Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարզվեց,

Մայիս 16,2001 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԳՐԵԼ ՉԻ՞ ԿԱՐՈՂ Պարզվեց, որ՝ ոչ։ Անհավատալի է, բայց իրողություն։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննում է Կանաչների միության (նաեւ «Օգոստոսի 23, Ազգային դաշինք» իրավապաշտպան միության) հայցը՝ ընդդեմ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի։ Հայցի առարկան յուրօրինակ էր. առաջին անգամ հայրենական արդարադատության եւ ժուռնալիստիկայի պատմության մեջ դատի է տրվում պաշտոնատար անձը (վարչապետ Անդրանիկ Մարգարյանը)՝ լրատվության միջոցներին եւ հասարակական կազմակերպություններին տեղեկատվություն չտալու համար (որպեսզի դատարանը պարտավորեցնի նրան կատարելու օրենքի պահանջը եւ չզրկի տեղեկատվությունից)։ Այս գործը ուսանելի է եւ լրագրողների համար (այլեւս քիչ կտրտնջան, որ իրենց տեղեկատվություն չեն տալիս ու անմիջապես կդիմեն դատական պաշտպանության), եւ պաշտոնյաների համար (այլեւս իշխանիկ չեն համարի իրենց եւ լրագրողի «Մամուլի մասին» օրենքով սահմանված իրավունքը չեն ոտնահարի)։ Կառավարությունը, որպես իշխանության երկրորդ թեւ, ակնհայտ արհամարհական եւ մեծամտական վերաբերմունք էր դրսեւորել նաեւ 3-րդ իշխանության (դատական) նկատմամբ։ Դատարանում որպես պատասխանողի (վարչապետի) ներկայացուցիչ էր ներկայացել կառավարության իրավաբանական վարչության պետ Արթուր Օսիկյանը։ Թվում էր, որ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ձեւակերպումը պետք է լինի անբասիր։ Բայց, դատարանին ներկայացրած լիազորագիրը ստորագրել էր ոչ թե պատասխանող Անդրանիկ Մարգարյանը (ինչը պահանջում էր օրենքը), այլ կողմնակի անձ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։ Լիազորագրում գրված էր՝ «որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, դատարանում գործը վարելու համար լիազորվում է…»։ Բայց դատարանում երբեք «վարչապետ» պաշտոնատար անձը դատարանի կազմում չի եղել եւ հերթական դատական նիստին չէր ներկայանալու (ի պաշտոնե)։ Միանգամայն ճիշտ էր դիտողությունը, որ նախ պետք է ճիշտ գրել՝ «պատասխանող Անդրանիկ Մարգարյանի (եւ ոչ թե վարչապետի- Ս.Ս.) ներկայացուցիչ…»։ Այդ լիազորագիրն էլ օրինական կլիներ, եթե այն ստորագրեր դատարանի կողմից պատասխանող ճանաչված Անդրանիկ Մարգարյանը (դեռ լավ է, որ չէր գրվել «գործը նախագահելու համար»)։ Կառավարության ներկայացուցիչը խուճապի մատնվեց հայցվորի՝ Կանաչների միության ներկայացուցիչ Պուշկին Սերոբյանի շատ պարզ մի հարցից՝ դատարանը ինչպե՞ս հավատա, որ պատասխանող Անդրանիկ Մարգարյանը իրազեկ է դատավարության մասին եւ համաձայն է, որ Մ. Թոփուզյանն իրեն ներկայացնի դատարանում, եւ վաղը, եթե դատարանը վճիռ կայացնի, պատասխանողը չի՞ պնդի, որ ինքն անտեղյակ է դատից։ Ինչեւէ, քանի որ ոչ մի ապացույց չներկայացվեց, կառավարության ներկայացուցչի «հորս արեւը», բնական է, ապացույց չէր եւ դատարանին չէր կարող գոհացնել։ Դատարանում լուրջ քննարկման առարկա դարձավ եւս մի «կառավարական գոհար». վարչապետի ներկայացուցիչը՝ կառավարության իրավաբանական ծառայության շեֆը, դատարանին ներկայացրեց մի քանի միջնորդություն։ Հայցվորի ներկայացուցիչը զարմացած դիմեց դատարանին՝ «Հարգարժան պատասխանողի հարգարժան ոչ լեգիտիմ ներկայացուցիչը իրավասո՞ւ է նման միջնորդություններ անելու»։ Պատասխան հարց-պատասխանը շեշտակի թվաց՝ «Թող մեկ անգամ էլ կարդան լիազորագիրը, որ ես եմ ներկայացնելու վարչապետին»։ Հետեւեց հակահարվածը՝ «Լիազորագիրն ուշադրությամբ ենք կարդացել եւ զարմացել, որ կառավարությունը չի կարողացել իրավաբանորեն ճիշտ կազմել այդ փաստաթուղթը, այնտեղ նշված չէ ներկայացուցչի լիազորությունների շրջանակը, եւ դուք իրավունք չունեք նման միջնորդություններ ներկայացնելու դատարանին»։ Կառավարական կողմը սկսեց ջղաձգորեն թերթել օրենսգրքերը՝ սկզբից վերջ, վերջից սկիզբ։ Հետեւեց հակահարվածը՝ «Նման օրենք չկա, պրն Սերոբյանը օրենքը մեկնաբանում է իր դիրքերից»։ «Կարդացեք Քաղաքացիական օրենսգրքի 42 հոդվածը» եւ վերսկսվեցին օրենսգրքի նյարդային պեղումները։ «Կառավարությանը» նման ծանր վիճակից հանելու համար դատավորը (Ս. Արամյան) ստիպված էր բարձրաձայն կարդալ 42 հոդվածը եւ սեմինար անցկացնել կառավարության համար։ Եվ հայցվորի ու նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը ստիպված էր անբավարար նշանակել կառավարությանը՝ մեկ շաբաթ ժամանակ տալով «Լիազորագիրը ձեւակերպելու մասին» օրենքի երեք հոդվածները բարեխղճորեն սերտած դատարան ներկայանալու համար։ Տնային հանձնարարությունը թե ինչպես կկատարվի, հայտնի կդառնա մայիսի 17-ին, ժամը 15-ին։ ՍՈՆԱ ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել