրքորոշման առնչությամբ Ա. Մանուչարյանն ասաց. «Ուշադրություն դարձրեք, նախորդ ձերբակալությունների ժամանակ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ պահանջում էին 27-ի գործով որոշակի ձերբակալվածների ազատում։ Շատ որոշակի մարդկանց։ Իսկ այսօր, երբ ձերբակալված է Ա. Վարդանյանը, այդ երկրներից ոչ մի ձայն չկա։ Այն մարդիկ, ում փորձում էին ազատել Ֆրանսիան եւ Նահանգները, այսօր հիմնական դիրիժորներն են Ա. Վարդանյանի դեմ տարվող քարոզչության»։ «ԺՀ» կուսակցության անունից Պետրոս Մակեյանը հատուկենտ միտինգավորներին նկատելով, երկու կարծիք հայտնեց. կամ Հայաստանում մարդու իրավունքները հարգված են, որ մարդիկ քիչ են, եւ կամ անհույս են։ «Հասարակությունն անտարբեր է»,- գնահատեց նա եւ ապա շարունակեց. «Ռ. Քոչարյանը Կ. Դեմիրճյանի փոխարեն է նստած»։ Նա չբացառեց, որ «գարնան շեմին կգործի ռումինական տարբերակը նաեւ Հայաստանում, որովհետեւ այլընտրանք չի մնում այս ժողովրդին»։

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Մուլտիպլիկացիան անմեղ է, բյուջեն է մեղավոր

Հայկական մուլտիպլիկացիայի ռահվիրա Ռոբերտ Սահակյանցին զարմացրել է այն վերաբերմունքը, որ մամուլն ունի երեխաների եւ մեծերի սիրելի «մուլտիկների» հանդեպ։ Նա կարծում է, որ մուլտիպլիկացիան իր նշանակությամբ շատ քիչ է զիջում գրականությանը, եւ եթե մեր պետությունը բարեհաճում է մշակույթի որեւէ ոլորտին գումար հատկացնել, պետք է միայն ուրախանալ եւ ողջունել։ Իսկ ահա այս անհասկանալի խանդը՝ «ինչո՞ւ մուլտերին, եթե ոչ՝ դասագրքերին», պրն Սահակյանցը չի ընդունում ոչ միայն այն պատճառով, որ «մուլտիպլիկացիան մեղք չունի, որ այս երկիրն իր զավակների կրթությունը բարձիթողի է արել», այլեւ նրա համար, որ «ոչ մի վստահություն չկա, որ խոստացված գումարը տեղ կհասնի»։

Նա նկատի ուներ, որ վերջին մի քանի տարիներին բյուջեում միշտ էլ գումար է նախատեսվել մուլտիպլիկացիայի համար, սակայն այդ գումարի երեսը տեսնող չի եղել. այն որպես բարի կամքի արտահայտություն մնացել է թղթի վրա։ 2001թ. պետբյուջեում մուլտիպլիկացիայի համար նախատեսված 95 մլն դրամ։ Այդ գումարի 55%-ը, պրն Սահակյանցի խոսքերով՝ «ծախսվելու է «Հայֆիլմի» կարիքները հոգալու, ավելացված արժեքի հարկ մուծելու եւ այլնի վրա», եւ միայն 45%-ն է հատկացվելու բուն նպատակին՝ ֆիլմեր նկարելուն։

Ընդ որում, այդ գումարով (մոտ 40 մլն դրամ) նկարվելու է Արման Մանարյանի «Սասունցի Դավիթը» եւ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմը, որին հատկացվող գումարը թեեւ 10 րոպեանոց մուլտֆիլմի կբավարարի, բայց պրն Սահակյանցը մտադիր է նկարել 60 րոպեանոց լիամետրաժ ֆիլմ («այսինքն՝ 6 անգամ էժան»)։ Լիամետրաժ մուլտֆիլմը ծրագրված է նկարել տեսաժապավենի վրա եւ որպես տեսաֆիլմ վաճառքի հանել՝ «այդպես մենք այդ գումարներն էլ կվերադարձնենք»։ Չմոռանանք նշել, որ պրն Սահակյանցը համոզված է, որ այսօրվա պայմաններում անբարոյականություն է բյուջեի այդքան սուղ միջոցներից հատկացվող գումարները արվեստագետի ինքնարտահայտման համար ծախսելը։ Այդ պատճառով մուլտֆիլմը նաեւ կոմերցիոն նպատակների կծառայի եւ բյուջե փող կմտնի։ Մեր հարցին՝ ինչի՞ մասին է լինելու այդ լիամետրաժ ֆիլմը, պրն Սահակյանցը պատասխանեց, որ դեռ հաստատ որոշված չէ. «կամ կլինի հայկական ժողովրդական հեքիաթների մոտիվներով, կամ՝ Մովսես Խորենացու առասպելների՝ Հայկի ու Բելի կռվի եւ այլնի մասին»։ Նա վստահ էր, որ Սասունցի Դավթին եւ Մովսես Խորենացուն անդրադառնալը գրեթե նույնքան կարեւոր է մանուկ սերնդի դաստիարակության համար, որքան դասագրքեր տպագրելը։

Պրն Սահակյանցը նեղսրտել էր նաեւ լրագրողների այն նկատառումից, թե մուլտֆիլմերին գումար հատկացնելը կապված է իր անձի նկատմամբ վերեւների բարեհաճ վերաբերմունքի հետ. «Բա այդ դեպքում Արման Մանարյանի ֆիլմի նկատմամբ ո՞վ հատուկ վերաբերմունք ունի»։ Անկեղծ ասած՝ չգիտենք։ Եվս մի պահ խիստ դիպել էր պրն Սահակյանցի ինքնասիրությանը. «Ես արդեն տենդենց եմ նկատում, որ դեռ ֆիլմը չեղած, դեռ չտեսած, այն քննադատում են եւ այլ որակներ են կպցնում։ Ես նկատի ունեմ «Ես էլ եմ հայ» ֆիլմը, որ նկարել եմ Հրանտ Վարդանյանի պատվերով։ Դրա մեջ նույնիսկ որեւէ ակնարկ չկա Սամվել Բաբայանի մասին, բայց մարդիկ առանց տեսնելու այդ ֆիլմը, չգիտես որտեղից, անկապ միտք են հղացել եւ գրել, որ ես վիրավորել եմ Ազգային հերոսին։ Ա՛յ, կտեսնեք ֆիլմն ու կզգաք, որ այնտեղ նույնիսկ ակնարկ չկա նրա մասին»։ Ի դեպ, եթե ուզում եք ստուգել Ռ. Սահակյանցի խոսքերի հավաստիությունը, ուշադիր կարդացեք ՀԱՀ հեռուստածրագրերը, մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, եթեր դուրս կգա մինչեւ տարեվերջ։ Գովազդ չլինի՞։

Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031