
«ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է» Ասում է փաստաբան Աշոտ Սարգսյանը – Պրն Սարգսյան, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ընթացքում դուք երբեմն միջամտում եք եւ որոշ որակումներ եք տալիս։ Օրինակ, վերջին նիստերից մեկի ժամանակ, դուք գլխավոր ամբաստանյալին դիմեցիք՝ մարդասպան։ Ի դեպ, նույն միտքն արտահայտել է նաեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ Փաստաբաններից մեկը շեշտեց, թե դուք խախտում եք անմեղության կանխավարկածը։ Դուք խախտե՞լ եք այդ կանխավարկածը։ – Իհարկե, ոչ։ Գլխավոր ամբաստանյալը մարդասպան է, դա տեսել եմ ես, տեսել է ամբողջ աշխարհը եւ պետք չէ խելագարի կեցվածք ընդունել եւ օգտագործել անմեղության կանխավարկած հասկացությունը։ Նույնը վերաբերում է նաեւ իմ օգտագործած «հանցագործ» բառին, ոմանք գտնում են, որ քանի դեռ դատարանը վճիռ չի կայացրել, չի կարելի այն օգտագործել։ Բայց ես հարց եմ տալիս. եթե ոճրագործությունը կատարելուց հետո ամբաստանյալ Հունանյանը մեռներ, եւ դատարանը չհասցներ նրա նկատմամբ վճիռ կայացնել, ի՞նչ է, նա մարդասպան եւ հանցագործ չէ՞ր կոչվելու։ – Դուք յուրահատուկ առաջարկ էիք արել մեղադրյալին ծեծելու վերաբերյալ։ Շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ։ – Այո, ես ասել եմ կոնկրետ մարդասպան Նաիրի Հունանյանին ծեծելու մասին, որը բնական եմ համարում։ Ինքը մարդասպան է, ինքը խլել է այնպիսի մարդու կյանք, որի ապրած մեկ օրն արժե իր ողջ կյանքը։ Խոսքը ոչ թե ծեծով ցուցմունք կորզելու մասին է, այլ՝ մարդասպանին ծեծելու։ Ես պատկերացնում եմ քննչական խմբի եւ օպերատիվ խմբի անդամների վիճակը, երբ նրանք լսել են դեկտեմբերի 26-ի գաղտնալսման արդյունքները, երբ այդ տականքը հրեշավոր վարկած էր հորինել, ըստ որի հանցագործության կազմակերպման մեջ, այսպես ասած, մեղադրվում էին Կ. Դեմիրճյանը եւ Ռ. Միրոյանը։ Միայն այս փաստը բավական է բնութագրելու համար գլխավոր ամբաստանյալին, որը նման ոճրագործություն կատարելուց հետո դեռ ցինիկ համարձակություն է ունենում իր կողմից սպանվածներին մեղադրելու։ Մի՞թե բնական չէ, որ միայն վերը նշված վարկածի համար նրան ծեծած լինեին։ Ես կզարմանայի, եթե չծեծեին, միեւնույն է, նրա ճակատագիրը, համենայն դեպս ինձ համար, պարզ է եւ չարժե այդքան մեծ ուշադրություն դարձնել նրան ծեծելուն։ Ի վերջո, նրա մասին խոսելիս պետք չէ առաջնորդվել օրենքի տառով, քանի որ ինքն իր գործողություններով օրենքից դուրս է։ – Ձեր վերջին միջնորդություններից մեկում դուք խնդրել էիք Կենտրոնական բանկից պարզել «Ն եւ Ն» ՍՊԸ-ի եւ Կարեն ու Նաիրի Հունանյանների հաշիվների առկայությունը եւ դրանց շարժը։ Որքանո՞վ է էական այդ միջնորդությունը։ – Քանի որ Հունանյանի կենսագրության մեջ 88-ից մինչեւ օրս չկա մի շիտակ էջ ե՛ւ ՀՈՒԴ-ի հետ կապված, ե՛ւ դրանից հետո, Դաշնակցությունից հեռացվելուց հետո, ե՛ւ Եվպատորիայում բնակվելու եւ անհայտ միջոցներով տուն կառուցելու, ե՛ւ վերջապես վերադառնալու եւ ոճրագործություն կատարելու ու դրանից հետո, հետեւաբար, ինձ համար չկա որեւէ մանրուք նրա գործունեության հետ կապված։ Ես իմ միջնորդություններով մտադիր եմ լցնել այն բացերը, որ, ըստ ինձ, կա քրեական գործում։ Ինչ վերաբերում է նրանց բանկային հաշիվներին, ապա իմ միջնորդությամբ ես խնդրել եմ դատարանին, ոչ թե «Կենտրոնական բանկից պահանջել», այլ՝ Կենտրոնական բանկի միջոցով պարզել, քանզի ես չգիտեմ, թե ո՞ր բանկերում նրանք հաշիվներ ունեն, եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով միայն Կենտրոնական բանկի միջոցով հնարավոր կլինի դա պարզել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հանրային հեռուստատեսությամբ եւ մի քանի լրատվամիջոցներով պետք է աղավաղվեն իմ կողմից արված միջնորդությունները եւ հետագայում իմ ուղղորդված հարցերն ամբաստանյալներին, ապա ես դրան պատրաստ եմ եղել Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպանի պարտականություններին անցնելու առաջին օրվանից։ Համոզված եմ, որ հասարակությունը լավ գիտի, թե ինչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստատեսությունը «Հոկտեմբերի 27»-ին հենց առաջին օրվանից եւ դժվար թե փոխի իր դիրքը, քանզի ես համոզված եմ, որ դա իրենք կատարում են որպես պարտականություն։ – Պրն Սարգսյան, Հայաստանը Եվրախորհրդի անդամ է։ Հնարավո՞ր է վերանայվի մահապատժի կիրառման հարցը։ Դուք վստա՞հ եք, որ «27»-ի գլխավոր ամբաստանյալը կստանա գլխավոր պատիժը, եւ այն կիրականացվի։ – Իհարկե, վստահ եմ։ Իսկ կա՞ մեկը, որ կասկածում է։ Եթե կասկածող կա, ապա դա ամբաստանյալ Նաիրի Հունանյանն է եւ խմբի մյուս անդամները։ Իհարկե, մահապատիժը կկիրառվի անգամ Եվրախորհրդի անդամ լինելու պարագայում։ Դրա վառ օրինակներից մեկը վերջերս ԱՄՆ-ում իրականացված մահապատիժն էր։ Այն կիրառվեց որպես արտառոց դեպք, եւ մահապատիժը հատուկ տեխնիկայի շնորհիվ կարողացան տեսնել առեւտրի կենտրոնում ահաբեկչության զոհ դարձած բազմաթիվ զոհերի հարազատները։ Իսկ «Հոկտեմբերի 27»-ից ավելի արտառոց դեպք եղե՞լ է։ Ուրեմն մահապատիժը պետք է իրականացվի եւ դա ժողովրդի պահանջն է։ Հարցազրույցը՝ Մ. ԵՍԱՅԱՆԻ


















































