Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի սկզբին «Ամերիկյան եկեղեցու» հրավերով Հայաստանից եւ Արցախից շուրջ 30 մարդ Փարիզում մասնակցեց

Հունիս 14,2001 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»՝ ՓԱՐԻԶՈՒՄ Հունիսի սկզբին «Ամերիկյան եկեղեցու» հրավերով Հայաստանից եւ Արցախից շուրջ 30 մարդ Փարիզում մասնակցեց «Ամերիկյան եկեղեցու» նախաձեռնած «Հայաստանի օր» վերտառությամբ կոնֆերանսին։ Հայկական պատվիրակության կազմում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան արքեպիսկոպոսը, Գանձասարի քահանա տեր Հովհաննեսը, Արցախում 1999թ. հիմնված Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը, Արցախում բարոնուհի Ք. Քոքսի ներկայացուցիչ Արտեմիս Գրիգորյանը, ԼՂՀ նախագահի օգնական Քրիստափոր Պետրոսյանը, ԼՂՀ արտգործնախարարության 2-րդ քարտուղար Ռոբերտ Ավետիսյանը եւ ուրիշներ։ Ընդհանրապես կոնֆերանսին հրավիրված էր 600 մարդ, սփյուռքահայեր Անգլիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Հորդանանից, Կանադայից, Ամերիկայից եւ Իսրայելից։ Ամեն ինչի ոգեշնչողն ու կազմակերպիչն առաջին հերթին Հայաստանի մեծ բարեկամներ Վիկտորիա եւ Ջորջ Հոբսոններն էին (Վիկտորիա Հոբսոնը Սորբոնի համալսարանի դասախոս է եւ թարգմանիչ, իսկ Ջորջ Հոբսոնը Ամերիկյան կաթողիկե եկեղեցու քահանա է, Վիկտորիայի ամուսինը), որոնք 1998թ. առաջին անգամ Հայաստան եւ Արցախ այցերից ի վեր իրենց նվիրել են աշխարհի ամենաարեւելյան քրիստոնեական երկու պետությունների, առանձնապես Արցախի շահերի անշահախնդիր պաշտպանությանը։ Կոնֆերանսում հնչեց 35 ելույթ՝ անգլերեն եւ ֆրանսերեն զուգահեռ թարգմանություններով։ Նույնիսկ հոգեւոր-կրոնական թեմաներով ելույթներն ունեին քաղաքական երանգավորում եւ ուղղված էին միեւնույն նպատակին՝ Հայաստանը եւ Հայ Դատը պաշտպանելուն։ Վիկտորիա Հոբսոնը տեղեկացրեց, որ «Ինթերնեյշնլ ջերալդ թրիբյուն» թերթում իրենց նախաձեռնությամբ լույս են տեսել Ամերիկայի եւ Անգլիայի կառավարություններին ուղղված Հայոց ցեղասպանությունն ընդունելու կոչով նամակներ։ Ներկաներին ողջունեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդ. Նալբանդյանը։ Պարգեւ սրբազանի ելույթը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին, Արցախում հայկական հնագույն եկեղեցիների պատմությանն ու ներկային։ Իսկ բարոնուհի Ք. Քոքսը անդրադարձավ Ստեփանակերտում հիմնված Վերականգնողական կենտրոնին, որի տնօրեն Վ. Թադեւոսյանը այնուհետեւ մանրամասներ ներկայացրեց։ Անգլիացի գրող Ֆ. Մարսդենը կարդաց մի հատված պատմական եւ ներկա Հայաստանի տարածքով կատարած իր ուխտագնացության արդյունքում գրված եւ մի քանի լեզուներով թարգմանված իր գրքից մի հատված։ Սիրիացի Նադիլ Ալ Խալիլն իր ելույթը վերնագրել էր «Հայաստանի բարեկամները»։ Գերմանահպատակ, ազգությամբ թուրք Ալի Արթեմը խոսեց Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու թուրքական իրենց կազմակերպության գործունեության մասին՝ վստահեցնելով, որ այսօր ինքը մենակ չէ, եւ շատ թուրքեր են պայքարում հանուն ազգի ապաշխարանքի եւ ինքնամաքրման այդ միակ ճանապարհի։ Ի դեպ, նա ամեն տարի իր թուրք համախոհների հետ ապրիլի 24-ին լինում է Երեւանում եւ հարգում զոհերի հիշատակը։ Մեր հարցին, թե ինչի՞ց եւ ինչպե՞ս է ծնվել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, տիկին Վիկտորիան պատասխանեց. – Ամեն ինչ սկսվել է բարոնուհի Ք. Քոքսից, նա այնքան էր պատմել Հայաստանի եւ Արցախի մասին, որ մենք՝ ես, Ջորջը եւ Ռոբին Գեյսընը, որոշեցինք մեր աչքերով տեսնել ձեր զարմանալի երկիրը։ Դա 1998թ. մայիսին էր։ Արցախի ժողովուրդն ինձ հատկապես հուզեց՝ իր հերոսականությամբ, նախնական մաքրությունը պահպանած իր քրիստոնեությամբ, հնագույն եկեղեցիներով եւ խաչքարերով։ Մենք հասկացանք, որ քրիստոնյա լինելով՝ պետք է հնարավորինս օգնենք քրիստոնեական այդ փոքրիկ կղզյակին։ Եվ ինչ էլ անում ենք՝ Աստծո կամոք է։ Իսկ Ռոբին Գեյսընը ասաց. – Ես Ք. Քոքսի հետ աշխատում էի «Հոլոքոստ» կենտրոնում եւ նրանից իմացա 1915-ի մասին։ Իմ բարեկամ Վիկտորիան պատմել էր, որ Ստեփանակերտի հոսպիտալում վիճակն անմխիթար է։ 1999թ. հունվարին առաջին անգամ եկա Արցախ, երկրորդ անգամ՝ հուլիսին. վերանորոգեցինք հոսպիտալը։ Ես խորապես ազդված էի արցախցիների հյուրընկալությունից։ Ապշեցուցիչ էր, որ, պատերազմին զուգահեռ, նրանք դիմանում էին ու արարում եւ նույնիսկ պատրաստ էին ուրիշներին օգնել։ Հայաստանի մասին կարդալով՝ ես վերապրեցի 3-հազարամյա ժողովրդի ապրածը։ Եվ համոզվեցի, թե որքան է անհրաժեշտ Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանին եւ ողջ աշխարհին։ Ես վստահ չեմ, բայց կցանկանայի, որ հրեաներն իրենք իրականացնեին հայերի դատի պաշտպանությունը, քանի որ իրենք այդ տառապանքը զգացել են։ ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել