Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւան

Օգոստոս 28,2001 00:00

Շարունակվող վակուում Հարեւան հանրապետությունից 12 տարի առաջ բռնագաղթած հայերի մեջ քիչ չէին մտավորականները։ Գյուղերում բնակություն հաստատածների համար միակ աշխատավայրը դպրոցն էր եւ նրանցից շատերը ուսուցիչ դարձան։ Մայրենիի գրական շերտի լիակատար չիմացությունը լուրջ խոչընդոտ էր եւ է ուսուցման գործում, սակայն, քանի որ աշակերտներն էլ հիմնականում բռնագաղթած ընտանիքներից էին եւ հայերենը քիչ թե շատ միայն բարբառով գիտեին, իրար հետ լեզու գտան՝ դասերն անցկացնելով հիմնականում ռուսերենով, երբեմն էլ ռուսերենախառն հայերենով, ինչպես տանը։ Հայ մշակույթի ու պատմության իսպառ չիմացությունն էլ լուրջ խոչընդոտ էր եւ է այս ուսուցիչների համար՝ իրենց դերը դպրոցում իրականացնելու առումով, սակայն ամենաաբսուրդայինը այսօրինակ պարագաներում տարբեր առարկաների համատեղումն էր եւ է։ Օրինակ, նույն ուսուցիչը դասավանդում էր երգ-երաժշտություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա, մեկ ուրիշը՝ ռուսերեն եւ անգլերեն (վերջին լեզվով 20 բառից այն կողմ գիտելիքը չի անցնում)։ Մասնագիտական կատարյալ խառնաշփոթ։ Եթե ասվածին ավելացնենք, որ 12 տարվա ընթացքում նրանցով ոչ ոք չի հետաքրքրվել՝ ո՛չ վերապատրաստման ու կատարելագործման դասընթացներ, ո՛չ ինքնուսուցման, ինքնակատարելագործման պայմաններ, ո՛չ փորձի փոխանակում, ո՛չ սեմինարներ, ո՛չ այցեր ու վերահսկողություն, պատկերն իրոք կամբողջանա։ Մի խոսքով, մասնագիտական լիակատար վակուումի մեջ կրթվում-դաստիարակվում են սերունդներ, ստանում ավարտական փաստաթղթեր, ասես ոչ մի արտառոց բան էլ չկա. չէ՞ որ ազգովի վարձվել են ուսուցման գործի անթաքույց տապալմանը։ Պատկերն ավելի կամբողջանա, եթե ընդգծենք եւս երկու տխուր իրողություն։ Առաջինը, որ բռնագաղթածները ընդհանրապես հայկական հեռուստատեսային եւ ռադիոալիքներ չեն «վայելում»՝ նախընտրելով բացառապես ռուսական թողարկումները, բնականաբար, հայերենով տեղեկատվություն եւ մտավոր ու հոգեւոր սնունդ բացարձակապես չեն ստանում, երկրորդը աղանդների կատարած ավերածությունն է, ինչին տուրք են տալիս նաեւ բռնագաղթած շատ ուսուցիչներ։ Սա եւս կտրում-մեկուսացնում է ազգային մշակույթից ու պատմությունից, մնացածի մասին էլ չենք խոսում։ Այսքանից հետո վարած ու վարվելիք դասերի ուսանելիության մասին խոսելը պարզապես անմտություն է։ Ի՞նչ են մտածում կրթության գործի պատասխանատուները։ Ինչո՞ւ չի մշակվում առանձին մի ծրագիր այս կարգի մանկավարժների «փրկության» համար։ Համենայնդեպս, այս մակարդակով ուսուցանելու ճանապարհն արդեն պիտի փակվի, մեղք են երեխաները, բավական է ավերենք նրանց միտքը, հոգին, բարոյական կերպարն ու ճակատագիրը։ Խոսքը մեկ գյուղի կամ մեկ դպրոցի մասին չէ, չնայած այդ դեպքում էլ պարտավոր էինք անհանգստանալ եւ շտապ ու անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել։ Նոր ուստարվա հետ նոր գիտելիքների հույսով դպրոցականները կրթօջախ են շտապելու։ Մասնագիտական կատարյալ վակուումի մեջ գտնվող ուսուցիչներն էլ պիտի դպրոց մտնեն՝ ի՞նչ հույսերով, ի՞նչ ասելիքով, ի՞նչ պաշարով, ի՞նչ տրամադրությամբ։ Ինչո՞ւ ձեռք չենք մեկնում բռնագաղթած ուսուցիչներին… ԱԼՎԱՐԴ ԷՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031