Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջուր բնակավայրի երեխաներին ներկայացվել են եվրոպական երկրների պատմությունը, գրական ու մշակութային ժառանգության նմուշներ

Ապրիլ 28,2024 13:11

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագծի շրջանակում Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը մեկնարկած կրթամշակութային եռօրյա ճամբարն ավարտվել է:

Երեք օր շարունակ՝ ապրիլի 25-27-ը, Աչաջուրի գրադարանի ընթերցողները մասնակցել են նկարչության վարպետության դասընթացի, հեքիաթապատումների, հանդիպումների, գրքերի քննարկումների:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են եվրոպական երկրների պատմությունը, գրական ու մշակութային ժառանգության նմուշներ, զրույց-քննարկումների միջոցով նպաստել նրանց քննադատական ու վերլուծական մտածողության զարգացմանը:

Ճամբարի վերջին օրը՝ ապրիլի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաների համար ընթերցել են անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր» հեքիաթը, որին հաջորդել է ստեղծագործության շուրջ քննարկումը:

Այնուհետև վիկտորինաների միջոցով ամրապնդվել են եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ճամբարային օրերին ձեռքբերած երեխաների գիտելիքները:

Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտին են հասցրել իրենց աշխատանքները: Իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի ստեղծագործություններից ոգեշնչված նրանք ստեղծել են դիմանկարներ, պատկերել ընտրած հերոսների հագուստները հայկական մանրանկարչության զարդանախշերով:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը վարպետության դասընթացի շրջանակում երեխաներին է փոխանցել նկարչական արվեստի գաղտնիքներն ու հմտությունները: Նշենք, որ առաջիկայում երեխաների ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Կրթամշակութային եռօրյա ճամբարի ամփոփման ժամանակ երեխաները կիսվել են իրենց տպավորություններով, ընդգծել նոր գիտելիքների ձեռքբերման այս ձևաչափի անհրաժեշտությունը, որն ապահովում է նաև գյուղական բնակավայրերի երեխաների հագեցած ժամանցը: Մասնակիցներն անկեղծացել են, որ գիտելիք փոխանցելուց բացի սա նոր հարթակ էր համագյուղացի երեխաների հետ ավելի մոտիկից ծանոթանալու, համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու, ինչպես նաև համատեղ գրքեր ընթերցելու և քննարկելու տեսանկյունից: Երեխաները ցանկություն են հայտնել, որ նմանօրինակ նախագծերը լինեն շարունակական:

Հիշեցնենք, որ եռօրյա ճամբարը կազմակերպել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը՝ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագծի շրջանակում: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շնորհիվ:

 

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930