Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հետքերով «Առավոտում» (01.02.2001թ.) տպագրել էինք «Մի թաքցրեք հացադուլը.

Փետրվար 22,2001 00:00

«ՆԳ ԲԱԺԻՆ ԵՆ ՏԱՐԵԼ ԿԻՍԱՄԵՐԿ» «Առավոտի» հետքերով «Առավոտում» (01.02.2001թ.) տպագրել էինք «Մի թաքցրեք հացադուլը. ոստիկանները ստում են» հոդվածը, որում անդրադարձել էինք ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոցի 4 դատապարտյալներին (ՃԹ), որոնք տառապում են սպիդով։ Ունենալով որոշակի հիմքեր, նաեւ նշել էինք, որ նրանք բուժում չեն ստանում։ Նրանցից երկուսն էլ, ի նշան բողոքի, հացադուլ էին հայտարարել եւ կարել իրենց բերանները։ «Հրապարակման մեջ նշված հանգամանքների ստուգման վերաբերյալ» կատարվեց ծառայողական քննություն, որի արդյունքները ՆԳՆ հասարակական կապի եւ լրատվության վարչությունը տրամադրեց մեզ։ Այն հաստատել են ՆԳ նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Հ. Հունանյանը, ստորագրել են վերոնշյալ փաստաթղթի տակ ՆԳՆ ԱԳՏ բաժնի պետի տեղակալ, ն/ծ փոխգնդապետ Վ. Գեւորգյանը, ՆԳՆ անձնակազմի գծով տեսչության պետ, գեներալ-մայոր Ռ. Հովակիմյանը։ Նախապես տեղեկացնենք, որ վերոհիշյալ «հոդվածի կապակցությամբ կատարված ծառայողական քննության նյութերը» ՆԳՆ պաշտոնյաները գտել էին, որ պետք է «թողնել անհետեւանք», քանի որ «հրապարակված հոդվածում նշված հանգամանքները չեն հիմնավորվել»։ Ի՞նչ էին պարզել ՆԳՆ աշխատակիցները. «Առավոտ» թերթի նշված հոդվածի հրապարակման պահին ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոցում գտնվել են սպիդով հիվանդ դատապարտյալներ Վրեժ Սահակի Վարդանյանը, Կամո Հրանտի Խաչատրյանը, Գագիկ Սեմյոնի Ավետիսյանը եւ Իվան Պյոտրի Զուբկովը»։ Այսինքն՝ մեր տեղեկությունը, թե սպիդով հիվանդ չորս դատապարտյալներ կան այնտեղ, իրական էր։ «Հոդվածի հրապարակման կապակցությամբ Վրեժ Վարդանյանը բացատրություն է տվել, որ 2001թ. հունվարին իր հետ հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Մանվել Խլղաթյանը տեղափոխվել է գաղութ-բնակավայր, վերջինիս միջոցով ինքը նամակ է ուղարկել «Առավոտ» թերթին»։ Նշենք պարզապես, որ մեր աղբյուրը տվյալ դեպքում հաստատ չի եղել դատապարտյալ նամակաբերը՝ Մ. Խլղաթյանը։ Դատարանի կողմից կայացված անարդարացի վճռի եւ նաեւ (ինչպես նամակում էր գրված) իր մոտ հայտնաբերված ուրիշ հիվանդությունների (որոնցից սպիդի դեմ ոչ մի բուժում չի իրականացվում) անհետեւանք թողնելու պատճառով Վրեժն ու Կամո Խաչատրյանը որոշել էին 31.01.2001թ. բերանները կարել։ «Սակայն որոշված օրն այցելել են լրագրողներ եւ հետաքրքրվել իրենցով» (մեր տեղեկատվության համաձայն՝ միայն «02»-ն էր եղել տեղում, իսկ հաջորդ օրը «Առավոտի» հրապարակային խնդրանքին. նույնպես հանդիպել վերոնշյալ դատապարտյալների հետ, մերժվեց ըստ էության)։ Սպիդով հիվանդ մյուս դատապարտյալները նշել են, որ իրենք գոհ են ինչպես հիվանդանոցի աշխատակիցների վերաբերմունքից, այնպես էլ բուժման ընթացքից, «Արմենիկում» կենտրոնի մասնագետների կողմից ենթարկվել են հետազոտման եւ անցնում են բուժման կուրս, իրենք ոչ մի բողոք հիվանդանոցի աշխատակիցների նկատմամբ չունեն եւ բերան կարելու կամ հացադուլ հայտարարելու ոչ մի նպատակ չեն ունեցել։ Արժե, հավանաբար, վերստին ընթերցել հոդվածը, որտեղ գրել էինք 4-ից 2-ի մասին, ենթադրություն արել, թե ինչու են 2-ը նման բացատրություն տվել։ Մեր ակնարկած մահվան դեպքի առիթով (գրել էինք «դեռ չճշտված լուրի» համաձայն) պատասխանել էին. «Ինչ վերաբերում է թերթում հրապարակված հոդվածի մեջ նշված այն հանգամանքին, թե սպիդով հիվանդներից մեկը մահացել է, ստուգմամբ պարզվել է, որ դատապարտյալ Ռուբիկ Հովհաննիսյանը 24.03.2000թ. տեղափոխվել է կենտրոնական հիվանդանոց ինֆիլտրատիվ տուբերկուլյոզային լինֆադենոպային քայքայքման փուլում, միավ-վարակ հիվանդությունների ախտորոշմամբ։ 13.10.2000թ. վերջինս, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի որոշմամբ, ազատվել է պատժի կրումից պայմանական-վաղակետ եւ մեկնել բնակության վայր, որտեղ էլ հետագայում մահացել է»։ Այն, որ Վրեժից Արարատի ՆԳԲ վարչության պետի տեղակալ Գ. Դոլուխանյանը ձերբակալման պահին 10 հազար դոլար է վերցրել, ծառայողական քննություն անցկացնողները մեջ էին բերել ՆԳ բաժնի մի քանի աշխատակիցների բացատրությունները, որում նշել էին, որ «Վ. Վարդանյանին Ն. Բ.-ի տանը ձերբակալել են իրենք այն պահին, երբ նա այնտեղ քնած է եղել, ՆԳ բաժին են տարել կիսամերկ վիճակում, ձերբակալման պահին նրա մոտ ոչինչ չի եղել, նույնն իր բացատրության մեջ նշել է Ն. Բ.-ն։ Ավելին, վերջինս նշել է նաեւ, որ ինքը Վ. Վարդանյանի մոտ ոչ մի գումար չի տեսել, գումար չունենալու պատճառով սնվել է իր տանը եւ Երեւան մեկնելու համար իրենից է վերցրել 1000 դրամ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել