Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տարրը Հայկական բարձրավանդակում անհիշելի ժամանակներից գերակշռող էր: Այդ գերակշռության շնորհիվ հնա

Սեպտեմբեր 01,2001 00:00

ՄԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ» ԱԶԳԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Հայ տարրը Հայկական բարձրավանդակում անհիշելի ժամանակներից գերակշռող էր: Այդ գերակշռության շնորհիվ հնարավոր էր լինում երբեմն-երբեմն վերականգնել պետականությունը: Հայ էթնոսը մի կարճ ժամանակ նույնիսկ հաջողեց (Վանի թագավորության շրջանում) առաջավոր աշխարհի համակարգերից մեկը լինելու հայտ ներկայացնել: Նման շատ կարճատեւ փորձ եղավ Տիգրան Մեծի գահակալության միջնամասում եւս: Այնուհետեւ մեր կարգավիճակը համապատասխանեցվեց Պատմահոր սահմանած «փոքր ածուի» ստանդարտներին, որը, պետք է խոստովանել, արդյունավետ չենք իրացրել: Մակեդոնացու արշավանքը Հայաստան բերեց արեւմտականության առաջին շորշոփները, իսկ քրիստոնեության մուտքով հայությունն աստիճանաբար սկսեց միջին դիրք գրավել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ միջանկյալ դիրքը պահպանվեց մինչեւ ռուսական թափանցումը Կովկաս, որը մշտապես Առաջավոր Ասիայի մաս է կազմել՝ լինելով նրա հյուսիսային սահմանը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեր տարածաշրջանում կտրուկ փոխվեց էթնիկ բալանսը. Թուրքիայի մի հսկայական հատվածում, 1915-23թթ. հետո հայ մեծամասնությանը փոխարինեցին քրդերը, որոնք անցած 85 տարվա ընթացքում առնվազն տասնապատկվեցին՝ զրկելով հայությանն այդ տարածքների վրա մեծամասնություն լինելու հեռանկարից՝ իր բոլոր հետեւանքներով: Մեծ եղեռնից վերապրածներն ապաստանեցին հիմնականում Արաբական երկրներում եւ Իրանում, որոնք վերջին տասնամյակների ընթացքում մեծապես հայաթափվեցին: Մերձավոր Արեւելքի հայությունն այժմ չի հասնում նույնիսկ 1%-ի: Հայության ամենաստվար զանգվածը կղզիացավ Մերձավոր Արեւելքից ժամանակավորապես եւ արհեստականորեն առանձնացված Կովկասում: Հայերը պատկառելի քանակ կազմեցին Հայկական, Ադրբեջանական, Վրացական ԽՍՀ-ներում եւ Ռուսաստանի հարավային շրջաններում: Մինչեւ ԽՍՀՄ փլուզումն ամբողջ Կովկասում հայերը հարաբերական մեծամասնություն էին: Հավելենք, որ Երրորդ հանրապետությունն առանց արյունահեղության լուծեց Հայաստանն օղակած եւ կենտրոնական-պլացդարմային շրջանների թուրքալեզու տարրի ռազմավարական չափազանց կարեւոր նշանակության խնդիրը. մի բան, որ էթնիկ կոպիտ զտումներով հանդերձ՝ Առաջին հանրապետության վարիչներին չհաջողվեց: Ղարաբաղյան զինված հակամարտության արդյունքում՝ մինչ այդ լրիվ կամ մասամբ հայաբնակ տարածքներից (Ուտիք, Դաշտային Ղարաբաղ, Ապշերոնյան թերակղզի եւ այլն) հայությունն իսպառ վերացավ՝ հիմնականում գաղթելով Կովկասից դուրս: (Ի դեպ, մինչեւ 20-րդ դարի երկրորդ տասնամյակը մինչեւիսկ հայ մտավորականներն այսօրվա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքները չէին գիտակցում որպես օտար էթնոմշակութային արիալ, թեեւ Հայաստան էլ չէին անվանում): Հսկայական հայություն բուն Վրաստանից եւ Աբխազիայից արտագաղթեց դարձյալ Կովկասից դուրս: Չեչնիայի եւ հարակից շրջանների հայությունը եւս հեռացավ Կովկասից կամ տեղաշարժվեց ավելի հյուսիս: Երկրաշարժի, պատերազմի եւ սոցիալական օբյեկտիվ դժվարությունների պատճառով եղած զոհերն ու արտագաղթը հայության թիվը կտրուկ նվազեցրին նույնիսկ ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում: Արդյունքում՝ հայ տարրը Կովկասում այլեւս հարաբերական մեծամասնություն չէ: Ամփոփենք՝ 20-րդ դարը սկսվեց Մերձավոր Արեւելքում հայության՝ ազգային փոքրամասնություն դառնալով եւ ավարտվեց՝ Կովկասում ազգային փոքրամասնություն դառնալով: Այսօրվա աշխարհաքաղաքականության հիմնարար չափանիշները նույնն են, ինչ պետությունների ի հայտ գալու ժամանակներում: Դրանցից առաջինը էթնիկ համակազմն է: Օրինակ, ամերիկյան աշխարհաքաղաքագետները Միջին Ասիայի մասին խոսելիս՝ տարածաշրջանային լիդեր դառնալու առավել հավանական հավակնորդ են դիտում Ուզբեկստանին՝ առաջին հերթին տարածաշրջանում հարաբերական մեծամասնություն, միատարրությանը մոտ երկիր եւ քաղաքացիական գիտակցության որոշակի աստիճան ունենալու համար: Նմանատիպ չափորոշիչների մեջ վերոնշյալներին առաջնություն տալու փաստերը մշտապես եղել են նաեւ մեր տարածաշրջանում (արաբներն ամբողջ Հարավային Կովկասը մտցրին իրենց Արմենիա բաժանման մեջ, Առաջին հանրապետության շրջանում Եվրոպան դրանցով էր քարտեզագրում Կովկասը, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Երրորդ Ռայխը նախընտրում էր Վրաստանը՝ դարձյալ նույն պատճառով, այսօրվա արեւմտյան քաղաքագետների հետազոտություններում եւս դա է հիմնարարը): Մեր հավակնություններն իրատեսության սահմաններում տեղավորելն առավել հրատապ է այսօր: Դժբախտաբար վերջին հարյուրամյակում սա խորապես հասկացվել էր միայն մեկ հայորդու կողմից, որի «Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն: Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով» (Լ. Տեր-Պետրոսյան «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն») թեզն անուշադրության մատնվեց. իզուր չի ասված՝ «Կլսեք եւ չեք ընկալի»: «Ծովից-ծովի տեսլականը» դարասկզբին արժեցավ հազարամյակներ հայաբնակ տարածքների հայաթափում, «արյամբ վերցրածը արյամբ ետ տալու» հոխորտանքը կարող է արժենալ եղածի կորստի՝ համաձայն ավետարանական այն խոսքի, թե ապաշնորհից իր ունեցածն էլ է վերցվելու: Եթե նախկին արկածախնդրությունն ինչ-որ տեղ կարելի է «արդարացնել»՝ ասելով, թե նախօրինակը չկար, եթե նախկին արկածախնդրությունը վերջը չէր, քանի որ կար Կովկասում մեծամասնություն կազմող ռուսահայություն, ապա սա կարող է վերջինն ու անդառնալին լինել (թեեւ հանուն իրատեսության պետք չէ մոռանալ, որ նույն արկածախնդրության պատճառով մինչեւ նախորդ դարի 20-ականներն ունեցանք Բաքվի, Շուշվա եւ Քռի ավազանի հայության կոտորածներ եւ նշանակալի հայաթափում): Ընդունենք՝ ինչքան հայ է արտագաղթել Հայաստանից, այնքան էլ վրացի՝ Վրաստանից, ադրբեջանցի՝ Ադրբեջանից: Բայց մի բան է 3 միլիոնից 1 միլիոն, այլ բան՝ 7-ից եւ 5-ից 1 միլիոն հանելը. արդյունքում 3-ը 12-ի դիմաց հարաբերակցությունը փոխվել է 2-ը 10-ի, եւ դեռ շարունակվող միտումն էլ մեր օգտին չէ: Սրան էլ գումարենք բազմիցս չարչրկված ծնելիության կտրուկ նվազումը, մահացությունների աճը եւ ամենակարեւորը՝ աշխարհի համար եւ օբյեկտիվորեն մեկ ամբողջություն կազմող Կովկասից հեռացած հայերին, եւ պատկերն այնքան էլ հուսադրող չի լինի: Այն ժամանակ, երբ մենք անրջում էինք մեր համաշխարհային ազգ լինելու մասին՝ դադարեցինք լինել տարածաշրջանային ազգ: Մեր անկարությունը Սփյուռքով «կոմպենսացնելու» փորձը ոչ միայն բարոյական չէ, այլեւ հերթական անիրատեսությունն է: 1920-ի հայությունը, բոլշեւիկյան շրջանի տեղահանությամբ ու սպանդով հանդերձ, ՀԽՍՀ-ում 1988-ին հնգապատկված էր, Ջավախքում ու Աբխազիայում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում՝ կրկնապատկված, դատարկված Նախիջեւանից ու մարող Դաշտային Ղարաբաղից հայության հոսքն ուղղված էր Երեւան, Բաքու եւ Հյուսիսային Կովկաս: Իսկ ի՞նչ եղավ կես միլիոնանոց լեհահայության, հնդկահայության, եվրոպահայության… հետ. նրանք վերացան եւ վերանում են: Չփորձենք մեծամտաբար համեմատվել աշխարհասփյուռ հրեաների ֆենոմենի հետ. հրեաներն իրենց մշակույթը քաղաքակրթության կարողացել են վերածել: Հայությունը, որպես այդպիսին, այսօր ապագա ունի միմիայն բնօրրանում՝ Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում, այսինքն՝ Կովկասում, եթե իհարկե մեր արկածախնդրությամբ չհայաթափենք դրանք եւս: Իսկ «երկքաղաքացիություն» կոչվածի թիկունքում թաքնվելը կա՛մ անմիտ նացիոնալ-ռոմանտիզմի, կա՛մ անձնական շահախնդրության, կա՛մ պետական անվտանգությունը եւս մի տեղից ճաքեցնելուն միտված հաշվարկի արդյունք է: Մեր մի քանի հարեւանները, 70 տարի լինելով քաղաքակրթական համաշխարհային արեւմտյան համակարգի մեջ, արդեն բավականաչափ ինտեգրվել են այնտեղ, ուր մտնելու տարտամ փորձեր է անում նաեւ երբեմնի համակարգերից մեկի հեղինակը՝ Ռուսաստանը: Չքննարկելով արեւմտականացման անխուսափելիությունը՝ արձանագրենք, որ հյուսիսից եկող, ուշացած եւ միջնորդավորված-ձեւախեղված «արեւմտականացումը» հղի է կորստաբեր վտանգներով: Նմանատիպ քաղաքական սխալ ընտրության նախադեպը կա. անխուսափելի քրիստոնեացումը, որ Հայաստան էր գալիս հարավից՝ քրիստոնեության հայրենիքից, մենք փոխեցինք Գրիգոր Պարթեւի՝ Հռոմից բերածով, որը մեզ արժեցավ նախընթաց հզոր մշակույթի իսպառ վերացում, աղավաղված մենթալություն եւ կորուստների 1700 տարի (ի դեպ, 1700 տարվա ընթացքում մենք, Կիլիկիան էլ հետը, ընդամենը 600 տարում պետություն ունեցանք, մինչդեռ, նախորդ հազարամյակների մեջ, իրար հետ վերցրած, դրա կեսի չափ պետականազրկություն չենք ունեցել): Նույնիսկ վերոնշյալներով հանդերձ՝ վիճակը թեեւ բավականին վերջնագծային, բայց անելանելի չէ: Իսկ ելքերը կարելի է հանգիստ գտնել՝ անկեղծ պատասխանելով մի քանի հարցի. – Մարդկության պատմության սկզբից ի վեր եղած կայսրություններից ո՞ր մեկն է որպես այդպիսին պահպանվել, վերակենդանացել, որ հավատանք, թե պիտի վերակենդանանա ռուսականը: – Իրո՞ք կարծում ենք, թե էլեկտրակայանները, գործարաններն ու Մեղրին Ռուսաստանին, բաշխիչ ցանցերը Ամերիկային, դիվանագիտությունը Եվրոպային, ԱրմենՏելը Հունաստանին, գազամուղը Իրանին… հանձնելով հնարավոր է սիրաշահել ու կաշառել բոլորին եւ դրանով երկրի անվտանգություն ապահովել. այդ դեպքում ինչո՞ւ ենք նեղանում դաշնակցականներից, որ նույն օրը մի պայմանագրով Հայաստանը հանձնեցին թուրքերին, մյուսով՝ ռուսներին: – Ինչո՞ւ ենք համոզված, որ հնարավոր է կռված-խռոված լինելով բոլոր կամ գրեթե բոլոր հարեւանների հետ՝ «տղա» բերել նրանց վրա, ու այդ «տղան» անպայման ապտակելու է մեր բոլոր կամ գրեթե բոլոր հարեւաններին: – Ծնողը կգերադասի իր երեխային տալ եղած մի կտոր սեւ հա՞ցը, թե՞, հրաժարվելով դրանից, նրան կկերակրի ապագայի վիրտուալ խորտիկներով. ինչո՞ւ ենք մենք մշտապես այդ խորտիկներն ընտրում, երբ խոսքը Հայրենիքին է վերաբերում: – Կարո՞ղ ենք տեսնել այն, որ Հայկական բարձրավանդակում ապրող ավելի քան 50 միլիոն մարդուց միայն 2 միլիոնն է հայ, Հարավային Կովկասում ապրող 13-14 միլիոնից՝ 2,5-ը, իսկ մի քանի հարյուր միլիոնանոց տարածաշրջանում մենք լավագույն դեպքում 3,5-4 միլիոն ենք: – Կարո՞ղ ենք ընդունել, որ պարսիկները, քրդերը, թուրքերը, վրացիները, արաբները եւ մյուսները եթե անգամ մեզնից խելոք չեն (դատելով նրանց տիրապետած հայրենիքների ծավալներից ու բարեկեցիկությունից), ապա այնքան էլ հիմար չեն: – Հնարավո՞ր է արդյոք ունենալ ապագա, երբ տանուլ է տրվում ներկան: Եթե պատասխաններում ինքներս մեզ չխաբեցինք, ապա բանալին, իրոք որ, գտնված է: ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել