«ԱՐ-ԹՈ՛ՒՐ, ԱՐ-ԹՈ՛ՒՐ» Վանկարկում էին ԱԺ-ի մոտ հավաքված առեւտրականները, երբ նաեւ նրանց ճնշման ներքո ընդունվեց ՀԴՄ-ներին առնչվող օրինագիծը։ Այդ օրինագծի ընդունումը բացասական գնահատականների էլ արժանացավ։ Մասնավորապես, որ իշխանություններն այս անգամ էլ ուժ չգտան իրագործելու իրենց իսկ ընդունած որոշումը եւ տեղի տվեցին տոնավաճառների սեփականատերերի թաքնված եւ առեւտրականների բացահայտ ճնշման առջեւ։ Որպես նրանց խոսափող եւ «էությամբ մեծագույն պոպուլիստ» ներկայացվեց այդ օրինագծի հեղինակ եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Վերջինս այդ մեղադրանքներին հակադարձեց, թե սա ժողովրդավարությանը տրված ոչ ճիշտ բնութագրում է. «Հենց դա է ժողովրդավարությունը, որ 25 հազար մարդ դուրս է եկել փողոց իր սոցիալական իրավունքների պաշտպանության համար»։ Ի դեպ, այն կշտամբանքը, թե նա իրականում տոնավաճառների տերերի շահերն է ներկայացնում՝ պրն Բաղդասարյանին դահլիճից նետեցին ԱԺ-ում նրա իսկ ելույթի պահին. «Ոչ ես, ոչ էլ մեր կուսակցությունն անգամ անձնական ծանոթություն չունենք տոնավաճառների տերերից որեւէ մեկի հետ, բացի ԱԺ-ի մի պատգամավորից՝ Սամվել Ավետիսյանից, որը տոնավաճառ ունի։ Այդ մեղադրանքներն անհիմն են։ Բացի այդ, ընդհակառակն, առաջարկում էինք, որ տոնավաճառների տերերն իրենք գնեին ՀԴՄ եւ հարկվեին»։ Արթուր Բաղդասարյանին խնդրեցինք իր տեսակետը հայտնել նաեւ այն մեկնաբանությունների առնչությամբ, թե այս օրինագծով պարապ խոսքերի վերածվեցին արդար մրցակցության, քաղաքակիրթ առեւտրի եւ ստվերային շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունները։ Քանզի, մասնավորապես, չի կարող խոսք լինել հավասար մրցակցության մասին, եթե ՀԴՄ-ներ չկիրառելու դեպքում խանութները (հարկային տեսուչի ցանկությամբ) կարող են տուգանվել 150-300 հազար դրամ, իսկ տոնավաճառների վաճառականներն այսպիսով լիովին ապահովագրվեցին նման տուգանքներից։ Օրենքով նաեւ փաստորեն ամրագրվեց, որ տնտեսվարողների մի մասը պիտի հարկ վճարի շրջանառությունից, իսկ մյուս մասը՝ ոչ։ «Ազատ տնտեսական հարաբերություններին սա բացարձակապես չի՛ հակասում։ Խոսքն ընդամենը տարբերակված տնտեսական քաղաքականության մասին է,- պնդեց պրն Բաղդասարյանը՝ առաջարկելով ուսումնասիրել այս առնչությամբ միջազգային փորձը։- Խոսքը սոցիալական մի խավի մասին է, որը կարողանում է այսպիսով, մի կերպ պահպանել իր գոյությունը։ Եվ եթե պետությունը սրանո՛վ պիտի փորձի ստվերային տնտեսության դեմ պայքարել՝ թող հարկային նորմալ մեխանիզմներ կիրառի։ Խոսքը ոչ թե հարկ չվճարելու, այլ վճարման ձեւի մասին է»։ Խնդրի սոցիալական կողմից բացի, այնուամենայնիվ, այլ կողմ էլ կա. այսօր հենց տոնավաճառներում է իրացվում ներմուծվող ու արտադրվող ապրանքների զգալի մասը։ Բացի այդ՝ առեւտրի եւ սպասարկման ոլորտում է, ըստ պետական եկամուտների նախարարի, մեծ մաս կազմում ստվերային շրջանառությունը։ «Այս պարագայում մի բարեկամական խորհուրդ պիտի տամ՝ թող Հայաստանի այն սահմանները, որտեղից ապրանք է ներկրվում՝ պինդ պահեն, այլ ոչ թե արտոնյալ պայմաններ ստեղծեն։ Եվ թող նորմալ հարկում կատարեն»,- հակադարձեց պրն Բաղդասարյանը։ Ամփոփենք բացասական գնահատականները. այս օրինագծի հետեւանքով տուժեց պետբյուջեն ու շուկայական տնտեսությունը, շահեցին միայն առեւտրականներն ու «Օրինաց երկիրը»։ «Պետությունը չի՛ տուժել: Կառավարությանը կոչ արեցինք՝ տվեք ֆինանսատնտեսական հիմնավորումներ, թե հարկային խաղի կանոնները 1998-ին փոխելուց հետո ի՞նչ է շահել մեր բյուջեն։ Չկա՛ն նման հաշվարկներ։ Մենք էլ համոզված ենք, որ ընդհակառակն՝ պետբյուջեն ավելի շատ եկամուտ կստանա,- ասաց Արթուր Բաղդասարյանը։- Տոնավաճառների տերերը չշահեցին։ Երբ պետությունն ուզում է՝ այն ժամանակ են շահում նրանք, քանի որ չեն հարկվում։ Իսկ «Օրինաց երկիրն» անընդհատ էլ փորձում է օրենքներով լուծել այն խնդիրները, որ այսօր հուզում են մարդկանց։ Եվ եթե պոպուլիզմ է ժողովրդի շահերը պաշտպանելը՝ թող մյուսներն էլ վարակվեն այդ պոպուլիզմով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































