Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴԻՐ ԵՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մարտ 03,2001 00:00
gradaran

Սակայն պայմաններն են սուղ

Խորհրդային տարիներին բուհական գրադարանները համալրվում էին գրադարանային բաշխիչ ցանցի միջոցով։ Զրուցելով պետական, ճարտարագիտական, մանկավարժական համալսարանների, ժողտնտեսության ինստիտուտի գրադարանների տնօրենների հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչպես են համալրվում բուհական գրադարաններն այժմ։

Պարզվեց, որ մեր այցելած գրադարանների պրոբլեմներն ընդհանուր էին։ Բուհական գրադարանները պետական հովանավորությունից դուրս են եւ ապավինում են սեփական միջոցներին։ «Դժվար գործ է, սակայն ինչ-որ բան արվում է»,- ասաց պետական համալսարանի գրադարանի տնօրեն պրն Ասլանյանը։ Գրադարանի ֆոնդը նոր դասագրքերով համալրվում է բուհերի միջոցներով. գրախանութներից գնված գրքերի կամ դեսպանատների, կազմակերպությունների, անհատ անձանց նվիրատվությունների շնորհիվ։ Գրադարանների տնօրենները նոր գրքեր ձեռք բերելու համար մասնակցում են բազմաթիվ միջազգային ծրագրերի։ Ժողտնտեսության ինստիտուտի գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրերի են մասնակցել Փարիզում եւ Լիոնում, ձեռք են բերել բավական շատ օտար լեզուներով գրականություն։ Այսպիսի ծրագրերի մասնակցել է նաեւ պետական համալսարանի գրադարանը եւ ձեռք բերել մոտ 12 հազար դոլար արժողությամբ գրականություն։ Եթե բաշխիչ ցանցի միջոցով գրադարանի ֆոնդը համալրվում էր 30-40 հազար կտոր գրքով, ապա այսօր դրանց թիվը հազիվ հասնում է մի քանի հազարի։

Նոր գիտամեթոդական գրականություն ձեռք են բերում ամբիոնների ներկայացրած հայտերի հիման վրա։ Նյութական սուղ պայմանների պատճառով գրադարանը չի կարող լիարժեք բավարարել ամբիոնների պահանջները։ Յուրաքանչյուր գրքից եթե պահանջվում է 10, գնվում է 3 կամ 5 օրինակ միայն։ Օրինակների քիչ լինելու դեպքում՝ դրանք տրվում են ընթերցասրահին, որպեսզի ընթերցողը անպայման ձեռքի տակ ունենա նոր դասագիրք։ Ցանկալի է, որ գրադարանն ունենա բոլոր գրքերից, բայց գնվում են ամենաանհրաժեշտները։ Բացի գրքերից, գրադարանները ստանում են հանրապետությունում եւ նրանից դուրս տպագրվող շատ պարբերականներ, այդ թվում՝ մասնագիտական թերթեր եւ ամսագրեր։

Չնայած ձեռք առնված միջոցներին՝ ֆոնդում նոր դասագրքերի թիվը քիչ է. 1000-ի մեջ 100-120 կտոր նոր գիրք։ Նոր դասագրքեր քիչ կան, բայց ուսանողներն օգտվում են նաեւ հներից։

Ճարտարագիտական համալսարանի գրադարանի մշակման եւ համալրման բաժնի վարիչ Մարիամ Միրգիյանը փաստեց, որ 2000թ., նախորդ տարիների հետ համեմատած, ֆինանսավորումը շատ էր եւ բնական է, որ գրադարանի ֆոնդը շատ է համալրվել։ Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց, որ համալսարանի ռեկտորատն առաջարկել է կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի մանկավարժական բուհը դիտվի որպես հանրակրթական օջախ եւ բուհական գրադարանի վրա դրվի դպրոցական գրադարանի պարտականություն։ Այս դեպքում մանկավարժական բուհի գրադարանը դասագրքեր կստանա դպրոցին հատկացվող կարգին համապատասխանող վարձավճարով։ Կրթության նախարարությունը չի մերժել, բայց հարցին ընթացք չի տվել։

Գրադարանների ունեցած գրականության որոշ մասն այսօր անկիրառելի է (այդպիսիք են մարքսիզմ-լենինիզմ գիտության ճյուղին վերաբերող գրքերը), որոնց փոխարեն գրադարանները ձեռք են բերում մեր իրականությանը հարիր եւ ուսանողի համար կարեւոր գրականություն (համակարգչային տարբեր ծրագրերի, բիզնեսի, քաղաքագիտության, սոցիոլոգիայի եւ այլ գիտությունների վերաբերյալ)։

ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031