Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երաժշտարվեստը՝ բրիտանական «NEW GROVE» հանրագիտարանում ու գերմանական բառարանում

Մայիս 02,2001 00:00

ՄԵՆՔ՝ ԱՅՆՏԵՂ Հայ երաժշտարվեստը՝ բրիտանական «NEW GROVE» հանրագիտարանում ու գերմանական բառարանում 2000 թվականի վերջին Լոնդոնում հրատարակվել է աշխարհի ամենահեղինակավոր ու ընդգրկուն «Nev Grove» 29 հատորանոց երաժշտական հանրագիտարանը։ Այստեղ տեղ են գտել նաեւ շուրջ 40 հոդվածներ հայկական պրոֆեսիոնալ երաժշտության ու հայ երաժշտագետների մասին: Դրանք հանրագիտարանի խմբագրակազմին է տրամադրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը։ Հայկական ժողովրդական ու հոգեւոր երաժշտության մասին մի քանի հոդվածներ էլ տրամադրել են այլ հեղինակներ՝ Հայաստանից։ Ինչպես նշեց Ս. Սարգսյանը, այս հանրագիտարանը հրատարակման է պատրաստվել ավելի քան 10 տարի, եւ այդ ընթացքում ամբողջապես վերանայվել ու ճշգրտումներ են արվել։ Մոտ 6 հազար երաժշտագետներ աշխարհի տարբեր անկյուններից համագործակցում են լոնդոնյան խմբագրական կազմի հետ։ Ս. Սարգսյանն ասաց նաեւ, որ հանրագիտարանում տեղ են գտել նյութեր այն հայ կոմպոզիտորների մասին, որոնց գործերը միջազգային ճանաչում ունեն, արժանացել են միջազգային մրցանակների։ «Նյու Գրոուվ» երաժշտական հանրագիտարանն առաջին անգամ Սթենլի Սադիի խմբագրությամբ լույս է տեսել 1980 թվականին՝ 20 հատորով։ Իսկ Ջորջ Գրոուվի 1 հատորանոց երաժշտական հանրագիտարանը հրատարակվել է դեռեւս 1978 թվականին։ Նոր հրատարակությունը պարունակում է տեղեկություններ 20-րդ դարի ավելի քան 5 հազար, այդ թվում նաեւ 35 հայ երաժիշտների մասին։ Հայերի մասին տեղեկությունների մեծ մասը նոր է։ Հանրագիտարանի գործադիր խմբագիր Ջոն Թիրելը նամակ է գրել Ս. Սարգսյանին, որտեղ մասնավորապես նշվում է. «Այս անգամ հայկական երաժշտության բաժինը շատ ավելի ընդգրկուն է՝ շնորհիվ ձեր անխոնջ աշխատանքի։ Մենք երախտապարտ ենք ձեզ՝ հանրագիտարանին բերած անգնահատելի ավանդի համար»։ Իսկ բրիտանական հանրագիտարանի հրատարակությունից հետո Սվետլանա Սարգսյանը Գերմանիայից ստացել է առաջարկ՝ նյութեր տրամադրել նաեւ ներկայումս կազմվող Գերմանական երաժշտական բառարանին։ Եվ Գերմանիայում հրատարակվող 22 հատորանոց երաժշտական բառարանում Ս. Սարգսյանի շնորհիվ տեղ են գտել նաեւ նյութեր հայ կոմպոզիտորների ու հայկական երաժշտական գործիքների մասին։ Երաժշտագետը նշեց, որ հիշյալ բառարանը կազմված է 2 մասից։ Առաջին 10 հատորներում հրատարակվելու են աշխարհի հայտնի երաժիշտների կենսագրությունները (կենսագրական բառարան), իսկ մյուս 12 հատորներում տեղ են գտել բացատրություններ աշխարհի երաժշտական գործիքների մասին (տերմինաբանական բառարան)։ Վերջինիս բոլոր հատորներն արդեն հրատարակվել են։ Իսկ կենսագրականի երրորդ հատորը լույս է տեսել այս տարի, որտեղ եւ ներառված են նյութեր հայ կոմպոզիտորների մասին։ Չէ՛, որքան էլ դժգույն ու տխուր է այսօր հայ արվեստի աշխարհը, այդուհանդերձ ունենք ինչ-որ բան՝ մեծ աշխարհին ներկայացնելու։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել