Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց Ռոբերտ Քոչարյանը ծնողների նամակները չի կարդում

Օգոստոս 25,2001 00:00

ԾՆՈՂՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ Բայց Ռոբերտ Քոչարյանը ծնողների նամակները չի կարդում Հանրապետական ընդունող հանձնաժողովը 3 միավորով բարձրացրել էր ֆիզիկայից բողոքարկված աշխատանքի գնահատականը, ինչն արտառոց երեւույթ է կրկնակի բողոքարկման համար։ Իր վերջին մամուլի ասուլիսում, պատասխանելով այս մասին լրագրողի տարակուսանքին, ԿԳ նախարարը ժխտեց «Առավոտի» այն ռեպլիկը, որ առաջին բողոքարկման ժամանակ այդ աշխատանքի գնահատականը մեկ միավորով իջեցվել է։ Մինչդեռ խմբագրություն այցելած ծնողները հաստատեցին մեր տեղեկությունը։ Նրանց դուստրը՝ Սահականուշ Մատինյանը, 15 միավոր է ստացել ֆիզիկա 1 քննությունից։ Աշխատանքը տարբեր մասնագետների ցույց տալուց եւ համոզվելուց հետո, որ այն առնվազն 19 միավորի է արժանի, ծնողները բողոքարկել են։ Սակայն գնահատականը իջեցվել է մեկ միավորով։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում ծնողները մանրամասն ներկայացնելով առարկայական հանձնաժողովի նախագահ Ս. Պետրոսյանի եւ ստուգող դասախոսի հետ հանդիպումը, գրում են. «Ստուգող դասախոսը ամբողջ բանավեճի ընթացքում գրեթե ոչինչ չասաց»։ Իսկ հանձնաժողովի նախագահի պահվածքի մասին գրում են. «Աղջիկս բացատրում էր, թե ինչպես է լուծել խնդիրը, ինչ ձեւով, իսկ նա ինքնահոսով գլուխն էր քորում եւ նայում վերեւ՝ արհամարհական շարժելով գլուխը, այսինքն՝ ինչքան ուզում ես… Շատ վիրավորական է, երբ դիմացինին նման ձեւով արհամարհում են։ Արդյոք սա հանձնաժողովի նախագահի վերաբերմո՞ւնք է»։ Ծնողները նաեւ նկատում են, որ հանձնաժողովի նախագահը, իրենց դստեր բացատրություններին ի պատասխան, անընդհատ կրկնել է, թե «կարող է միամիտ ես գրել, պատահական ես ստացել ճիշտ պատասխանը» եւ այլն։ Հանձնաժողովի նախագահը, ըստ ծնողների, հայտարարել է՝ «ինչ ուզեմ կանեմ, որտեղ ցանկանում եք՝ դիմեք» եւ գնահատականը թողել 14 միավոր։ Ծնողները բողոքարկել են ՀԸՀ, որը բարձրացրել է գնահատականը 3 միավորով, սակայն 17 միավորը եւս ծնողները աշխատանքին արժանի գնահատական չեն համարում։ Այս աշխատանքի առնչությամբ, լրագրողի հարցին ի պատասխան, ԿԳ նախարարն իր ասուլիսի ժամանակ ասել էր. «Քանի որ ես ֆիզիկոս եմ, այդ աշխատանքը ես շատ լավ գիտեմ, ես ինքս նույնպես կարդացել եմ, դա մասնագիտական խնդիր է։ Չորս բալանոց խնդիրը երեխան լուծել է մի քիչ բարդ տարբերակով եւ դասախոսը գնահատել է 0,5 ընդամենը, բայց երեխան մի անկյունում նշել է, որ ուրիշ էջում ինքը տվել է երկրաչափական լուծումը գծագրով, որը չեն նայել»։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ առաջին բողոքարկման ժամանակ դա չեն ուղղել, ԿԳ նախարարը դժվարացավ «այդքան մանրամասն ասել» եւ ենթադրություններ արեց։ «Կներեք Ձեր ժամանակը խլելու համար, բայց ուրիշ ելք չունեմ»,- գրել է դիմորդի հայր Էդիկ Մատինյանը՝ ՀՀ նախագահին ուղղված նամակում։ Սակայն ՀՀ նախագահի ժամանակը ծնողն ամենեւին էլ չի խլել, եւ Ռ. Քոչարյանը տեղյակ էլ չէ, թե ինչ է խնդրում Է. Մատինյանն իրենից։ Նախագահի աշխատակազմի նամակների բաժնում ծնողին բացատրել են, որ Ռ. Քոչարյանը հո չի՞ կարող իրեն ուղղված բոլոր նամակները կարդալ։ Է. Մատինյանը, մի փոքր հույսով, հարցրեց՝ «ՀՀ նախագահը «Առավոտ» կարդո՞ւմ է»։ Օգոստոսի 14-ին ՀՀ նախագահին ուղղված նամակին ի պատասխան, օգոստոսի 20-ին նախագահի աշխատակազմից ծնողները տեղեկացել են, որ նրանց նամակն ուղարկված է ԿԳ նախարարին, որից կստանան պատասխանը։ Այսինքն, նամակն ուղղել են այն պաշտոնյային, որից բողոքում են ծնողները։ Իսկ ԿԳՆ-ի նամակների բաժնից ծնողներին տեղյակ են պահել, թե մեկ ամսվա ընթացքում հարցը կքննեն եւ պատասխան կտան։ Սակայն մեկ ամսից կարող է շատ ուշ լինել դիմորդի համար։ Արդեն հայտնի են ընդունելության արդյունքները, իսկ Սահականուշ Մատինյանն ընդունվել է ԵԲՀ-ի բուժական ֆակուլտետ, վճարովի համակարգ։ Բայց, ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս նա ստիպված է հրաժարվել այդ տեղից, քանի որ ընտանիքը վճարունակ չէ։ Իսկ աշխատանքն արդարացի գնահատելու դեպքում դիմորդը չէր զրկվի պետպատվերով համակարգ ընդունվելու հնարավորությունից։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ դիմորդը բողոքում է, որ իրեն դիտմամբ ցածր են գնահատել։ Եվ դժվար է չհամաձայնվել ծնողների հետ, որ պետպատվերով տեղերը «ծանոթ» դիմորդների համար են, իսկ պատահական, անթիկունք դիմորդներին ցածր են նշանակում, որ «արտոնյալ» դիմորդների տեղերը ոչ ոք չզբաղեցնի։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել