Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ԿԵՂԾ ՊԱՌԱԿՏՈՒՄ

Հուլիս 20,2001 00:00

ՀԻՄԱ ԷԼ՝ ԿԵՂԾ ՊԱՌԱԿՏՈՒՄ Մամուլի մի հրապարակումից դատելով՝ ներկուսակցական «ռազբորկաների» այս ամառային տենդով վարակվել են նաեւ ԱԺՄ-ում մնացածները։ Ռուսալեզու մի պարբերական նշել էր, թե օրերս ԱԺՄ վարչությունը պահանջել է, որ Վազգեն Մանուկյանը հրաժարական տա։ Պատճառաբանությունը հետեւյալն է ներկայացվել. «Վազգեն Մանուկյանը խոչընդոտում է ԱԺՄ-ի զարգացմանը»։ Իսկ փաստարկները հետեւյալն են եղել, թե քանի որ ԱԺՄ նախագահը կայացած առաջնորդ է՝ երկրի ղեկավարությունը հազիվ թե համաձայնի նրա հետ բանակցել եւ առեւտուր անել կառավարության կազմում պաշտոնների շուրջ։ Թերթը նշել էր, որ այս քննարկման ընթացքում առավել ջանացել են Դավիթ Վարդանյանի աջակիցները՝ Ֆիլարետ Բերիկյանը, Սեմյոն Բաղդասարյանը, Սեյրան Ավագյանը… Վերջինս մեզնից տեղեկացավ այդ հրապարակման մասին։ Ավելին՝ թեեւ Սեյրան Ավագյանը նշեց, որ մասնակցել է ԱԺՄ վարչության բոլոր վերջին նիստերին, բայց վկայեց. «Եվ ոչ մեկի օրակարգում նման հարց չի եղել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺՄ վարչության որեւէ նիստում նման հարց չի քննարկվել, Վազգեն Մանուկյանի հրաժարականը չի պահանջվել։ Այդ բոլոր պնդումներն իրականության հետ որեւէ առնչություն չունեն։ Մնացածն այդ հրապարակման հեղինակի խղճի խնդիրն է, որը նպատակահարմար չեմ գտնում քննարկել»։ Լավ է, որ գոնե այս մի պառակտման մասին լուրը չհաստատվեց։ Երանի այլ ներկուսակցական խարդավանքների մասին տեղեկություններն էլ իրականում խիստ չափազանցված լինեին, եւ լրագրողները վերջապես վայելեին իրենց ամառային վաստակած հանգիստը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել